Վերջին տարիներին հաճախակի մասնակցելով Զախարովայի կազմակերպած ասուլիսներին եւ տեւական ժամանակ մոտիկից հետեւելով նրա ծանրաբեռնված գրաֆիկին ու բուռն իրադարձություններով հագեցած գործունեությանը` կարող եմ փաստել, որ մշտապես զգացել եմ միջազգային եւ տարածաշրջանային հարցերից քաջատեղյակ ու բանիմաց այս խելացի, բարեկիրթ եւ գեղեցկատես կնոջ համակրանքն ու ջերմ վերաբերմունքը մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ:
Համոզմունքս ավելի ամրապնդվեց, երբ այդ օրը, իր մեկ ժամից ավելի տեւած թեմատիկ-վերլուծական ելույթից հետո, հերթական անգամ հարց ուղղեցի նրան. «Հարգելի Մարիա Զախարովա, նախ թույլ տվեք վերջերս ՌԴ նախագահի կողմից արժանացած բարձր պարգեւի համար որպես հայ լրագրող հայ հանրության կողմից շնորհավորել ձեզ, քանի որ վերջին տարիներին Հայաստան կատարած այցելությունների ընթացքում իմ ժողովուրդը հասցրեց սիրել, հիանալ, գնահատել ու սպասել ձեզ` որպես հմայիչ, խելացի եւ վերին աստիճանի լավատեսորեն տրամադրված կնոջ: Լավատես ասելով, ես նկատի ունեմ նաեւ բազմիցս ձեր հնչեցրած գնահատականները Ռուսաստանի կողմից տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովելու ջանքերի եւ մասնավորապես՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հարցի վերաբերյալ: Խնդրում եմ վերահաստատել՝ ձեր լավատեսությունը այսօ՞ր էլ ուժի մեջ է»:
Ավելորդ չեմ համարում նշել, համենայն դեպս, ես այդպես ընկալեցի, որ հարցիս առաջին հատվածից բավականաչափ շոյվել էր Զախարովան, անգամ նշեց, որ այն խիստ անձնական է: Իսկ պարգեւ ասելով նկատի եմ ունեցել Վլադիմիր Պուտինի կողմից մայիսի 19-ին Զախարովային շնորհված «Պատվո շքանշանը»՝ Ռուսաստանի Դաշնությունում երկար տարիների բարեխիղճ դիվանագիտական ծառայության եւ արտաքին քաղաքականության իրականացման գործում մեծ ներդրման համար:
– Մենք այդ ձգձգված, երկարատեւ ճգնաժամին՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, խաղաղ բանակցությունների ճանապարհով քաղաքական կարգավորում տալու կողմնակից ենք,- ասաց Մարիա Զախարովան: Եվ որպես հուսալի, անդավաճան ու բարեկամ երկիր, որի հետ տեւական բարեկամությամբ, փոխներգործությամբ ու համագործակցությամբ ենք կապված՝ կանենք ամեն հնարավորը կառուցողական ներդրում ունենալու համար:
Կարդացեք նաև
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաեւ առանձնացրեց Մինսկի խմբի աշխատանքին որպես միջնորդ մասնակցող Ռուսաստանի դերը եւ նշեց.
– Ուզում եմ ընդգծել, որ թեեւ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ներկա փուլում արմատական առաջխաղացումներ չկան, բայց կարող եմ վերահաստատել, որ մեր բարեհաճ վերաբերմունքն ու լավատեսությունը պահպանվում է:
Իր վերջին ասուլիսներից մեկի ընթացքում էլ Մարիա Զախարովան նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ խորհրդակցությունները շարունակվում են` չնայած կորոնավիրուսի համավարակին:
Զախարովան նաեւ հիշեցրել էր, որ ապրիլին կարգավորման շուրջ հարցերը քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ կայացած հեռախոսազրույցների ընթացքում:
«Կողմերի հետ կանոնավոր շփումներին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ինչպես նաեւ ԵԱՀԿ ղեկավարի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը»,-հավելել էր Զախարովան եւ ընդգծել, որ խորհրդակցությունների հիմքում ընկած էր կորոնավիրուսային վարակի, բանակցային գործընթացի վրա դրա ազդեցության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ որոշ հարցեր՝ իրավիճակը շփման գծում, սահմաններին եւ այլն:
Գոհար ԲՈՏՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում