Հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Այս մասին պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց՝ վարչական միջոցներ են գործադրելու, քանի որ կան շատ քաղաքացիներ, որոնք չեն պահպանում կանոնները: Բացի այս, ըստ Փաշինյանի, լուրեր են շրջանառվում, թե հակահամաճարակային կանոնները խախտելու համար կիրառված տուգանքները չեղարկվելու են. «Այդ հույսերն իզուր են, չեն չեղարկվելու, չնայած մեր խնդիրը տուգանելը չէ, այլ քաղաքացիներին քաջալերելը, որպեսզի պահպանեն կանոնները»:
Հակահամաճարակային կանոնների պահպանումը հսկող քաղաքացիական հագուստով ոստիկանները, ինչպես վստահեցրեց Փաշինյանը, անձամբ գործողություններ չեն իրականացնի, նրանք կհրավիրեն մոտակայքում գտնվող կարգախմբերին, որոնք էլ կկիրառեն վարչական պատասխանատվության ենթարկելու մեթոդները:
Փաշինյանն ասաց՝ հակահամաճարակային շարժման ակտիվիստների թիվն ավելանում է, նա կոչ արեց շարժմանը ներգրավված քաղաքացիներին շարունակել արձանագրել խախտումներն ու զանգահարել ոստիկանությունը:
Կարդացեք նաև
Փաշինյանը հիշեցրեց՝ երեկ կրկին կորոնավիրուսային հիվանդացության մեծ թիվ է գրանցվել՝ 723 նոր դեպք, մահերը՝ 6, 442-ը՝ բուժվածներ: Երեկ, ըստ Փաշինյանի, աննախադեպ թվով թեստավորում է եղել՝ 2444:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վիրուսը տարածվում է, ինչպես հայտարարեց վարչապետը, նույն կամ մոտակա հասցեներում. «Վարակի տարածման աղբյուրը նույն տարածքն է: Սա նշանակում է, որ հիմա վարակը տարածվում է բակերում, նույն թաղամասերում: Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացում՝ թույլ չտալով բակերում հակահամաճարակային կանոնների խախտումներ»:
Մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1021469988270899/
Նելլի ԲԱԲԱՅԱՆ