Չեմ ուզում չարագուշակություններ անել, սակայն ակնհայտ է, որ հետզհետե մեր երկիրը գնում է ներքին բախումնային վիճակի, եւ արտակարգ դրության երակարաձգվող ռեժիմը դժվար թե զսպօղակ լինի հակակառավարական եւ կառավարական ուժերի միջեւ ծայրահեղությունների սրման:
Հետեւաբար, անհրաժեշտ է ամեն գնով կանխել այդ վտանգը, որը կարող է անդառնալիի կետին հասցնել կացության վատթարացումը թե՛ անվտանգության, թե՛ տնտեսության, թե՛ ազգաբնակչության առողջության տեսակետից:
Սակայն կանխիչ աշխատանքներ կատարելու համար ներկա պահին մենք զրկված ենք միջնորդական որեւէ հարթակից, որը նման պարագաներում օգտագործվել եւ օգտագործվում է շատ երկրներում: Դա կարող է լինել եկեղեցական-հոգեւոր կառույց կամ առաջնորդ, ակադեմիա կամ ակադեմիկոսներ, գիտնականներ, նախկին պետական գործիչներ եւ նույնիսկ նախագահներ ու վարչապետեր, մշակութային հայտնի գործիչներ եւ արվեստագետներ, զինվորականներ, մեկ խոսքով՝ վերնախավի՝ էլիտայի անդամներ:
Այսինքն անձնավորություններ, որոնք հայտնի են իրենց ուղղամտությամբ, քաղաքական անշահախնդրությամբ եւ քաղաքացիական արիությամբ, որոնց ակնածում է հասարակությունը: Ունե՞նք նման մարդիկ, անշուշտ, թեեւ քիչ, բայց ունենք: Սակայն որպես գործոն, որպես թեկուզ փոքր հավաքականություն նրանք չկան հրապարակում: Անկախությունից հետո հաջորդական իշխանությունները ջանք չեն խնայել նրանցից շատերին նսեմացնելու, խեղճացնելու, կամ, ընդհակառակն, նրանց տիտղոսներով ու շքանշաններով հլու-հնազանդ դարձնելու համար:
Կարդացեք նաև
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում