Այս օրերին լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցը: 1992թ. հունիսի կեսերին ադրբեջանական զինված ուժերն ամբողջովին գրավեցին Շահումյանի շրջանը և զանգվածային ոճրագործությունների միջոցով այնտեղից դուրս մղեցին հայկական բնակչությանը: Ամբողջական էթնիկ զտումից հետո Ադրբեջանը վերաբնակեցրեց շուրջ երկու տասնյակ հայկական բնակավայրեր ունեցող տարածաշրջանը: Նույն ճակատագրին արժանացան Արցախի Մարտակերտի և Մարտունու այն հատվածները, որոնք օկուպացվեցին Ադրբեջանի կողմից:
Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Արցախի տարածքներում իրականացված էթնիկ զտումները և ադրբեջանցիներով այդ տարածքների հաջորդական վերաբնակեցումն այսօր էլ Ադրբեջանի ղեկավարությունը ներկայացնում է որպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման լավագույն տարբերակ: Այս իրողությունն առավել ևս ընդգծում են այն անվտանգության վտանգները, որոնց ենթարկվում է այսօր Արցախի ժողովուրդը:
Խստորեն դատապարտելով Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված զանգվածային ոճրագործությունները՝ մենք աջակցում ենք Շահումյանի, ինչպես նաև Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված հատվածների վերաբերյալ Արցախի իշխանությունների օրինական պահանջները:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ