Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿՀ-ում ընդունվում եմ՝ որպես կիրթ անձնավորություն

Հունիս 13,2020 13:00

ՀՀ նախագահին է ուղարկվել 11 տարի ազատազրկման դատապարտված կնոջ ներման խնդրագիրը

Ագրարային համալսարանի դասախոս Լաուրա Խաչատրյանը 2015թ. հունիսի 15-ին Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 66 հոդվածով դատապարտվել էր երկարատեւ ժամկետով ազատազրկման: Նա ԱՆ «Աբովյան» ՔԿՀ էր բերվել 18.10.2013թ.-ին: Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ ներկայանալով ԵՊՀ-ի դասախոս` Երեւան քաղաքի Ծ. Աղբյուր 55/5 հասցեում կառուցվող դասախոսներին հատկացվելիք համալսարանական շենքում բնակարանների հերթագրման ցուցակում ընդգրկելու եւ բնակարան տրամադրելու պատրվակով, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, 2011թ. փետրվար ամսից մինչեւ 2012թ. վերցրել էր առանձնապես խոշոր չափերի գումարներ եւ խարդախությամբ հափշտակել:

«Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2003թ. սեպտեմբերի 24-ին ընդունած թիվ (2006) 2 հանձնարարականի 6-րդ կետի համաձայն՝ ցանկացած կալանք պետք է կառավարել այնպես, որ դա նպաստի ազատազրկված անձանց՝ դեպի ազատ հասարակություն վերադարձի:

Տուժողներից 6 հոգի իրենց «Ղարս» համատիրության նախագահի կողմից վավերացված 05.06.2019թ. հայտարարությամբ հաստատել են, որ դեմ չեն, որ ես ազատ արձակվեմ, քրեական գործից բխող ներկայացված միակ քաղաքացիական հայցի շրջանակներում միջոցներ եմ ձեռնարկում մարումներ կատարելու համար, այն էլ իմ սուղ միջոցներից, ավելին կկարողանամ կատարել, երբ գտնվեմ ազատության մեջ: Ես կին եմ, որը ունի իրեն սիրող ընտանիք, երեխաներ, ով ցանկանում է վերաինտեգրվել հասարակական կյանք, ապրել՝ հետեւելով օրենքներին, ընդունվել աշխատանքի, հանգամանքների պատահական զուգորդմամբ եմ հայտնվել դեպքերի կիզակետում, ինչը հաստատել են քրեական գործով անցնող բոլոր տուժողները: Ամբողջ կյանքս ապրելով կրթության եւ գիտության մթնոլորտում՝ արդեն կլրանա 7-րդ տարին, ինչ ստիպված եմ լինում կրել նշանակված 11 տարի ազատազրկման պատիժը մի արարքի համար, որն ուղղված չի եղել մարդկության, պետության դեմ, այլ ընդամենը իրենից ներկայացրել է գույքային, խիստ վիճարկելի վեճ:

Իհարկե, միգուցե համեմատությունս շատ կոշտ է, սակայն ստիպված եմ դա կատարել, քանի որ նույնիսկ մարդասպաններին եւ մանկապիղծներին թե այն ժամանակ, թե ներկայումս դատարանները չեն ազատազրկել 11 տարով: Մինչդեռ, իմ կողմից կատարված արարքի համար դատարանը նշանակեց ոչնչով չարդարացված խստագույն պատիժ, անգամ այն պայմաններում, երբ տուժողները խնդրում էին ինձ ազատել պատժից, գտնելով, որ իրական հանցագործը այլ անձ է»,-գրել էր դատապարտյալը:

Լ. Խաչատրյանի պաշտպանը` Գայանե Գրիգորյանն «Առավոտին» երեկ հեռավար զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ ներման խնդրագրով դիմել են ՀՀ նախագահին: Ի դեպ, իմ պրակտիկայում հանդիպած առաջին ներման խնդրագիրն է:

Խնդրագրում նշվել է, որ ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ պետի ժ/պ, արդարադատության գնդապետ Վ. Եղիազարյանի կողմից միջնորդություն է ներկայացվել, համաձայն որի՝ պետը միջնորդել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին քննարկել Լաուրա Խաչատրյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու (պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու) հարցը:

«Առավոտին» պաշտպանը` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գայանե Գրիգորյանը տեղեկացնում է, որ իր պաշտպանյալի միջնորդությանը կից ներկայացվել է Լաուրա Խաչատրյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու վերաբերյալ ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի պետի 15.04.2019թ. թիվ 43 որոշումը, զեկույցը:

Համաձայն նշյալ որոշման՝ պաշտպանը տեղեկացնում է, որ 15.04.2019թ. ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի պետի ժ/պ, արդարադատության գնդապետ Վ. Եղիզարյանը, ուսումնասիրելով դատապարտյալ Լաուրա Խաչատրյանի վերաբերյալ նյութերը, պարզել է, որ դատապարտյալի վերաբերյալ պրոբացիայի ծառայության կազմված զեկույցը դրական է, դատապարտյալը տվել է իր համաձայնությունը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցով դատարան միջնորդություն ներկայացնելու համար: Հենց այդ հարցն էլ ներկայացվել է դատարան: Հունիսի 6-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի հունիսի 15-ի դատավճռով նշանակված պատժի մնացած մասը՝ 5 տարի 4 ամիս 9 օր ազատազրկումը կրելուց:

Համաձայն 25.03.2019թ. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Գ. Մխոյանի կողմից տրված զեկույցի՝ Լաուրա Խաչատրյանը համարվում է դատվածություն չունեցող:

Այս գործով սահմանվել էր քաղհայց՝ 2.299.500 ՀՀ դրամի չափով, որը մուծվել է: Մասնավորապես, զեկույցի ուսումնասիրման պահին՝ 110.700 դրամի չափով, որը հետագայում ավելացել է, դատապարտյալը դատական ծախս չունի:

Լ. Խաչատրյանը գտնվելով անազատության մեջ` շարունակում է վճարել ներկայացված քաղաքացիական հայցի գումարը իր ստացած չնչին աշխատավարձից` նա 2016-ի օգոստոսից ՔԿՀ-ի գրադարանավարն է, պատրաստ էր վճարել` նաեւ ազատության մեջ գտնվելով:

Լաուրան ՀՀ նախագահին տեղեկացնում է, որ 2017թ. մարտի 7-ին ստացել է խրախուսանք լրացուցիչ կարճատեւ տեսակցության տեսքով` հիմնարկում իրականացվող չվարձատրվող աշխատանքներին եւ միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար:

Նա անազատության մեջ գտնվելով` մասնակցել է կրթական ծրագրերին, մարզական, մշակութային միջոցառումներին, դատապարտյալների ինքնագործ միավորումներին:

«Քրեական ենթամշակույթի նկատմամբ վերաբերմունք չեմ պահպանում:

Հանցածին հակումներ, հնարավոր կախվածություններ, նախասիրություններ չունեմ:

12.06.2018թ.-ին մասնակցել եմ «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Առողջ ապրելակերպ» դասընթացին եւ ստացել վկայական: 28.08.2018թ. մասնակցում եմ անգլերենի եւ 14.01.2019թ. «Բիզնես պլանավորում» դասընթացներին:

Արտաքին աշխարհի հետ կապը պահպանում եմ հեռախոսազանգերի միջոցով:

Թեեւ նշված է, որ սոմատիկ հիվանդություններ ախտորոշված չեն, սակայն ՀՀ ԱՆ Աբովյան ՔԿՀ-ի կողմից տրված տեղեկանքի եւ իմ վերաբերյալ ՔԿՀ-ում առկա բժշկական քարտի համաձայն՝ ինձ մոտ առկա են առողջական խնդիրներ:

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կողմից իմ վերաբերյալ տրվել է դրական բնութագիր եւ գտել են, որ իմ պատիժը կրելու պայմանական վաղաժամկետ ազատելը իրականում նպատակահարմար է»,-նշել էր դատապարտյալը:

Ըստ դատապարտյալ կնոջ, ինքն անկաշկանդ շփվում է բոլորի հետ, աշխատում է զերծ մնալ բացասական ազդեցություն ունեցող անձանցից, ՔԿՀ-ում ընդունվում է որպես կիրթ անձնավորություն, այլեւս երբեք չի ցանկանում վերադառնալ ազատազրկման վայր:

«Գտնելով, որ պատժի կրման ընթացքում դրսեւորել եմ դրական վարքագիծ եւ դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է, ուստի, իմ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացնելը (պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը) գտել են նպատակահարմար:

Թեեւ առաջին ատյանի դատարանը միջնորդությունը բավարարեց, սակայն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից թիվ ԿԴ1/0008/12/19 գործով 26.07.2019թ.-ին կայացված որոշմամբ այն բեկանվեց»,-նշել էր դատապարտյալը:

Ըստ ներման խնդրագիր ներկայացնողի. «Նպատակս ոչ միայն իմ դատական գործի անարդարության ներկայացումն է, այլեւ՝ ողջ դատաիրավական համակարգի գործելակերպի էությունն ու ներքին տրամաբանությունը բացահայտելը, որտեղ պարզորոշ երեւում են դատավարական խաղերի դերաբաշխման եւ դերակատարման հստակ պայմանավորվածությունները: Քանի որ նմանատիպ գործերը բազմաթիվ են մեր դատական համակարգում եւ հանրության համար այդպես էլ մնացել են չլուսաբանված ու չբացահայտված (որովհետեւ լրատվամիջոցները լուսաբանում են միայն հասարակական հնչեղություն ունեցող գործերը), ուստի սույն խնդրի լուսաբանումն այսօր ամենաակտուալն է նաեւ այն պատճառով, որ «անկախ» եւ «անձեռնմխելի» դատարաններն իրենց «փակ» գործելակերպի պատճառով դարձել են ոչ միայն ժողովրդավարացման ուղին բռնած մեր պետության կողմից որդեգրած ազատությունների սահմանափակման եւ առաջին հերթին՝ մարդու իրավունքների պաշտպանության դեմ ուղղված ճնշամեքենայի, այլեւ վերածվել են ժողովրդավարական գործընթացներին դիմակայող հիմնական խոչընդոտի եւ հենց այդ խոչընդոտը հաղթահարելու նպատակով էլ երկրում սկսվել են իրականացվել դատաիրավական բարեփոխումները:

Դատաիրավական համակարգը բարեփոխելու եւ արդարադատությունը առողջացնելու նպատակով անհրաժեշտ է նախեւառաջ վերափոխել դատական համակարգի գործելակերպը եւ այն համապատասխանեցնել օրենքի պահանջներին, իսկ խնդիրն ավելի պատկերավոր ձեւակերպելու նպատակով նշված համակարգի աշխատակիցներին հիշեցնենք, որ իրենց համակարգի գլխավոր խորհրդանիշը 2 նժար ունեցող «արդարության կշեռքն» է՝ ուստի արդարադատություն հաստատելու համար պետք է դատավարական գործընթացը կազմակերպել այնպես, որ «արդարության կշեռքի» 2 նժարները հավասարապես՝ օրենքի պահանջներին համապատասխան օգտագործվեն, որպեսզի ապահովվի կշեռքի հավասարակշռված վիճակը, որն էլ հենց խորհրդանշում է արդարությունը: Իսկ երբ դատավարությունն իրականացվում է միայն մեկ նժարով, որտեղ նժարի ընտրությունը կամայականորեն կատարում են դատավորն ու դատախազը, ելնելով կողմերի նկատմամբ իրենց մոտ ձեւավորված «ծանր» կամ «թեթեւ» գնահատականներից (պարզանաբեմ, որ «ծանրը» կամ «թեթեւը» բոլորովին էլ կողմերի մեղադրանքներին չի վերաբերում), ապա այդպիսի դատավարությունները վերածվում են դատավարական խաղերի: Փաստորեն՝ դատավարական խաղերը իրենցից ներկայացնում են իրավական տարբեր գործընթացներից բաղկացած մի ընդհանուր շղթա, որոնց հիմնական դերը ոչ թե նժարների հավասարակշռությունը պահպանելն է, այլ հակառակը՝ նժարներից յուրաքանչյուրն, ըստ նախնական պայմանավորվածության, այս կամ այն կողմը թեքելու նպատակով իրավաբանական «հիմնավորումներ» կատարելն է եւ վերջ. վճիռն արդեն պատրաստ է»:

54-ամյա կինը գրում է ՀՀ նախագահին. «Համադրելով իմ անձը, այն, որ զղջում եմ կատարածիս համար, ունեմ ընտանիք, երեխաներ, որոնց հետ ցանկանում եմ շուտափույթ միավորվել, երիտասարդ եմ, իմ հանդեպ նշանակված պատիժը՝ 11 տարին, չի նշանակվում նույնիսկ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ, մինչդեռ, ինձ առաջադրված մեղադրանքը ընդամենը կրում էր գույքային բնույթ, հնազանդորեն մինչ օրս պատվով կրել եմ պատիժը, անգամ իմ սուղ միջոցներից գումար եմ տրամադրել հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու համար, առողջական խնդիրներիս առկայությունը, այն, որ արդեն իսկ իմ կրած գրեթե 7 տարի պատիժը, որը շատ խիստ է նմանատիպ հանցանքների համար, բավական էր գիտակցելու համար իմ կատարած արարքի ծանրության եւ վտանգավորության աստիճանը, կանգնել ուղղման ճանապարհին, քրեակատարողական հիմնարկում կազմակերպված միջոցառումներին, այն, որ քրեակատարողական հիմնարկում կրթական ծրագրերին մասնակցելու արդյունքում իմ ձեռք բերված գիտելիքները կնպաստեն նրան, որ ազատության մեջ գտնվելով ինտեգրվեմ հասարակական կյանք, անցնեմ օրինական աշխատանքի, գտնվեմ ընտանիքիս կողքին, խնդրում եմ ինձ` «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ Լաուրա Խաչատրյանին ներում շնորհել»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930