Օրեր առաջ դիմում եք ժողովրդին և շեշտում՝ «Ես հավատում եմ …, Ձեզ …, Ձեր …, ինքնակազմակերպում …, պատասխանատվություն, …այդ մեկը դու ես…»: Այսօր էլ հերթական լայվով համաճարակային իրավիճակի մասին եք խոսում, պատճառներն ու պատասխանատվությունը դնում դարերով պետական կարգի բացակայության և մարդկանց վրա:
Վերջին 2 շաբաթների գործելաոճը՝ դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու պարտադրանքը, վարչական լծակներով ու վարչարարությամբ քաղաքացիների ու բիզնեսի նկատմամբ պատասխանատվության միջոցների, սահմանափակումների ու արգելքների անօրինական կիրառումը նպաստում է տնտեսական վիճակի վատթարացմանը, սոցիալական լարվածության աճին: Նման գործելաոճը ընդամենը ժամանակի, ռեսուրսի վատնում է, որովհետև նշված գործողությունները հակահամաճարակային ներկա իրավիճակի և համաճարակի զարգացման փուլի նման ինտենսիվության պայմաններում կորցրել են իրենց նշանակությունն ու ազդեցությունը:
Վարակի դեմ պայքարի արդյունավետության գրավականը համաճարակի սանձման աքսիոման է՝ միշտ մեկ քայլ առաջ լինել հիվանդությունից, «սանձել» համաճարակը, այլ ոչ թե ընկնել հարուցչի հետևից: Իրականությունն այն է, որ Հայաստանը արդեն 5 ամիս վազում է վիրուսի հետևից և չի էլ հասնելու, որովհետև փաստացի զբաղվում են առավելապես վիրուսի հետևանքներով: Վաղուց և անվերադարձ բաց է թողնված կորոնավիրուսի մուտքը և տարածումը ժամանակին և արդյունավետ սահմանափակելու, դանդաղեցնելու հնարավորությունն ու իրատեսությունը (բնականաբար՝ վիրուսի ներթափանցումն ու տարածումը բացառելու մասին չէ խոսքը): Սոցիալական հեռավորությունն ու դիմակ կրելը, ջերմաչափելը կամ դրանք պարտադրելը՝ անկախ պարտադրանքի ձևից և բխող հետևանքներից, ոչ միայն ուշացած, այլև խիստ անբավարար միջոցներ կամ գործողություններ են, եթե փոխանցման գործոնի դեմ պայքարում գրեթե զրոյական է արտաքին միջավայրում վիրուսի վնասազերծումը և տարածման սահմանափակումը, խոսքը ախտահանությունների, ինչպես նաև վիրուսի տարածումը կանխող այլ գործողությունների, այդ թվում՝ սահմանափակումների մասին է:
Եթե գալիս եք Սևանից, ապա ճանապարհին մտեք Սևան քաղաք կամ այլ hամայնք, որը պարետի որոշմամբ «փակ է»: Իրականությունն այն է, որ Սևանը կամ այլ համայնքներ կորոնավիրուսի նկատմամբ անապահով են եղել պարետի որոշումից շաբաթներ առաջ, իսկ վաղուց ուշացած «փակի» տրամաբանությունը ոչ թե քաղաքի մուտքի և ելքի մոտ մի քանի ոստիկաններ, այն էլ ոչ մշտապես կանգնեցնելն է և նկարահանումը, այլև առնվազն քաղաք տանող մուտքի և ելքի ճանապարհներին կամ դրանց հարակից տարածքում իրական հսկիչ անցակետեր սարքավորելը, անցակետերում մուտքի և ելքի թույլտվություն ունեցող ցանկացած տրանսպորտային միջոցի ախտահանիչ ցողարկումը, անապահով բակում, կամ շենքում, կամ թաղում, կամ համայնքի այլ տեսակի տարածքներում քարտեզավորված իրական կարանտին ռեժիմի և սահմանափակումների սահմանումը, առհասարակ անապահով տարածքում մարդկանց և տրանսպորտի շարժի իրական և տրամաբանական սահմանափակումը, հասարակական նշանակության օբյեկտներում և տարածքներում կանխարգելիչ ախտահանությունն է, իսկ բազմահարկ շենքերում՝ գոնե մուտքերի և վերելակների հարկադիր պարբերական ախտահանությունը, որտեղ արձանագրվել են բնակիչների հիվանդացության դեպքեր:
Կարդացեք նաև
Նշվածից բացի, բազմաթիվ այլ անհրաժեշտ և տրամաբանական գործողությունները պետք է վաղուց մանրամասն քննարկված, կյանքի կոչելու համար դետալացված, դրական կամ բացասական տեսանկյուններից գնահատված լինեին և ամենակարևորը՝ թիրախավորված հսկողություն և հետևողականություն էր պետք դրանց պատշաճ իրականացման նկատմամբ:
Կորոնավիրուսի դեմ պայքարում իրականությունն առավել քան պարզ էր և հեշտ, որովհետև պետք էր հնարավորինս լիարժեք և հետևողական պայքարել համաճարակային պրոցեսի միայն մեկ օղակի՝ փոխանցման գործոնի դեմ, քանի որ մյուս 2 օղակների դեմ թիրախային և արդյունավետ պայքարի հարցը դեռևս լուծված չէ. խոսքը վիրուսի աղբյուր հանդիսացող աղբյուրի՝ հիվանդ կամ վարակակիր մարդու և զգայունակ օրգանիզմի մասին է՝ վարակի սպեցիֆիկ բուժման և իմունականխարգելման (պատվաստման) միջոցների բացակայության պատճառով:
Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի զարգացումներն ու իրականությունը թույլ են տալիս փաստել, որ վարակի ներթափանցումը և հիվանդացության դեպքերը սկսվել են վաղուց՝ 2020 թ. հունվարից կամ ավելի շուտ, արդեն վարակված են հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնց միայն չնչին տոկոսն է հայտնաբերվում թեստավորումների խիստ անբավարար քանակություններով: Թեստավորումները վաղուց կորցրել են համաճարակաբանական նշանակությունը և իմաստը, որի պայմաններում օր առաջ պետք է սկսել բնակչության իմուն մակարդակի բացահայտումն ու բնական վարակվածության արդյունքում ձևավորված իմունիտետի տևողությունն ու լարվածությունը գնահատող թեստավորումների բացառապես պետական միջոցներով ազգային ծրագրի իրականացումը (ինչը կբացահայտի հանրության շրջանում մարդկանց վարակվածության իրական ժամկետները, ծավալները, իմունիտետի ձևավորման, տևողության և լարվածության պատկերը), որի համար է պետք առաջնահերթ օգնություն և աջակցություն հայցելը:
Համաճարակային անապահով և անբարենպաստ կանխատեսմամբ նման իրավիճակում ձեռնարկվող գործողություններն ու խստացումները, սահմանափակումները հանգեցնում են այն վիճակին, որ պատվաստանյութի բացակայության իրականությունում Հայաստանի բնակչությունը վարակվում է և շարունակելու է վարակվել ժամանակային մեծ՝ մի քանի ամսվա կամ տարվա տարբերությամբ, հետևաբար համաճարակային պրոցեսի կառավարման և տարածման սահմանափակման երաշխիք հանդիսացող պոպուլյացիոն բնական իմունիտետը՝ իր տևողությամբ և լարվածությամբ, ձևավորվելու է և կշարունակվի խիստ տարբեր ժամանակահատվածներում:
Ի՞նչ է սա նշանակում, այն, որ, մինչև արդյունավետ պատվաստանյութի ստեղծումն ու կիրարկումը, դիտավորյալ կամ չգիտակցված՝ Հայաստանը ներքաշվում է կորոնավիրուսի համաճարակային մշտական շրջապտույտի մեջ, որովհետև հեռանկարում ցանկացած ժամանակահատվածում լինելու են ոչ միայն տարբեր ժամանակ վարակված, հետևաբար իմունիտետի տարբեր տևողությամբ և լարվածությամբ, այլև դեռևս չվարակված բնակչության ստվար զանգվածներ, ինչը համաճարակի դեմ պայքարում, ինչպես նաև հետագայում արհեստական կամ բնական իմունային կայուն ֆոն՝ մակարդակ ապահովելու կենսական անհրաժեշտության գերակա խնդրում ուղղակի հակացուցված է, որի պայմաններում մշտապես լինելու է վիճակ, երբ անխուսափելիորեն երաշխավորված է պարբերաբար և տարբեր ժամանակահատվածներում վարակի նոր զանգվածային բռնկումների դրսևորումները՝ դրանից բխող առողջապահական, սոցիալական և տնտեսական հետևանքներով:
Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է ցմահ մնա արտակարգ դրությունում, որը հենց սկզբից էլ չունեցավ նպատակային էական ազդեցություն, իսկ եթե նույնիսկ ունեցել է, ապա վաղուց կորցրել է համաճարակային իմաստն ու նշանակությունը, հետևաբար քաղաքական, սոցիալ-տնտեսական, արտաքին և ներքին քաղաքականության, հանրային կառավարման, առողջապահական և այլ տեսանկյուններից՝ հանրության համար լրջագույն փաստարկված հիմնավորումներով ապացուցման կարիք ունի արտակարգ իրավիճակի լինելիության իրատեսությունն ու տրամաբանությունը:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ