Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդա Գրիգորյան. «Քաղաքապետը եկել, նստել է հների փաստաթղթերի վրա ու չի ուզում վերանայել դրանք»

Հունիս 13,2020 21:24

Այսօր Երեւանի ավագանու Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի ու Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստում քննարկվում էր Երեւանի 33-րդ, հանրությանն ավելի հայտնի՝ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման հարցը։

Ժամեր տեւած այս նիստի գրեթե ավարտին թեժ քննարկում եղավ, վիրավորանքներ եւ մեղադրանքներ հնչեցին:

Քննարկմանը հարցրերին պատասխանում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

Վավերագրող-ռեժիսոր Սեդա Գրիգորյանն իր ելույթում  ասաց՝ հեղափոխությունից հետո վարչապետի եւ մշակութային գործիչների հանդիպմանը Փաշինյանի հավաստիացումները, թե այլեւս հուշարձաններ չեն քանդվի եւ մշակույթը կլինի գերակա գործոն, դա ազդանշան էր, որ այլեւս հուշարձան պահպանելու համար փողոց դուրս չեն գալու, սակայն այսօր  19-րդ դարի հերթական շինությունն է քանդվել. «Այս երկու տարվա մեջ ձախողել ենք ստեղծել օրենքի եւ իրավականության հստակ դաշտ, որտեղ ամենը կանոնակարգված կլինեն, ձախողել ենք հստակեցնելու հուշարձանների ցանկը, գոտիավորման ծրագրի հարցը: Ես զարմանում եմ, որ այսօր քաղաքապետը մտնում է դահլիճ եւ ուսերը թոթվում ու ասում՝ ասելու բան չունեմ,  ես զարմանում եմ, որ քաղաքապետարանի խոսնակն այս մեկ շաբաթվա մեր հարցադրումներին պատասխանում է, որ որեւէ բան չեն ստորագրել եւ ասելու բան չունեն: Եթե սա է ձեր դիրքորոշումը, ապա ես մեղադրում եմ քաղաքապետարանին երկու տարվա հանցավոր անգործության մեջ, ես մեղադրում եմ բոլոր այն կառույցներին, որոնք անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկել, որպեսզի ունենայինք հստակ օրենսդրական դաշտ, կանոնակարգումներ՝ այս գործընթացների համար»:

Գրիգորյանը հիշեցրեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի՝ նիստում արած հայտարարությունը, ըստ որի Արմեն Ղուլարյանը հղումներ կատարեց 2006- 2018 թվականների գերակա շահերի որոշումներին, որոնք եղել են հեղափոխությունից առաջ. «Մենք այս երկու տարում չենք անդրադարձել այդ փաստաթղթերի իրավականությանը, որոնք կնքվել են հեղափոխությունից առաջ եւ քաղաքապետը եկել, նստել է հների  փաստաթղթերի վրա ու չի ուզում վերանայել դրանք: Նույնը տեսնում ենք քաղշինում, նույնը՝ կառավարությունում:  Եթե այսօր մեր պաշտոնյա գործընկերները, մեր ընկերները, ում հետ մենք միասին կանգնել ենք Աֆրիկյանների պատերի տակ եւ այսօր նրանց ձեռքերն ինչ-որ բանով կապված են, քաղհասարակությունը չի լռում, հիշեցնում է՝ մենք այստեղ անելիք ունենք»:

Նա  ասաց՝  եթե չկանոնակարգած դաշտի հետ գործ ունենք, ուրեմն պետք է այդ գործողությունները կասեցվեն, նոր կանոնակարգումից  հետո նոր առաջ շարժվել. «Պարոն Սիսեռյան, մենք միասին կանգնել ենք Աֆրիկյանների պատերի տակ, միասին նայել ենք, թե  ինչպես է ֆասադը քանդել «Գլենդել Հիլզը», որը խոստանում էր՝ քարերը հանելու եւ վերականգնելու է, որին դեմ էինք, իսկ այսօր այդ քարերը կիսաքանդ ընկած են «Գլենդել Հիլզի» ետնաբակում: Դուք հիմա մեզ վստահեցնում եք, որ այսօր այս դահլիճում ներկա կառուցապատողները կապ չունե՞ն «Գլենդել Հիլզի» հետ, բայց եթե դուք տեղյակ չեք, մենք կներկայացնենք փաստերը, փաստաբան Կարապետ Բադալյանը կարող է ներկայացնել «Գլենդել Հիլզի» տխրահռչակ կենսագործունեթյունը՝ սնանկանալու ու վերափոխվելու կանոնները: Չեմ հասկանում, ինչպե՞ս է հնարավոր, որ նախկինում մենք պայքարում էինք այդ նույն մարդկանցով ներկայացող կազմակեպության դեմ, իսկ այսօր պատրաստ եք նրանց հետ համագործակցել: Ինչպե՞ս եք համաձայնվում աղյուսը համարակալել ու տեղափոխել այլ տեղ»:

Սիսեռյանը պատասխանեց Գրիգորյանին, թե  վստահ չէ, որ Աֆրիկյանների տունը «Գլենդել Հիլզն» է քանդել.«Ես  չգիտեմ: «Գլենդել Հիլզի» սեփականատերը Վահե Յակուբյանն էր, իսկ նա չգտեմ՝ ի՞նչ սխեմաների մեջ է եղել, գիտեմ, որ սնանկացել  է, բայց դա իմ բանին մեջ չէ»:  Ֆիրդուսում, ըստ Սիսեռյանի, 53 հազար քառակուսի մետր տարածք իրացվել է, սեփականությունն անցել է տարբեր ներդրողներին. «70 միլիոն դոլարի ներդրում է եղել: Ես հասկանում եմ, որ ամեն ինչ չէ,  որ բիզնես է, պետք է միջանկյալ հավասարակշռված բան գտնել: Ընդունում եմ քննադատություններն ու առաջարկները: Ծրագիրը, չեմ կարծում, որ կարող ենք կասեցնել, այդպիսի ծայրահեղ որոշում կայացնել, բայց կարող ենք շարունակել բանակցել»:

Ապա Սիսեռյանն իր մանկության բակի օրինակը բերեց, ասաց՝ մեծացել է  Բեյրութում. «Բուրջհամուդում եմ մեծացել, որպես թաղամաս ինքը ընդհանուր արժեք է ներկայացնում, բայց ահավոր վատ թաղամաս է»:

Երբ Սիսեռյանը շեշտեց, որ Ֆիրդուսում բնակիչներին նոր իշխանությունը փոխհատուցել է, չեն եղել դեպքեր, որ մեկ քմ-ն  600-700 դոլարով իրացնեն:

Փաստաբան Կարապետ Բադալյանն էլ հարց ուղղեց՝  ինչո՞ւ, այսինքն՝ կոռուպցիոն ռիսկեր են եղել, որ մարդկանց ստիպել են այդ գնով համաձայնվել:

Սիսեռյանը Բադալյանին հորդորեց  այդ հարցերը համապատասխան մարմիններին դիմել: «Դուք համապատասխան մարմին եք, կառավարություն եք ներկայացնում, ասում եք՝ երաշխավորում ենք»,-արձագանքեց փաստաբանը: Նիստը վարողները Բադալյանին հորդորեցին տեղից չարձագանքել, սակայն Բադալյանը շարունակեց՝ հիմնավորելով՝ որպեսզի երկխոսություն լինի, այլ ոչ թե միակողմանի հայտարարություն, պետք է շարունակի. «Դա Բուրջհամուդը չէ, ես խնդրում եմ ժամանակ հատկացնել եւ պարոն Սիսեռյանը լսի, հետո հեռանա»:

Սիսեռյանը վրդովվեց՝ ի՞նչ է նշանակում՝ սա Բուրջհամուդ չի:

Նիստը վարողը ընդհատեց, քանի որ Սիսեռյանը պետք է գնար կառավարություն, նա  մինչ հեռանալը վստահեցրեց՝ պատրաստ է քննարկել ու լուծում տալ խնդիրներին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930