Մեկ տարի առաջ հիմնադրված «Գինու արվեստ» ընկերությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով տրվող հակաճգնաժամային պետական աջակցության ոչ մի ծրագրից հնարավորություն չունեցավ օգտվելու: «Տարեկան շրջանառությունը քիչ է: Բնական է, մեկ տարվա ընկերություն ենք, եւ մեր արտադրանքը դեռ չի հասցրել շուկա գրավել»,-ասում է ընկերության հիմնադիր Տիգրան Ավագյանը` ավելացնելով, որ համավարակի պատճառով մի քանի ծրագիր չեղարկվեց:
«Արմատներով սասունցի եմ, չեմ ընկճվում, չեմ հանձնվում: Երկու կանոնով եմ առաջնորդվում` առաջինը՝ երբեք չընկճվել, երկրորդը` միշտ հետեւել առաջին կանոնին»,-ասում է Տիգրանը:
Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղից է, մանկությունը անցել է խաղողի այգիներում: Պապը կոլտնտեսության նախագահ է եղել ու հսկայական այգիներ կային «կոլխոզի նախագահի» իրավասության ներքո: Կոնսերվատորիայի ժողերգի բաժինն է ավարտել ու անշարժ գույքի կառավարման մասնագետ է, գինեգործությունը հետո սովորեց, որը դարձավ իր երրորդ մասնագիտությունը: Գինի արարելու գաղափարը հայրն է տվել, որը նաեւ գինի արտադրող որդու խորհրդատուն է: Ավագյանին աջակցում է նաեւ գինեգործության ոլորտում փորձառու մասնագետ Գարուշ Սամվելյանը, որն իր անգնահատելի ու արհեստավարժ խորհուրդներով մշտապես Տիգրանի կողքին է: Գինի արտադրելուց սիրում է երգել աշուղական եւ գեղջակական երգեր: Չի թաքցնում՝ երգում է նաեւ գինովցած ժամանակ: Էրգրի երգերն է շատ սիրում ու հենց Էրգրի գաղափարախոսությունն է նրան քաջալերել սեփական բիզնես սկսելու հարցում:
Կարդացեք նաև
«Էրգրի կանչն ու այն, որ պետք է կառչել քո հողից ու արմատները խորացնել, ինձ ուժ տվեցին սկսելու գործը»,-ասում է Տիգրանը՝ ավելացնելով, որ փնտրտուքների մեջ է: Ցանկություն ունի պեղել ու գտնել պապերի հայրենիքում աճող խաղողի մոռացված տեսակներն ու վերամշակել այստեղ` Արեւելյան Հայաստանում: Հիմա այգիներն Արագածոտնի ու Արմավիրի մարզում են: Մեկ հեկտար մշակում են, 4 հեկտար՝ այգուց առնում, 2 հեկտարի չափով նոր այգու ստեղծման աշխատանքներ են սկսել: Փոքրիկ արտադրամասը Երեւանում է: Հայրենի գյուղում գործարանի շինարարությունը ֆինանսական խնդիրների պատճառով ժամանակավորապես դադարեցրել են: «Մեծ գործարան է լինելու` 350 քմ շինություններով, ընդհանուր 4000 քմ տարածքով, կից ենթակառույցներով, մառանով»,-ապագայի ծրագրերին անդրադառնում է Տիգրանը:
Հիմա միայն մեկ ապրաքանիշ ունեն շուկայում, որը տարբերվում է իր առանձնահատկությամբ եւ գույնով: Ըստ մեր զրուցակցի՝ գինու արտադրման պրոցեսում չեն կիրառում խմորիչներ, հավելումներ ու սուլֆիտներ:
Այս տարվա փետրվարին ապրանքանիշը առաջին անգամ մասնակցել է Ֆրանսիայում կայացած միջազգային “Wine Paris 2020” էքսպոյին ու արդեն քմահաճ ֆրանսիացների քիմքին հաճո է սուտակե գինին, որը վաճառվում է նորաձեւության կենտրոնում:
Բնավորությամբ անհանգիստ գործարարը չի շտապում` համոզված է, որ մոտ ապագայում «Գինու արվեստ»-ի նոր տեսականին կգրավի աշխարհը։ Նշենք, որ կարմիր գինուց զատ նաև սպիտակ գինի են արտադրելու: «Միայն այն դեպքում, երբ գնում ես նպատակիդ հետեւից ու չես վարանում, անպայման կհաջողես։ Գինեգործությունը ապրելակերպ է, աստվածային խմիչք է գինին եւ հայոց քաղցրահամ ջրերով օծված հայոց քարահող խաղողի այգում քարին ծիլ տված պտղի կաթիլը ուժ ու զորություն ունի իր մեջ, որ ստիպում է կառչել հայրենի հողից եւ արարել», -եզրափակում է գինեգործ երգիչը:
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ