Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Այնպիսի տպավորություն էր, որ այդ մարդիկ քայլում են դեպի վերակենդանացման բաժանմունք»

Հունիս 13,2020 14:35

«Կորոնավիրուսի հետ մեր գործերը լավ չեն»,-այսօր ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: նա ներկայացրեց կորոնավիրուսային հիվանդացության նոր ցուցանիշերը` երեկ հաստատվել է կորոնավիրուսի 723 նոր դեպք, մահերը՝ 6, 442-ը՝ բուժվածներ:

«Պիտի անկեղծ ասեմ՝ դառնմացած եմ, ոչ միայն այս թվերի հետ կապված: Այսօր աշխատանքի եմ եկել Սեւանից, եւ ճանապարհին, նույնիսկ մեքենայի պատուհանից երեւում էր, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել հակահամաճարակային կանոնները, ամենատարածվածը՝ դիմակ չկրելն է:
Խնդիրը դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից: Մեր հանրային վարքագիծը այլ տեսակետից փորձենք հասկանալ. փողոցում տեսնում էի քայլող մարդկանց, նախորդ օրերին եղել եմ Նորքի ինֆեկցիոն ու Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոններում, վերակենդանացման բաժանմունքներում:  Եվ այսօր փողոցում քայլող մարդկանց էի տեսնում, այնպիսի տպավորություն էր, որ այդ մարդիկ քայլում են դեպի վերակենդանացման բաժանմունք: Ուզում էի կանգնել, մոտենալ ու ասել՝ հարգելիս, ո՞ւր ես գնում, կա՛նգ առեք, ժոովուրդ ջան, սենց մենք գնում ենք դեպի շատ-շատ վատ տեղ»,-ասաց վարչապետը:

Ըստ Փաշինյանի, այս խնդիրն արդեն կորոնավիրուսի հետ կապված չէ, այս խնդիրը պետք է հասկանանք հանրային, ազգային հոգեբանական շերտերի մեջ. «Ես եկել եմ այն հետեւությանը, սա վարկած է, գուցե սխալվեմ, այս ամենը մեր հավաքական վերաբերմունքն է պետական կարգի նկատմամբ: Պիտի արձանագրեմ, որ մենք մոտ 600 տարի պետականություն չենք ունեցել, եւ պետական կարգը մեզ համար միշտ եղել է օտար,  հարյուրամյակներով մեզ համար պետական կարգը եղել է օտարածին, օտարից պարտադրված ինչ-որ բան՝ պարսկական,  թուրքական, ռուսական կայսրություն, Սովետական միություն»:  Ըստ Փաշինյանի, այսպես հարյուրամյակներով հայ ժողովրդին պարտադրվել է պետական կարգ՝ մեր կամքին հակառակ, եւ Փաշինյանի վերլուծությամբ, մեր ենթագիտակցության մեջ պետական կարգն ասոցացվել է բռնության հետ, այսպես հաճախ եղել է նաեւ 3-րդ հանրապետության ժամանակ, այդպիսով հանրությունը պետական կարգն ընկալել է որպես իրեն ազատությունից զրկելու գործիք:

Փաշինյանի մեկնաբանությամբ․ «2018 թվականի հեղափոխությունը մեզ բերել է ազատություն, ու քանի որ պետական կարգը մեր ենթագիտակցության մեջ միշտ հակոտնյա է եղել մեր ազատությանը, հիմա, այս ճգնաժամային իրավիճակում, պետական կարգ, որը  տվյալ դեպքում, նկատի ունեմ դիմակ եւ այլն, ասոցացվում է որպես մեզ ազատությունից զրկելու հերթական փորձ: Հիմա այն պետական կարգը, որի նպատակը մեզ, մեր ազատությունը պաշտպանելն է, մեր ենթագիտակցության մեջ չկա պետական կարգ, որի նպատակը կլինի ազատությունը պաշտպանելը: Եվ հետեւաբար ես չեմ կարող ուրիշ բացատրություն տալ էն ամեն ինչին, ինչ որ տեղի ա ունենում»:

Վարչապետն ասաց՝ հեղափոխությունն ազատագրել է հանրությանը, մեր պետականության համար շատ կարեւոր, շրջադարձային պահ է հիմա, որպեսզի  հանրությունն իր կամքով ստեղծի կարգ, եւ ենթագիտակցությունից պետք է ջնջի պետականազրկության ամբողջ տեղեկատվական ֆայլերը. «Մենք մեր պատմության մեջ երբեք կարգ չենք հաստատել մեր կամքով, եւ կարգը երբեք չի եղել մեր կամքի արտահայտություն: Սա է մեր այսօրվա իրավիճակի հոգեբանական պատճառը»:

Հիմա, ըստ վարչապետի, հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ կա հանրային  կամքով կարգ ստեղծելու հնարավորություն. «Սա պատմական պահ է, առաքելություն, որը կարող է պատմականորեն լինի կործանարար եւ կարող է  պատմականորեն լինել հզորացնող»:

Փաշինյանի խոսքերով. «Քաղաքացիները պետք է կամք հաստատեն, եւ յուրաքանչյուրը պետք է պահպանի կանոններն ու կարգը՝ նույնը պահանջելով եւ խնդրելով ուրիշից ՝ խնդրելով, պահանջելով, պարտադրելով, այնպիսի միջավայր ստեղծելով, որ կարգը չկատարելը լինի «ամոթի պես մի բան, որ կարգը չկատարողը իրան զգա որպես «իզգոյ», կներեք, կոպիտ բառ ասացի,  սա հոգեբանական շերտ է, եւ կարգը չկարտարողը զգա  իրեն օտարված հանրային համակեցության կանոններով եւ դրանով մոտիվացիա ունենա վերադառնալ հանրության կարգի անբաժանելի հատված»:

Ըստ Փաշինյանի, մեր երկարատեւ պատմության ընթացքում, փոքր դրվագներն ու բացառությունները հաշվի չառնելով, պետական մակարդակից երբեք ճշմարտություն չի հնչել, հնչած տեղեկությունը ասոցացվել է ստի, խաբեության, իրականությունից շեղելու հետ, հետեւաբար ավելի հավաստի տեղեկատվության աղբյուր է համարվել այն, ինը չի տեղավորվել պաշտոնական հաղորդագրության տրամաբանության մեջ ՝ բամբասանքը, «բիսետկայի խոսակցությունները»,  «ծանոթիս ծանոթը այսինչ բանն է ասել եւ դա  ավելի հավաստի է եղել իրենց համար:

Փաշինյանն ասաց, որ բոլորին էլ պարզ է, որ կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական աղբյուրների տված տեղեկատվությունը ճիշտ է, բայց այս հոգեբանական դիմադրությունը շարունակում է գոյություն ունենալ պաշտոնական մակարդակից հնչածին, որ ծանոթի ծանոթը գիտի՝ կորոնավիրուս չկա, կամ կեղծ է, եւ դա ավելի հավաստի է, քան հարյուրավոր մահերի մասին պաշտոնական տեղեկատվությունը, քան հազարավոր վարակվածների մասին տեղեկատվությունը, չնայած որ ներքուստ գիտի, որ ճշմարտությունը պաշտոնականն է, բայց ինքը ներքուստ գենետիկ դիմադրություն ունի. «Սա այդ օտար, օտար կարգ, օտար պետականության հիշողությունն է, որն այսօր մեր մեջ, այս ճգնաժամի մեջ, այս վիրուսը բորբոքել է  մեր մեջ այս օտար պետականության հիշողությունը: Կամ էլ, ես չգիտեմ, կամ էլ ուրիշ, ավելի վատ վարկած՝ մեր սեփական պետականության ընկալումը դեռ մեր մոտ այդքան չի արմատացել եւ իսկապես, սա ամենամեծ խնդիրն է, սա ճշմարտություն է, որ մեր իրականության մեջ կարգը երբեք մեր կամքով չի հաստատվել»: Փաշինյանը պետական կարգի նոր բանաձեւ ներկայացրեց՝ կարգը պետք է բխի մեր կամքից, եւ սա պետք է ներդնենք մեր գենետիկ հիշողության մեջ:

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1434281156753978/?__xts__[0]=68.ARCFpWY2_uikrPl65q8eT6dLxN0w5qrLnMCkNnfWGZJN5n55HFln124SrMbN1oT1sd2yfiMUkJ-nDnd4sPJypLyEMMS8Z8DYdqDfEMlwIEjLXdETHjSJsosDVnqDjJOCDNnTUDuB4XNumPi6jtgZ7ebUs8OINZZcrGQI7dLF9MKxjFiNBxR8UlHcxJd8M1oXrS25u76ODT0Nu9d6SP54KKg9t0m–FRnFqRqnrYGhRtFtZ-z3QF8si594WdqT2XfwZqC1eb4Nb4gdM7vLdYe2LgsZ3ZMb2QvtV-zDoLs-SEPCS2o1F74Z62zJUJZs9qEyNX6tK3gdFoSBnkER92IvGqP6WsbrmYI1-OL8Zq0&__tn__=-R

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930