Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ինչո՞ւ է Հայաստանը միացել հակաչինական ալիանսին։
ԱՄՆ-Չինաստան «սառը պատերազմը» ոչ միայն նոր թափ է հավաքում, այլ հետկորոնավիրուսային աշխարհում ավելի է ակտիվանալու: Որպես գլոբալ գերտերություն, ԱՄՆ-ն փորձելու է ամեն կերպ զսպել չինական առաջընթացը: Նման զսպման մեխանիզմներից է նաև Կրոնական ազատության ալիանսը, որը ձևավորվել է բոլորովին վերջերս:
Ինչու եմ կարծում, որ Ալիանսը հակաչինական է.
Կարդացեք նաև
Եկող հայտարարություններից արդեն իսկ պարզ է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Չինաստանը գտնվի Ալիանսի թիրախում:
Դա են վկայում պետքարտուղար Պոմպեոյի այնպիսի հայտարարությունները, ինչպիսիք են. «Ղազախստանում ես հանդիպեցի Չինական Կոմունիստական կուսակցության կողմից Սինցզյանում ձերբակալված էթնիկ ղազախների ընտանիքներին», կամ «մենք դատապարտում ենք Չինաստանի Կոմունիստական կուսակցության թշնամանքը բոլոր հավատքների նկատմամբ: Մենք գիտենք, որ ձեզանից մի քանիսը քաջաբար ետ են մղել չինական ճնշումները՝ համաձայնելով մաս կազմել այս Ալիանսին, և մենք շնորհակալություն ենք հայտնում դրա համար»:
2019-ի սեպտեմբերին պետքարտուղարի տեղակալ Սալլիվանը փակ քննարկում էր կազմակերպել ՄԱԿ-ում`«Մարդու իրավունքների ճգնաժամ Սինցզյանում» թեմայով: Ըստ հաղորդագրության «Միջոցառմանը ներկայացվեցին Չինաստանի դաժան զոհերի խորապես անձնական պատմությունները բռնաճնշումների քարոզարշավ ընդդեմ ուիգուրների, էթնիկ ղազախների, էթնիկ ղրղզների և այլ մահմեդական անձանց դեմ: Չինաստանի բռնաճնշումների արշավը, ի թիվս այլ իրավախախտումների, ներառում է զանգվածային կալանքներ և 2017 թ. ի վեր ճամբարներում արդեն իսկ կան շուրջ մեկ միլիոն կալանավորված: Փոխպետքարտուղարը ողջունեց բոլոր այն գործընկերներին, որոնք միանում են Չինաստանին ուղղվող կոչին՝ վերջ տալու մարդկանց դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքին Սինցզյանում»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ:
Արդեն իսկ ակնհայտ է, որ սա երկու գերտերության մարտի դաշտերից մեկն է ու հեչ ակնհայտ չէ, թե Հայաստանը կոնկրետ ինչ շահ է ունեցել Ալիանսին միանալու համար:
Մեր արտաքին քաղաքականության անհեռատեսությունը համեմեմ այն հանգամանքով, որ 2020-ի նոյեմբերին, եթե Թրամփը պարտվի, ապա այս Ալիանսի ապագան մշուշոտ է դառնում: Ինչո՞ւ էր ընդհանրապես պետք մինչև նոյեմբեր «ափալ-թափալ» մեզ «մեջ գցել» գիգանտների մեծ կռվի մեջ ու չինացիների հետ լարվել: Լարվում էիք, գոնե նոյեմբերից հետո լարվեինք, որ դիմացներդ 4 տարի «երաշխավորված» ակնկալիք ունենայիք:
Եվ դեսերտը, Ռուսաստանի դիրքորոշումը. «Կրոնական ազատությունը ալիանսը, որը ստեղծել է Միացյալ Նահանգները, կարող է պարտադրել ամերիկյան արժեքները ամբողջ աշխարհին և դաշինքի կողմից արված ազատության մակարդակի գնահատականները կլինեն քաղաքականացված, քանի որ սա կրոնական միավորում չէ»:
https://www.facebook.com/sargsyansuren/posts/10158504082680421