Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կտավից դեպի դիմակ

Հունիս 13,2020 12:30

Քոչարի դիմանկարները Art դիմակների հավաքածուի ոգեշնչման աղբյուր են դարձել

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի՝ մայիսի 18-ի արտակարգ դրության թուլացումների մասին հայտարարությունը ըստ էության վերաբերում է թատրոններին, ստեղծագործական կոլեկտիվներին եւ, ինչպես հայտնի է, դրանք կարող են գործել կամերային՝ տասը հոգանոց խմբերով։ Առայժմ փակ են մնում, ու դեռ հայտնի չէ՝ ինչ ժամանակով, այցելուներ չեն ընդունի թանգարանները։

Իմիջիայլոց, «Առավոտի» հետ զրույցներում թանգարանների, տուն-թանգարանների որոշ աշխատակիցներ հավաստիացնում են, թե հե՛նց իրենց մոտ է ամենաանվտանգը։ Ասածը հիմնավորում են նրանով, որ մինչ համաճարակն էլ ցանկացած կտավի կամ ցուցադրվող այլ նմուշի առջեւ հերթեր չէին գոյանում, այնպես որ, անվտանգության պարտադիր պայման հանդիսացող դիմակն ու ֆիզիկական հեռավորությունը կպահպանվի։ Արեւմուտքում որոշ երկրների թանգարաններ դռները բացել են այցելուների առջեւ, իսկ թե մեզ մոտ վարակակիրներ թիվը երբ կսկսի նվազել՝ դեռ հայտնի չէ։ Թանգարանների աշխատակից մեր զրուցակիցները հավելում են նաեւ, թե արվեստասեր հանրությանը չի բավարարում առցանց շփումը, կենդանի շփման պահանջ կա։

«Առավոտը» Երվանդ Քոչարի թանգարանի ֆեյսբուքյան էջից՝ Ervand Kochar Museum,  տեղեկացավ, որ մաեստրոյի դիմանկարները Art դիմակների հավաքածուի ոգեշնչման աղբյուր են դարձել։ Այդ առիթով զրուցեցինք թանգարանի գիտաշխատող Մարիաննա Հովհաննիսյանի հետ։ Ի դեպ, հունիսի 15-ին մաեստրոյի ծննդյան 121-ամյակն է։ Գիտաշխատողը նշեց, որ Art դիմակներ ստեղծելու գաղափարը թանգարանի տնօրեն Կարինե Քոչարինն է։

Դիմակներին պատկերված են մաեստրոյի փարիզյան շրջանի աշխատանքները։ Թանգարանները բացվելուն պես Քոչարի թանգարանի այցելուներին սպասվում է անակնկալ. կարող են ձեռք բերել Art դիմակները։ Իսկ թե ինչու է դիմակներին պատկերված մաեստրոյի հատկապես փարիզյան շրջանի աշխատանքներից, մեր զրուցակիցը  պարզաբանեց. «20-րդ դ. մոդեռն արվեստի ամենահետաքրքիր երեւույթներից մաեստրո Քոչարը 1923-36թթ. Փարիզում ստեղծեց արվեստ, որն էլ նրա անունը դասեց այն մեծերի շարքում, որոնցով պայմանավորված էր եվրոպական ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը։ Եվրոպական արվեստաբանական միտքը Քոչարին համարում էր ժամանակակից արվեստի այն մեծերից, որոնք մի քանի տարում վերափոխեցին ժամանակակից գեղանկարչության մասին պատկերացումները եւ ուղիղ խոսքով՝ տակնուվրա արեցին աշխարհը»։ Հավելեց նաեւ, որ գեղանկարիչն ու արձանագործը  ցուցադրվել է ժամանակի խոշորագույն վարպետների՝ Պիկասոյի, Բրակի, Բրանկուզիի, Լեժեի, Կիրիկոյի եւ մյուսների կողքին ու նրանց, ինչպես նաեւ Դյուշանի, Միրոյի, Կանդինսկու, Մոհոլի-Նագիի,  Դելոնեի հետ 1936թ. ստորագրել է Դիմանսիոնիզմի մանիֆեստը, որը ժամանակի նորագույն գեղագիտական սկզբունքների ազդարարն էր։

Ի դեպ, Մարիաննա Հովհաննիսյանը 2019թ.-ից վարում է Kochar Angel Art Studio-ն, որտեղ 5-13 տարեկան երեխաներն ուսումնասիրում են արվեստի պատմություն, գունանկար, գծանկար եւ կոմպոզիցիա։ Մասնագիտությամբ դիզայներ եւ դեկորատիվ աշխատանքների՝ գրաֆիկաների, կոմպոզիցիաների, համակարգչային գրաֆիկական աշխատանքների հեղինակ մեր զրուցակցին մտաբերեցինք 2019թ. մարտի 23-ի՝ Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ TERRE Polisy Centre կազմակերպության կողմից իրականացված պաստառի մրցույթից, որտեղ աշխարհի բոլոր կողմերից քոլեջների եւ համալսարանների ուսանողների ներկայացրած աշխատանքներից ընտրվել էր ինը լավագույնը, որից չորսը Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների աշխատանքներն էին, այդ թվում՝ Մարիաննայինը։

Մեր զրուցակցի ձեւակերպմամբ՝ «ներկայացրածս պաստառի կոնցեպտը հետեւյալն էր. հաջորդ համաշխարհային պատերազմը կարող է լինել խմելու ջրի համար, այսինքն՝ անհրաժեշտ է ավելի խնայողաբար օգտագործել այն, չաղտոտել»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930