Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ինչ-որ մեկը դավաճանել է, ապա դա ե՛ս չեմ»

Հունիս 13,2020 10:49

«Մի խցկեք ձեր կեղտոտ մռութը մեր անձնական կյանքի մեջ». «Առավոտի» զրուցակիցն է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանը:

– ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջերս կորոնավիրուսի վարակը պատերազմ էր բնորոշել Հայաստանի դեմ եւ մեղադրել էր ընդդիմությանը` պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքար տանելու համար: «Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»,-մասնավորաբար ասել էր առաջին նախագահը: Ինչպե՞ս եք վերաբերվում նման գնահատականին, Ձեզ «ազգի դավաճան» զգո՞ւմ եք, քանի որ Դուք էլ իշխանության ամենակոշտ ընդդիմախոսներից մեկն եք:

– Լևոն Տեր-Պետրոսյանի մտահանգման մեջ տեսնում եմ աներկբա քաղաքական բովանդակություն, քանի որ նա պաշտպանում է օրվա իշխանությանը։ Ինչ վերաբերում է «դավաճան» բառին։ Այն զուրկ է իրավական բովանդակությունից։ Յուրաքանչյուրն իր ուզած իմաստն է դնում դրա մեջ։ Ուզում եմ ասածս հասկացվի պարզորոշ՝ համավարակի պայմաններում ներքաղաքական պայքարը դավաճանություն կամ խելահեղություն անվանելը ոչ մի արդարացում չունի։ Իզուր եք կարծում, թե նա ինձ «ազգի դավաճան» է անվանել։ Չեմ հավատում, թե նա կարող է նման բան իրեն թույլ տալ։ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մեր վերջին հանդիպումը հեռավոր 2008-ին էր, հայտնի դեպքերից հետո։

Նա ինձ դիմեց մի քանի քաղբանտարկյալի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով նրանց կանանց աջակցելու համար։ Ես արեցի, ինչ կարող էի, չթաքնվեցի, չփախա, կրեցի ինձ բաժին հասած հոգսը։ Իմ, ծնողներիս ու որդուս բնակարաններում խուզարկություններ կատարվեցին։ Մի ամբողջ օր տևեց դատախազությունում իմ հարցաքննությունը։ Ունենալով քաղաքական ու բարոյական բոլոր հիմքերը՝ մի կողմ չքաշվեցի, լրատվամիջոցներում պարբերաբար հանդես էի գալիս իշխանություններին խարազանող հրապարակումներով, հեռուստատեսությամբ բանավիճում, պաշտպանում մարտի 1-2-ի դեպքերի մասնակիցներին, ՀԱԿ-ի գործիչներին։ Չէ՞ որ խոսքը իմ ընկերների, նրանց զավակների, նրանց կանանց մասին էր։ Եթե մերժեի Լևոն Տեր-Պետրոսյանին, այդ դեպքում նա իրավունք կունենար ինձ դավաճան համարել։ Եթե ինչ որ մեկը դավաճանել է, ապա դա ե՛ս չեմ ․․․

– Իր ընդդիմախոսներին օրերս նաեւ քննադատեց-պիտակավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այնպիսի տպավորություն կա, որ ՀՀ-ում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլեւ քաղաքական կորոնավիրուս, որը ի տարբերություն առողջապահականի, իմ կարծիքով կբերի այդպիսի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական եւ հասարակական ուժերի` քաղաքական իմաստով մահվան: Դա իմ համոզմունքն է: Կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերը ամբողջությամբ դուրս կմղվեն ՀՀ քաղաքական, հասարակական կյանքից, որովհետեւ իրենք ըստ էության, իրենց այսօրվա գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»,-ասել էր վարչապետը: Սրան ինչպե՞ս եք վերաբերվում:

– Մի բանում նա ճիշտ է՝ կորոնավիրուսի տարածումը իր համար երկար ժամանակ ընդամենը «տպավորություն» էր։ Մեղմիկ, թեթև, սահուն տպավորություն։ Իսկ երկրորդ պնդման մեջ նա, ինչպես հաճախ է պատահում, կեղծում է՝ ասելով, թե իր համոզմամբ ընդդիմադիր ուժերը դուրս կմղվեն քաղաքական, հասարակական կյանքից։ Դա իր համոզմունքը չէ, այլ իր նպատակն է։ Նրա նպատակը մենագույն հասարակությունն է, որի համասփյուռ գորշության մեջ կբոցկլտա գեթ մեկ լույս՝ անմահ առաջնորդի հանճարի լույսը։

– Վերջերս մի հարցազրույցում Դուք խոսել էիք այն մասին, որ առաջիկայում ականատես կլինենք քաղաքական բռնաճնշումների: Դրանով էիք պայմանավորել ուժային կառույցների ղեկավարների վերջին փոփոխությունները` ասելով, որ ընդդիմախոսներին ճնշելու խնդիր ուժայինների առջեւ վաղուց էր դրված:

– Ինը ամսում փոխվեց ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության երեք պետ։ Մինչդեռ արդեն 40 օր չունենք շրջակա միջավայրի նախարար, և հոգ չէ, որ օրենք է խախտում։ Իր համար կարևորն այն է, որ իշխանության հենարանն ամուր լինի, ուժայինները տեղում լինեն։ Անձնիշխանության ամրապնդման նպատակով են նրանք ընտրվել և ըստ անձնական հավատարմության սկզբունքի։ Վստահ եմ՝ բոլոր դեպքերում նրանք կլինեն վերջինը՝ կամ առանձին-առանձին, կամ իրենց նշանակողի հետ մի կողովում։

Հարցնում եք՝ կլինե՞ն արդյոք բռնաճնշումներ։ Իմ պատասխանը մեկն է՝ թող բախտը փորձի։ Գործադիրի ղեկավարի շարունակական զեղումները պետք է որպես սպասվող բռնաճնշումների մասին նախազգուշացում ընդունել, հատկապես մեր քաղաքական բառագանձ մտած «գերեզմանաքար»-ի օգտագործումից հետո։ Վստահ եմ՝ քաղաքական գերեզմանաքարն իրեն շուտով պետք կգա, և խորհուրդ եմ տալիս այսօրվանից այն պատրաստ պահի․ որոշ մահամերձ հիվանդներ այդպես են վարվում՝ իրենց հարազատներին նեղություն չպատճառելու նպատակով։
Բռնաճնշումները ակնթարթորեն չեն սկսվում, ոստիկանական պետություններում դրանք ունենում են նախերգանք՝ սպառնալիք, լրտեսում, տեղաշարժի սահմանափակում և այլն։

Դրանք արդեն առկա են։ Օրերս հեռուստաեթերից դիմել եմ ԱԺ պատգամավորներին՝ «Հայրենիք» կուսակցության նախագահի և խորհրդի որոշ անդամների հեռախոսները գաղտնալսելու մասին փաստերը ստուգելու խնդրանքով, այսինքն՝ պարզել՝ ի՞նչ հիմքով են խախտվում օրենքի առջև ընդհանուր հավասարության, խտրականության արգելքի, մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի և բարի համբավի անձեռնմխելիության, ազատ գործելու՝ մեր իրավունքները։ Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք։ Երբ իշխանությունը սահմանափակում է մեր այդ իրավունքը, ապա Սահմանադրությամբ նշված ո՞ր նպատակից ելնելով՝ պետական անվտանգությա՞ն, հանցագործությունների կանխմա՞ն, հասարակական առողջությա՞ն, թե՞ ․․․

Եվ կա՞ այդ մասին դատարանի որոշում։ Այնպես չստացվի, թե մեր անվտանգության համար այս իշխանությունն ավելի է հոգում, քան մենք ինքներս։ Աստծո սիրուն, դրա կարիքը չկա։ Ավելի պարզ ասեմ՝ մի խցկեք ձեր կեղտոտ մռութը մեր անձնական կյանքի մեջ։

– Դուք նաեւ պարբերաբար քննադատում եք կառավարության նիստերին գլխավոր դատախազի, ՀՔԾ եւ Քննչական կոմիտեի ղեկավարների մասնակցությունը: Նախկինում այդ կառույցների ղեկավարները չէի՞ն մասնակցում կառավարության նիստերին: Ո՞ր պահից սկսեցին մասնակցել եւ նպատակը ո՞րն է, ըստ Ձեզ:

– Նախկինը տևել է 30 տարի ու եղել բազմաշերտ։ Կապված սահմանադրական կարգավորումների փոփոխություններից՝ այդ մարմինների իրավական կարգավիճակը էապես փոխվել է։ Այդուհանդերձ, շիտակ ասեմ՝ նրանց մասնակցությունը կառավարության նիստերին միշտ էլ եղել է մինչև վերջ չարդարացված, երբեմն՝ կոպիտ սխալ։ Մենք կփոխենք այդ կարգը: Նախաքննության մարմինների և դրանց նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազության ղեկավարների ներկայությունը կառավարության նիստերին արդարադատությանը միջամտելու ճանապարհ է բացում։ Դատավորների պես նրանք էլ պետք է հետևեն մասնագիտական էթիկայի կանոններին, սահմանափակ առնչություն ունենան ոչ միայն պետական պաշտոնյաների հետ, այլև լինեն զուսպ ու ժուժկալ իրենց անձնական կյանքում, հասարակական շփումներում։ Կառավարության շենք մտնելու պարտավորությունը, ինչպես և «հեռախոսային իրավունքը» պետք է արմատախիլ անել։

Հենց այսօր վերևից տրվող ուղղակի ցուցումների ևս մեկ ապացույց ստացանք։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի առջև հավաքվածների դեմ հանվեց հատուկ ջոկատայինների ստորաբաժանում և իրականացվեցին ձերբակալություններ։ Ինչպես նախազգուշացրել էր մեր կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը՝ դա տեղի ունեցավ ուղիղ եթերի ավարտից 10 րոպե անց։ Այդքան ժամանակ պահանջվեց վերին հրամանը ի կատար ածելու համար։ Նկատե՞լ եք՝ նազարական ինչ երանավետությամբ է նա կոնկրետ հանձնարարություններ տալիս կոնկրետ քրեական գործերով և կոնկրետ միջադեպերով։ Ինչպիսի ոստիկան է կորցրել հայրենի պետությունը ․․․

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930