Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսքի ազատության սահմանները

Հունիս 13,2020 10:00

Ինչպես արդեն բազմիցս նկատել եմ, Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը եւ ես տարբեր մոտեցումներ ունենք այն հարցին, թե ինչն է հանդուրժելի, ինչը՝ ոչ: Բնակչությունը, ինչպես նաեւ քաղաքական ուժերի մեծամասնությունը (իշխող եւ ոչ իշխող) անընդունելի են համարում, երբ ընդդիմախոսներն իրենցից տարբերվող կարծիք են արտահայտում՝ այդ այլընտրանքային կարծիքը համարելով կա՛մ հոգեկան հիվանդության եւ կա՛մ «մութ ուժերի» («հինգերորդ շարասյան», «նախկինների», Բիլ Գեյթսի, Սորոսի, մասոնների եւ այլոց) դավերի դրսեւորում:

Համոզված եմ, որ իրենց տեսակետն իրավունք ունեն արտահայտելու բոլորը՝ անկախ իրենց սոցիալական դիրքից, նախկինում կամ ներկայումս զբաղեցրած պաշտոնից, ենթադրյալ կամ իրականում կատարած հանցագործություններից՝ մի խոսքով բոլորն անխտիր: Ցանկալի է, որ այդ տեսակետն արտահայտվի զուսպ, դիմացինի նկատմամբ հարգանքի ցուցաբերմամբ: (Այս առումով, իշխող թիմն, ինչպես տեսնում ենք, որոշ խնդիրներ ունի):
Ըստ այդմ, «ես համաձայն չեմ կառավարության հետ», «այս հարցերում կառավարությունը սխալ է աշխատում», անգամ՝ «այս կառավարությունն ապաշնորհ է» արտահայտությունները, անկախ նրանից, ես դրանք ճիշտ թե սխալ եմ համարում, ինձ համար միանգամայն ընդունելի են: Կառավարության հրաժարականի պահանջը, թեեւ չեմ կիսում, բայց դարձյալ քաղաքական պայքարի շրջանակներում միանգամայն նորմալ եմ համարում: Իհարկե, ցանկացած իշխանության համար նման արտահայտություններն ու պահանջները տհաճ են, իսկ ինչպես դրանց արձագանքել՝ դա արդեն դաստիարակության եւ մշակույթի խնդիր է:

Բայց համավարակի պայմաններում կան բաներ, որոնք ինձ համար անհանդուրժելի են: Դրանք պարետատան որոշումները չկատարելու բացահայտ կամ քողարկված կոչերն են. «Ժողովուրդ, սաղ սուտ է, ոչ մի կորոնավիրուս չկա: Դիմակ մի՛ կրեք, թքա՛ծ ունեցեք»: Նման քարոզչությունն ինձ համար հավասարազոր է իրար սպանելու կոչերին եւ, իմ կարծիքով, պետք է պետության կողմից արժանանա համանման վերաբերմունքի: Այդ քարոզչությունն ուղղված է ոչ թե իշխանության կամ որեւէ քաղաքական ուժի դեմ, այլ՝ մարդկանց, նրանց կյանքի եւ առողջության դեմ: Իսկ նման խոսքի ազատությանը ես դեմ եմ:

Պարզապես պետք է հաշվի առնել, որ այդ անմարդկային քարոզչությունը պարարտ հողի վրա է ընկնում: Իսկ այդ պարարտ հողը նույն «հպարտ քաղաքացիներն» են, որոնք ժամանակին ոգեւորված էին տեսախցիկների եւ արագաչափերի դեմ պայքարով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    արդարեւ, ճակատագրի հեգնանքով, Փաշինյանը այժմ մեղադրում է ժողովուրդին տուեալ հատուածի հենց այն մասնայատուկ նկարագիրն ու հակումները, որոնց շնորհիւ է որ ինք ու իր շրջապատը կարողացան տիրանալ իշխանութեան; ինչ որ հիմա նա դատապարտում է, համաճարակի նկատմամբ որոշ ժողովուրդի մը վերաբերմունքին կապակցութեամբ, ինք ճիշդ այդ է որ գործածեց, գիտակցաբար օգտագործեց ու շահագործեց, հասնելու համար վարչապետի աթոռին; էհ, հիմա թող կառավարէ տենանք, իր «ժող’ջան»ը…

  2. henri says:

    Կը կարծեմ որ Հ.Շ. -ի կատարած համեմատութիւնը անտեղի է. Նիկոլի ՚՚Շարժումը՚՚ բաղդատել ՛՛ԲՀԿ ՛՛ի սեւազգեստներուն և սափրագլուխներուն ներկայ ցոյցերուն հետ , վարպետօրէն զայն միացնելով Համաշխարհային աղէտի մը հետ որմէ մարդկութիւնը կը տառապի առ այսօր ՛պարզապէս՛՛անարդար է, չըսելու համար ՛՛ սոփեստութիւն է ՛՛ ,դասական իմաստով ։
    Միւս կողմէն ճիշտ է որ մեր վարչապետին դրսեւորումները յաճախ վիրաւորիչ են ,նոր են, կը խրտչեցնեն ,անձնական բնոյթ ունին ,համեմատաբար ՛՛Թաւշեայ ՚՚ կը շարունակեն մնալ շատ մը ՛՛ հիներու՛՛նկատմամբ …ցուցարարներու կարեւոր թիւ կը կազմեն այդ կացութենէն դժգոհներն ալ որոնք կը
    յուսային փոփոխութեան ՛՛անմիջական ՛՛ նպաստներէն օգտուիլ, ինչպէս խոստացած էր ՚՚ապագայ վարչապետը ՚՚ քիչ մը չոր բառերով … «Որ համբերեսցէ ի սպառ -նա կեցցէ » ըսուած է Աւետարանին մէջ ։ Ուրեմն յոյսերնիս չի կտրենք ։

    • Հ.Շ. says:

      Չէի պատասխաներ, եթէ ըսուածը՝ գրածս խեղաթիւրած չըլլար: Վերեւի խօսքս կապ չունի ընդդիմադիրներու ցոյցերին հետ: Նոյնիսկ ժամանակագրականօրէն, մեկնաբանութեանս թուականը՝ փողոցի վերջին խնդիրներէն առաջ է: Կ’ուզէք բան մը ըսել, ըսէք, բայց ինծի մի խառնէք անոր մէջ, այդ ալ սխալ կերպով:

      Վերեւի խօսքս յստակօրէն կը վերաբերի ժողովուրդի այն հատուածին որ… իւրայատուկ կերպով մը վերաբերւում է քորոնավիրուսի համաճարակին նկատմամբ: Եւ այդ պատճառով, ինքն իրեն եւ իր երկրին է վնասում:

      Մնացեալն ալ, Ձեր կարծիքն է: Իսկապէս հիմա սիրտ չունիմ իսկ այդ մասին խօսելու:

  3. henri says:

    Ոևէ յետին միտք չկար գրութեանս մէջ –
    Գուցէ թիւրիմացութիւն… կրնայ ըլլալ-չեմ անդրադարձած.
    ներողամիտ եղիր ։

    • Հ.Շ. says:

      այսպիսի պզտիկ բանի մը համար, ներողամտութեան հարց չկայ, ջանս… պատասխանս ալ անպայման քեզի ուղղուած չէր, այլ – թէական – ուրիշներու, որոնք շատ հապճեպ կերպով կը դատեն եւ կը դասակարգեն, կը պիտակաւորեն, ոեւէ մէկը, քանզի այդպէսի աւելի դիւրին կը դառնայ իրենց համար չմտածելը… հաստատ ասոնց կարգին չես դուն.. միայն թէ, այդ տակաւին յուսալու նիւթով՝ յոյսը լաւ բան է, բացի երբ որ շփոթուի ինքնախաբէութեան հետ… այդ պարագային, կը տանի դէպի ողբերգութիւն… ֆրանսական գրականութեան դասընթացքներէս մէկու ընթացքին, շատ տպաւորեց ինծի երբ որ ուսուցչուհիս բացատրեց եւ ապացուցես թէ, գրականութեան, յատկապէս հնադարեան եւ դասական թատերգութեան մէջ, հիմնական բաղադրիչ մըն է՝ յոյսը…

      բայց յոյս չունենալը չի նշանակէր նաեւ՝ ընկճուիլ, կեանքէն լրիւ զզուիլ… կարելի է որեւէ բան չսպասել աշխարհէն, եւ ըստ այնմ՝ անձնական կոկիկ կեանք մը դասաւորել, կարելի եղածին չափ մարդավարի եւ մարդավայել կերպով ապրելու համար

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930