Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր են Ֆիրդուսի թաղամասի կառուցապատողները, ինչպես է բաշխվել տարածքը ՍՊԸ-ներին. պարզաբանում է Վարագ Սիսեռյանը

Հունիս 13,2020 18:07

Այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում քննարկվում էր 33-րդ կամ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման եւ աղյուսաշեն շենքի քանդման հարցը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանից հետաքրքրվեց՝  արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ նշված թաղամասում, թեեւ որպես կառուցապատող մի քանի ընկերություններ են, բայց դրանք իրականում կոորդինացվում են մեկ աղբյուրից եւ մեկ շահառուի մասին է խոսքը, այդ ՍՊԸ-ներն էլ նույնաբովանդակ անուն ունեն՝ «Մուշ» ՍՊԸ, «Արդահան» ՍՊԸ եւ այլն: Առաքելյանը նաեւ մտահոգություն հայտնեց՝ այնպես չլինի, որ կրկնվի «Գլենդել Հիլզ»-ի պատմությունը:

«Մենք այս ամենը համակարգում ենք, որպեսզի չունենանք նոր գլենդելհիլզեր, ես բավականին ծանոթ եմ այդ խնդիրներին, երաշխավորում եմ, որ այստեղ նման խնդիրներ չեն լինելու: Մենք տեսել ենք բոլորի ֆինանսական կարողությունները, վստահելի ներդրողներ են, որոնք տարիներ շարունակ շինարարությամբ են զբաղվել, կարող ենք անունները հրապարակել»,-պատասխանեց Սիսեռյանը: Ինչ վերաբերում է ՍՊԸ-ներին, Սիսեռյանը վստահեցրեց՝ դա իրականում տեխնիկական հարց է. «ՍՊԸ-ներով են 19 լոտերը բաժանվել՝ կառավարության որոշմամբ, այդ տարածքները կտրվել են տարբեր ՍՊԸ-ների տակ, եւ դրանք, այո՛, հիմնվել են մեկ անձի կողմից, մենք համակարգել ենք այդ ամբողջ ընթացքը: Դա մինչեւ մեր  գալն է եղել:  Հետո մենք հասկացել ենք լուծումը, այսինքն, այդ  լոտերը դրվել են ՍՊԸ-ների տակ եւ դրա տակ գնվող հողերը վաճառվել են ներդրողին, մեկ ներդրող չէ: Իրացված տարածքների վկայականները տրվել են այդ ՍՊԸ-ներին»:

«Իմ քայլ»-ից Գրիգոր Երիցյանն էլ հետաքրքրվեց՝ քանի՞ ներդրողի են վաճառվել լոտերը,  արդյոք դրանք որեւէ կապ ունեն կամ փոխկապակցված են «Գլենդել Հիլզ»- հետ, որի ներկայացուցիչը դահլիճում է: «Գլենդել Հիլզ»-ը կապ չունի, այն սնանկացած ընկերություն է, սեփականատերը Վահե Յակուբյանն էր: Այս նոր ընկերությունը ՝ պարոն Մելիքյանի ընկերությունը «Դիանառ» ՓԲԸ-ն, կապ չունի ներդրողների հետ, այն կապալառուն է: Ինքը  գործընթացն է առաջ տանում՝ մեր վերահսկողությամբ, իրացումներն է կատարել: Իրենք են կատարել լոտերի բաժանումը, նախագծերի հետ կապված հարցերը, բնակիչների հետ կապված հարցերը, ՍՊԸ-ներն է հիմնել է, հողերը դրել ՍՊԸ-ների տակ եւ ներդրողներին վաճառել, ամբողջն ինքն է արել: ՍՊԸ-ները հիմնադրվել է մեկ ընկերության կողմից»,-պատասխանեց Սիսեռյանը: Նա խոստացավ բոլոր ներդրողների ցանկը հրապարակել:

Այս պահին 9-10 ներդրող կա, նրանցից կան մեկ-երկուսը, որ ցանկացել են մեկ լոտից ավելին վերցնել, մեկ լոտի համար բանակցություն է գնում, որպեսզի, ըստ Սիսեռյանի, նոր ներդրողը վերցնի:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանն էլ դիմեց Սիսեռյանին. «Իմ խնդրանքն է բոլոր պատասխանատուներին՝ նախորդ իշխանության կազմած ցանկերը չունենաք ձեզ համար որպես ուղենիշ, որովհետեւ այդ ցանկերը կազմել են մարդիկ, որոնք քանդել են Աֆրիկյանների տունը եւ սեփականացրել են մանկապարտեզներն ու վաճառել են: Բոլոր շենքերին անհատական մոտեցում ցուցաբերեք, գիշերով  քանդման աշխատանքներ մի՛ արեք, կասկածի տեղիք մի՛ տվեք»:

Սիսեռյանը վստահեցրեց՝ այո, նման բան չպետք է կատարվի, վստահեցնում եմ՝ գիշերով քանդումներ չեն լինի:  Նա հավելեց՝  տարածքում դեռ բնակվողներ կան, բանակցությունները շարունակվում է, նրանց կամ գումար կամ բնակարան է առաջարկվում:

Հարցին՝ ինչո՞ւ է  Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ, Հյուսիսային պողոտայի նախագծի հեղինակ  Նարեկ Սարգսյանը ներգրավված աշխատանքային խմբում, Սիսեռյանը պատասխանեց.«Որովհետեւ այդ նախագծի հեղինակներից մեկն է, եւ մանրամասներին է տիրապետում, բայց Նարեկ Սարգսյանն այդ խմբում որոշում կայացնող չէ»:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ հավելեց՝ Նարեկ Սարգսյանը  կոնցեպտի հեղինակն է. «Այսօր բոլոր լոտերի համար համար կան առանձին նախագծային խմբեր եւ բոլորն ունեն իրենց ճարտարապետական խմբերը, որոնք աշխատում են նախագծի վրա»: Ղուլարյանը վստահեցրեց՝ այս նախագծում ներգրավված լինելով եւ այն ժամանակ քաղաքաշինության նախարար լինելով՝ շահերի բախում չի եղել եւ չկա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930