Լրահոս
Օրվա լրահոսը

Համընդհանուր հայտարարագրումը վերաբերելու է բոլորին․ «Ազգ»

Հունիս 13,2020 11:45

Առանց դատարանի որոշման գույքի բռնագանձումից, բանկային գաղտնիքի բացահայտումից, գույքահարակի բազմակի բարձրացումից հետո, կորոնավիրուսի մոլեգնման, տնտեսական ճգնաժամի խորացման, սոցիալական վիճակի աղետալի անկման պայմաններում վարչապետ Փաշինյանը որոշել է կյանքի կոչել իր այս` ըստ էության մարդկանց գրպանները մտնելու գաղափարը:

Ընդ որում, այս անգամ անհնար է դա բացատրել «ունեւորներին հարկելու» կամ «թալանը հետ բերելու» արդարացումներով: Բանն այն է, որ «Հանրային ծառայության մասին» դեռեւս 2011 թ.-ին ընդունված օրենքով արդեն իսկ սահմանված են «Բարձրաստիճան պաշտոնատար եւ նրանց փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման պարտավորությունները (հոդված 32)»: Հետեւաբար համընդհանուր հայտարարագրումը վերաբերելու է մնացած բոլորին: Այսինքն, նրանց, ովքեր չունեն չհայտարարագրված թանկ գույք կամ բարձր եկամուտներ` սոցիալապես անապահով կամ նվազագույն եկամուտներով ապրողներին:

Եկամուտների մասին հայտարարագիր պետք է ներկայացնեն, օրինակ գործարքային աշխատանք կատարող անձինք` շինարարներ, ներկարարներ, արհեստավորներ, անհատական տաքսի վարողներ, անհատական բեռանփոխադրում իրականացնողներ ու բեռնակիրներ, այս կամ այն առարկայի մասնավոր դասեր տվողներ, ծրագրային եւ այլ համակարգչային պատվերներ տանից կատարողներ, հուշանվերներ պատրաստողներ, անգամ հարկումից ազատված գյուղատնտեսության մեջ զբաղվածներ եւ այլն: Նրանց բոլորի եկամուտների մասին իշխանությունը արդեն տեղեկացված է լինելու եւ եթե հանկարծ կատարեն մի ծախս, որը կարող է արտասովոր թվալ, նրանք անմիջապես հայտնվելու են հարկային մամլիչի տակ: Առավել եւս, եթե որեւէ մեկը փորձի հակաիշխանական տեսակետեր արտահայտել կամ գործողություններ կատարել, ապա նրա հայտարարագրած եկամուտներն անմիջապես կդառնան պետական համապատասխան գործողության պատճառ: Այսինքն, այս նախաձեռնությունը նաեւ քաղաքական հետապնդումների համար հիմք է ստեղծում:

Ինչ մնում է այս օրենքի սկզբնական անվանմանը՝ «խոպանչիներին հարկելուն», ապա առնվազն անհեթեթ է, երբ այլ պետությունում աշխատած եւ հարազատներին փոխանցած գումարը մեր կառավարությունը ցանկանում է հարկել: Եթե օրինակ 2019 թ.-ին Հայաստան իրենց հարազատներին ուղարկված գրեթե 2 մլրդ դոլարը հարկվեր 23 տոկոս եկամտային հարկով, ապա դա կկազմեր մոտ 460 մլն դոլար:

Ներկա ճգնաժամային վիճակում այլ երկրից իրենց հարազատներին օգնողներին եւ մեր պետության սոցիալական բեռը փաստացի թեթեւացնողներին աջակցելու եւ խրախուսելու փոխարեն, կառավարությունը փաստորեն ցանկանում է նրանցից գումարներ գանձել: Հետաքրքրական է՝ ինչո՞ւ: Գուցե դժվարացել է պետական բարձրաստիճան պաշտոնյաներին եւ պետական համակարգին աստղաբաշխական պարգեւավճարներ տրամադրելը, եւ այդ հարցը վարչապետը ցանկանում է լուծել դրսում ապրող մեր հայրենակիցերի հաշվի՞ն:

Թե ինչպիսին կլինեն այս նախաձեռնության կյանքի կոչման հետեւանքները, գուցե վարչապետին ու նրա կառավարությանն այնքան էլ չի հետաքրքրում: Մինչդեռ, դրանք բացասական կլինեն մի շարք առումներով:

1. Մարդիկ կսկսեն գումարներ ուղարկել, շրջանցելով բանկերը: Դա կվնասի եւ կորուստներ կպատճառի բանկային համակարգին:

2. Մասնավոր փոխանցումները կսկսեն նվազել: Ինչը նշանակում է, որ կնվազեն Հայաստան մտնող գումարները, ինչն էլ կնպաստի տնտեսական անկման խորացմանը:

3. Ի վերջո, եթե համընդհանուր հայտարարագրումը կյանքի կոչվի, արտերկրում ավելի բարենպաստ վիճակում գտնվողները Հայաստանում բնակվող իրենց հարազատներին կտանեն այն երկիր, որտեղ բնակվում եւ աշխատում են: Այսինքն, սա նաեւ կխթանի արտագաղթը:

Հույս չունենք, որ այս ամենը կառավարությունը հաշվի կառնի եւ հետ կկանգնի հերթական վտանգավոր եւ վնասարար նախագծից: Ներկայիս կառավարության ղեկավարը սեւեռված մտքերից հետ չի կանգնում:

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930