Եվրախորհրդարանի մի քանի պատգամավորների հայտարարությունը Հայաստան-Արցախ երրորդ ճանապարհի կառուցման վերաբերյալ, անկասկած, չի դիմանում որևէ քննության, բարոյականությունից մինչև քաղաքականություն և անվտանգություն: Չի դիմանում, որովհետև Ադրբեջանը արդեն մոտ երեք տասնամյակ Արցախի և Հայաստանի հանդեպ վարում է մի քաղաքականություն, որի ակնհայտ ցեղասպանական, էթնիկ զտման նպատակադրումները Ալիևն ու նրա ենթակաները չեն էլ թաքցնում: Եվ ահա այդ պայմաններում, երբ նրանք չեն թաքցնում իրենց նպատակները, Եվրախորհրդարանի ինչ-որ պատգամավորներ չեն թաքցնում իրենց մտահոգությունը Հայաստան-Արցախ կյանքի ճանապարհի կառուցման հարցում:
Այլ կերպ ասած, ստացվում է, որ նրանք մտահոգ են ոչ այլ բանի առիթով, քան արցախահայության կյանքը: Որովհետև Ադրբեջանի քաղաքականության համատեքստում Արցախի և Հայաստանի որևէ հաղորդուղի այլ բան չէ, քան պարզապես կյանքի ճանապարհ, որքան էլ որ շատ լինեն դեպի Արցախ տանող ճանապարհները: Դրանք չեն կարող համեմատության մեջ լինել անգամ Ադրբեջանի սպառնալիքների և Արցախի ու Հայաստանի սահմաններին կուտակած սպառազինության քանակի հետ:
Սակայն բուն խնդիրը, երևի թե, այստեղ էլ չէ: Եվ, իհարկե, Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության դաշտում էլ չէ, այս դեպքում միայն այդ դաշտում չէ, որովհետև խնդիր այդ դաշտում կա ակնհայտորեն: Բայց, որքան Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության համար է թեկուզ մի քանի գուցե խավիարապատված պատգամավորների հայտարարությունը ահազանգ և առավել արդյունավետ և բովանդակալից աշխատանքի խթան, հրամայական, նույնքան դա խնդիր է Եվրախորհրդարանի, Եվրոպայի խորհրդի համար ընդհանրապես: Որովհետև այդօրինակ հայտարարությունները Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը ըստ էության դարձնում են Ադրբեջանի ցեղասպանամետ քաղաքականության աջակից: Մի բան, որը էապես հարվածելու է Եվրոպայի քաղաքական վարկին, առաջացնելով լուրջ խնդիրներ ապագայի համար:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում