Լրահոս
Օրվա լրահոսը

Զբոսաշրջիկները զարմացել են՝ խոտ քաղողը  թանգարանի տնօրենն էր

Հունիս 13,2020 12:00

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը «փակագծեր» է բացում

«Ինձ համար «Էրեբունի» թանգարանն առավել քան հարազատ է, որովհետեւ 11.5 տարի աշխատում եմ այդ թանգարանում: Սկզբում եղել եմ կրտսեր գիտաշխատող, հետո էքսկուրսավար, հետո գիտաշխատող, մասնաճյուղի ղեկավար, ապա ընտրվել եմ թանգարանի տնօրեն: Այսինքն՝ գրեթե բոլոր բաժիններն ինձ բավական ծանոթ են, եւ մեր թանգարանն իմ ապրելակերպն է»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը, որն անցյալ տարվանից է մրցույթով տնօրեն ընտրվել:

Խոսելով խնդիրների մասին, մեր զրուցակիցը նշեց, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ընկալվում էր միայն Էրեբունու թանգարանով եւ Էրեբունի ամրոցով, մինչդեռ այն իր մեջ ներառում է երեք տարածաշրջանի կարեւորագույն հնավայր իրենց թանգարաններով՝ Էրեբունի, Շենգավիթ եւ Կարմիր բլուր: Եվ իրենց նպատակներից մեկը եղել է այդ թյուր պատկերացումը փոխելը: Միքայել Բադալյանը հայտնեց, որ անգամ իրենց աշխատակիցներից շատերը չէին եղել Կարմիր բլուրում ու Շենգավիթում, ու նրանց համար էլ են էքսկուրսիաներ կազմակերպել, մասնաճյուղերում էլ շաբաթօրյակներ արել աշխատակիցների մասնակցությամբ, ինչը նրա խոսքերով՝ կարեւոր միջոց էր, որ աշխատողներն էլ հասկանան, որ իրենք են դառնում հուշարձանի հանրահռչակման կրողներն ու տարածողները:

Միքայել Բադալյանը հավելեց, որ թանգարանի erebuni.am կայքը գրեթե չէր գործում, իսկ ֆեյսբուքյան էջը բավականին պասիվ էր, սակայն մարտավարությունը փոխելու արդյունքում այն դարձավ ամենաակտիվ էջերից մեկը, որն այժմ ունի շուրջ 10000 հետեւորդ, ինչ վերաբերում է կայքին, Սան Ֆրանցիսկոյից Էդվարդ Մսրլյանը նվիրաբերություն էր կատարել թանգարանին, ինչն ուղղելու են կայքէջի զարգացմանը:

Տնօրենն ասաց, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆինանսական մուտքերն անցյալ տարի աճել են 30 տոկոսով, նաեւ նախորդ տարվա համեմատ ավելի քան 6000-ով ավելացել է այցելուների թիվը. «Մենք այն գաղափարախոսությունն ենք ընտրել, որ շատ դեպքերում ինքներս պետք է այցելուներին բերենք մեր թանգարան եւ մեր մասնաճյուղեր: Այդ նպատակով այցեր կազմակերպեցինք դպրոցներ, կրթական ծրագրերով փորձեցինք հրապուրել ու թանգարան բերել, հանդիպումներ ունեցանք տուր-օպերատորների հետ, նրանց հետ կիսվեցինք մեր փաթեթներով, եւ սա եւս նպաստեց, որ մեր այցելուների թիվն աճի»:

Մեր հարցին՝ ցանկացած քաղաք այցելելիս զբոսաշրջիկները ցանկանում են հին քաղաքը տեսնել, իրենք այդ առումով ինչ են անում, հատկապես, որ հին Երեւանը ջնջված է եւ արժի զբոսաշրջիկներին ուղղորդել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Միքայել Բադալյանը պատասխանեց. «Մի քանի ուղղությամբ ենք աշխատում: Թանգարանն ունի Ֆորդ տրանզիտ միկրոավտոբուս, որը տարիներով չի օգտագործվել: Որոշել ենք այդ միկրոավտոբուսը Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ որեւէ բանուկ տեղում կանգնեցնել, վրան գեղեցիկ նշել՝ անվճար տեղափոխում Էրեբունի թանգարան եւ զբոսաշրջիկներին շաբաթական մեկ օր անվճար տեղափոխել: Շատ հաճախ մարդիկ խուսափում են Էրեբունի, Շենգավիթ կամ Կարմիր Բլուր գնալուց, որովհետեւ չեն ցանկանում հավելյալ երկու հազար տաքսու գումար ծախսել գնալ-գալու վրա: Երբ վարակն անցնի, մենք սա կիրականացնենք, զբոսաշրջիկներին շաբաթական մեկ օր անվճար կտեղափոխենք Էրեբունի, մեկ օր էլ՝ Կարմիր բլուր եւ Շենգավիթ»:

Միքայել Բադալյանն ասաց, որ թիվս այլնի, լուրջ աշխատանք են տարել ռուսական շուկայի հետ, օրինակ, բանակցություններ ունեցել կրթական-զբոսաշրջային մի կազմակերպության հետ, նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել, որ երեսուն դպրոցների հետ կրթական ծրագրեր են իրականացնելու: Տնօրենն ասում է, որ իրենց համար շատ կարեւոր է նաեւ «Էրեբունու» երիտասարդ տաղանդավոր կադրերի եւ վաստակ ունեցող փորձառու մասնագետների հետ ներդաշնակության ապահովումը: Նա ներկայացրեց մի քանի կրթական ծրագրեր, որոնց թվում են՝ «Պատանի հնագետը», «Արի պեղենք միասին» եւ այլն: Տնօրենի հավաստմամբ, կրթական ծրագրերից որոշներն ունեն մարքետինգային նշանակություն եւ հավելյալ ֆինանսական մուտքեր են բերում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի բյուջե:

Անդրադարձ եղավ նաեւ Կարմիր բլուր հնավայրի՝ մոտ չորս հեկտար շինաղբից մաքրելուն, որն իրականացվել է Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Նշվեց, որ ներկայումս Կարմիր բլուրում ուսումնական պեղավայր է կառուցվում, որը կմեծացնի այցելուների թիվը: Ինչ վերաբերում է Շենգավիթ մասնաճյուղին, այնտեղ արդեն կառուցված է արհեստական պեղավայր, տեղադրված է եռաչափ ցուցանակ, պատրաստվում են նման ցուցանակներ տեղադրել մյուս մասնաճյուղերում եւս, որոնք կունենան QR կոդեր: «Ժամանակին Էրեբունի ամրոցում նույնիսկ գործող զուգարան չկար, մինչդեռ խոսում էին, որ Էրեբունին Երեւանի օրրան է, այնտեղ է Երեւանի ծննդյան վկայականը, սակայն այցելուները ստիպված էին իրենց բնական կարիքները հոգալ ամրոցի պարիսպների տակ: Եվ մեր առաջին գործերից մեկը եղել է զուգարանի հարց լուծելը, ոստիկաններին համապատասխան գույքով ապահովելը, ամրոցի տարածքը մաքրելն ու բարեկարգելը, անվտանգության տեսախցիկներով ապահովելը թանգարանում եւ շրջակայքում: Թանգարանի ներսում եւս փոփոխություններ են արվել՝ տարբեր նվիրատվությունների միջոցով: Հայտնի զինվորը՝ ձիերով եւ վերականգնված մարտակառքով դարձել է թանգարանի այցեքարտերից մեկը, որտեղ դպրոցականները եւ այցելուները սիրում են լուսանկարվել»,-փաստեց մեր զրուցակիցը:

Հարցրինք՝ ունե՞ն վճակագրություն, թե ավելի շատ որ երկրներից են «Էրեբունի» այցելում: Տնօրենը հայտնեց, որ ամենաշատը Ռուսաստանից են գալիս, երկրորդ տեղում են՝ Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը: «Չափազանց շատացել են նաեւ չինախոս այցելուները, անցյալ տարի հազարից ավելի չինախոս այցելու ենք ունեցել: Թանգարանի մարքետինգի եւ արտաքին կապերի բաժինն ուսումնասիրում է, թե ինչպես կարելի է այլ շուկաների հետ եւս համագործակցել»,-ասաց Միքայել Բադալյանը: Տեղեկացրեց, որ իրենց մոտ էքսկուրսիաները վարում են հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն: Ցանկություն ունեն աշխատել ասիական շուկայի հետ, մտադրություն ունեն թարգմանությունների հարցով դիմել Չինաստանի եւ Ճապոնիայի դեսպանություններին: «Էրեբունին» Հայաստանի այն քիչ թանգարաններից է, որն ունի աուդիոգիդերի ծառայություն, ինչը հնարավոր է եղել նվիրատվությունների շնորհիվ:

Մեր դիտարկմանը, որ ցանկացած երկրի թանգարանի ու մշակութային օջախի մաս են կազմում հուշանվերների կրպակը ու սրճարանը, այդ առումով ինչպիսին է վիճակը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, տնօենը պատասխանեց. «Հուշանվերների կրպակը մեզ մոտ այդքան էլ լավ վիճակում չէր, այժմ մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ աճել են հուշանվերների կրպակի մուտքերը: Մենք փորձում ենք տարբեր մասնագետների հետ համագործակցելով՝ ավելի կատարելագործել այն: Ինչ վերաբերում է սրճարանին, դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ թանգարանն ունենա սեփականության վկայական, ցավոք սրտի, «Էրեբունի» թանգարանը դեռեւս չունի իր սեփականության վկայականը, եւ իմ տնօրեն դառնալու առաջին օրվանից այս հարցը բարձրացրել ենք, դիմել ենք Երեւանի քաղաքապետին, եւ այժմ Էրեբունու, Շենգավիթի եւ Կարմիր բլուրի սեփականության վկայական մեզ տրամադրելու գոծընթացն է գնում քաղաքապետարանի կողմից: Մեծ հույս ունենք, որ աշնան կեսերին դա կավարտվի»:

Հետաքրքրվեցինք, թե զբոսաշրջիկները հատկապես ինչ հուշանվերներ են նախընտրում: Միքայել Բադալյանը նշեց, որ հուշանվերների հատվածից ամենաշատ վաճառվում են Էրեբունու թեմայով բացիկները, մագնիսները եւ ուրարտական իրերի արծաթե կրկնօրինակները՝ մատանիներ, կրծքազարդեր, ականջօղեր եւ այլն:

Խնդրեցինք նաեւ որեւէ հետաքրքիր դրվագ հիշել՝ այցելուների հետ կապված: Տնօրենը պատմեց դրանցից մեկը. «Մի անգամ Էրեբունի ամրոցում Սուսի տաճարի մոտ խոտ էի մաքրում, ռուս զբոսաշրջիկները չգիտեին, թե դա ինչ է: Ես բացատրեցի, թե ինչ տաճար է, իրենք այլ հարցեր էլ տվեցին, ես պատմեցի ամեն ինչ: Իրենք մտածում էին, որ ես խոտերը մաքրող աշխատողներից մեկն եմ, ու երբ իմացան թանգարանի տնօրենն եմ, ուղղակի ապշել էին: Իրենց համար տարօրինակ էր դա, բայց ինձ համար բնական մի բան է»: Ասաց, որ իրենց համար կարեւոր են բոլոր կարծիքները, անկախ նրանից՝ դրական են, թե բացասական:

Տնօրենը կարեւորեց նաեւ այն, որ կարողացել են թանգարանում հյուրընկալել աշխարհի ամենահայտնի ուրարտագետներից մեկին՝ Միրիո Սալվինիին, որը մեծ կշիռ ունի աշխարհում եւ մեծ ավանդ՝ Արեւմտյան Հայաստանում տարբեր ուրարտական սեպագրեր փրկելու գործում. «Նա նույնիսկ իր գրպանից գումարներ է տվել Վանի տեղացիներին, որ սեպագրերը ոչ թե ոչնչացվեն եւ տեղափոխվեն Վանի թանգարան: Մենք կարողացանք նրան նվիրված միջոցառումը կազմակերպել Էրեբունիում, որից հետո Սալվինին նամակով երախտագիտություն հայտնեց: Վստահ եմ, որ այդ ընդունելությունը նպաստելու է, որ Հայաստանի եւ Էրեբունու հեղինակությունն ավելի բարձրանա»:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ անցյալ տարվանից ակտիվացրել են միջազգային կապերը, խորացել է համագործակցությունը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի եւ Մոսկվայի Պուշկինի թանգարանի հետ, նախնական պայմանավորվածություններ ունեն վրացի եւ իրանցի գործընկերների հետ, հունգարացիների հետ եւս շատ լավ համագործակցություն է ստեղծվել, նաեւ Էրեբունում աշխատում է հայ-ֆրանսիական արշավախումբ, զարկ է տրվել նաեւ հայ-ավստրիական համագործակցությանը:

Նշեց, որ անցյալ տարի երկու հետաքրքիր ժամանակավոր ցուցադրություն են ունեցել. «Գիտեք, որ լուսահոգի Մարկոս Գրիգորյանը հողարվեստի հիմնադիրներից է: Մենք փորձեցինք ժամանակակից արվեստը եւ հնագիտությունը մեկտեղել, տարբեր հնագիտական իրեր դրեցինք եւ տարբեր արվեստագետների հրավիրեցինք՝ Արթուր Օշականցուն, Նարեկ Ավետիսյանին, Կարեն Քյուփելյանին: Նրանք Էրեբունու հողից ստեղծեցին կտավներ, որոնք ցույց տրվեցին հնագիտական իրերի հետ մեկտեղ: Մինչեւ հիմա շարունակվում է մյուս ժամանակավոր ցուցադրությունը, որը նվիրված է Սեւանի ավազանի հնագիտական ժառանգությանը»:

Անդրադարձ եղավ նաեւ հայ ականավոր հնագետ Աշխարհաբեկ Քալանթարի հիշատակին նվիրված գիտաժողովին, կարդացված քառասունից ավելի գիտական զեկույցներին եւ առաջիկայում ֆրանսիացի եւ շվեյցարացի գործընկերների ու Հնագիտության ինստիտուտի կազմակերպվելիք «Նուռը հայկական լեռնաշխարհում» խորագրով գիտաժողովին: «Մենք գիտենք, որ նաեւ քաղաքական ենթատեքստ ունի, մեր հարեւան երկիրը շահարկում է, որ նուռը իրենց կարեւոր խորհրդանիշներից է»,-շեշտեց Միքայել Բադալյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930