Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ձեզնից մեկն եմ

Հունիս 12,2020 22:55

Այս ամենի մասին դեռ 2018-ի վերջում կամ գոնե 2019-ին պիտի գրեի, բայց խնայեցի իմ ծափահարած, փայած-փայփայած հեղափոխությանը՝ մտածելով՝ դեռ պատանի է, թող պնդանա, ոտքի կանգնի, սխալները կամաց-կամաց շտկի, հետո հանգիստ խղճով կնստեմ ու թել-թել կգզեմ իշխանավորի բուրդը, ինչպես որ արել եմ տարիներ շարունակ նախորդ բոլոր իշխանությունների ժամանակ թե´ գրական մամուլում, թե´ գրքերիս էջերում՝ պատմվածքներում, վիպակներում, վեպերում, նաև՝ էսսեներում և հարցազրույցներում (եթե ժամանակ գտնեք, մեծ մասի հղումները և կենսագրությանս հակիրճ տեղեկություններն ու գրական աղբյուրները փնտրեք «Վիքիպեդիայի» իմ էջում

Խնդիրն այն է, որ ես երբևէ չեմ հարել որևէ կուսակցության (ուղիղ առաջարկներ ու ակնարկներ շատ են եղել), ավելին՝ որևէ թիմի, խմբավորման, թայֆայի, երամի, հոտի, ոհմակի (շարունակեք ըստ ձեր նախասիրության) չեմ պատկանել (մենակի օրն էլ մի բան չի, բայց իմ ճամփան ե՛ս եմ ընտրել ու չեմ նվնվում), կարիերիստ չեմ, իմ բոլոր մեծագույն հավակնությունները, երազանքներն ու  նպատակները կապված են եղել ու հիմա էլ կապված են գրականությանն ու գիտությանը։ Ես մարդամոտ, մարդասեր, բաց, ճակատային, անկեղծ, արդարության հիվանդ, օրինապահ, հավատարիմ մարդ եմ․ ինչքան այիբ ունեմ՝ ջրի երես հանեցի։ Տաղանդի ու խելքի մասին դո´ւք ասեք․ ի՞նչ մի պարծենալու բան է, հո փող ու դղյակ, նախարարի պորտֆել ու պատգամավորի աթոռ չի, որ գլուխ գովեմ։ Բայց իմ կարծիքով՝ նաև լիքը թերություններ ունեմ․ դյուրահավատ եմ, որքան էլ տարօրինակ է, նաև կասկածամիտ եմ, ներողամիտ եմ, քինախնդիր ու հիշաչար չեմ, հույսս  միշտ դնում եմ Վերինի արդար աչքի վրա, եզան համառություն ունեմ, որը հաճախ քայքայում է նյարդերս, փչացնում կյանքս․ երևի շատերդ տեսաք ձեզ էս բնութագրումների մեջ։ Այո´, ես ձեզնից մեկն եմ․ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հայ մարդ, հայ կին, հայ գրող, որի տառապանքը շա՜տ մեծ ու դառը փորձ ունի։

Այս նախաբանը կարող էր անվերջ երկարել, բայց ամոթն էլ լավ բան է, չեմ ուզում չարաշահել ձեր համբերությունը, մանավանդ որ ահագին ասելիք ունեմ, և ինչպես ասում ե´ն՝ հիմա անցնեմ գրիչ վերցնելուս, վա՜յ, չէ´, համակարգչի ստեղները տկտկացնելուս բուն նպատակին։

Խոսքս վերաբերելու է միայն մշակույթի ասպարեզում եղած խեղումներին, այս պահին ավելի նեղացնեմ շրջանակը՝ գրականությանն առնչվող ծրագրերին, որոնք հեղափոխության սկզբում հիացական «օվացիաների» արժանացան, իսկ քիչ անց  դարձան չարաշահումների, խտրականության, թայֆաբազության, կոռուպցիայի ու «ծածկադափուկության» պարարտ տարածք, որտեղ հին ու դեռ չմոռացված երգը երգելով՝ իրենց շահավետ դաշտն էին վարելու նորաթուխ կառավարիչ ավերիչները։

2018-ի նոյեմբերյան մի լուսապայծառ առավոտ, երբ ես ոչ թե Արարատյան դաշտավայրում էի, այլ Ռուսիայի Մոսկով քաղաքում,  որտեղ արդեն քանի տարի՝ ինքն իր կարոտի ձեռքը կրակն ընկած, մի գեղեցիկ օր անպայման վերադառնալու հույսը վառ պահելով՝ իր փոքր ընտանիքով ապրում է իմ լույս աղջիկը, որի ծննդյան 30-ամյակը համընկավ Մոսկվայի լեզվաբանական  համալսարանից ինձ ուղարկված հրավերին, որտեղ ուսանողներին և դասախոսներին պիտի ներկայացնեի նոր լույս տեսած «Փեակների տարաբախտություն» վեպս, ի՞նչ իմանայի, որ ժամանակներն ու բարքերն այնքան էին «փոխվել» իմ երկրում, որ մշակույթի ոլորտը սպասարկող երիտասարդ աշխատակիցը կարող էր «անշահախնդրորեն» ինձ որոնել երկրե-երկիր, ինչ է թե՝ «անկեղծորեն» ինձ համարում էր «այս ասպարեզի լավագույն մասնագետներից մեկը», և առաջարկել մասնակցել մի մրցույթի, որի մասին ես լուր չունեի ո´չ միայն ի սկզբանե, – քանի որ ժամանակս թափած չի, որ Մշնախի կայքը առավոտից երեկո քրքրեմ, քանի որ ուղտի ականջում քնած եմ, քանի որ ընկերներիցս ոչ ոք պարտավոր չէ ինձ քնահարամ անել ու աչքալուսանք տալ, թե՝ մի չլսված ու չտեսնված ծրագիր կա, դիմիր, քանի որ «շուստրի» չեմ, որ ամենուր մտնեմ-ելնեմ, – այլև հետո էլ, երբ դիմողներից ոմանց  հայտերը մերժվել էին, իրենց ասելով՝ թափուր տեղեր կային, նոր  մեծահոգաբար ինձ շնորհ էին արել և տեղեկացրել, որ իրենք իրավունք ունեն նոր հայտեր ընդունելու, և որ ես իրավունք ունեմ ներկայացնելու հայտս և մասնակցելու մրցույթին հենց այդ պահին։ Մրցույթն էլ ի՞նչ էր․ «Քո արվեստը դպրոցում» գայթակղիչ, հուզիչ և շատ տպավորիչ վերտառությամբ մի «էստի համեցեք», որի շրջանակում շատ պարզ, ինձ համար՝ տարիներ շարունակ առօրեական դարձած մի գործունեություն էր ակնկալվում․ այցելել դպրոցներ, նաև՝ հեռավոր շրջանների քանդուքարափ ճամփաներով հասնել գյուղական «ծխական» դպրոցներ ու մի-մի դաս  վարել՝ աշակերտներին պատմելով գրքի, նկարի ու երգի մասին, մի բան, որ ես միշտ արել եմ ինքնաբուխ, սեփական նախաձեռնությամբ, սեփական ծախսով, գրքերի մեծ քանակի նվերներով, իսկ հիմա այս ընտիր ծրագիրն ինձ ասում է․ «Դու արժանի ես, դու կարող ես, դու պետք ես աշակերտներին, վերցրու այս մեկ միլիոն դրամը, տաքսի վարձիր, գնացք նստիր, իջիր, բարձրացիր, մոլորվիր, ոտքդ վնասիր, շան նման,  հոգնությունից լեզուդ կախ, գնա, հասիր, ցույց տուր, պատմիր, սեր տուր  աշակերտին և ուսուցչին, նրանք արժանի են, նրանք քո կարիքն ունեն,  նրանք մեր ուժն են, մեր հույսն են, գնա ու անտրտունջ կատարիր պարտքդ, ժամանակները փոխվել են, պետությունդ կանգնած է թիկունքիդ, հո քեզ չոլից չե՞նք գտել, որ անտեր մնաս․ բա մենք դարավոր  մշակույթ ունենք, բա մեր երեխան չիմանա՞, որ էսօր էլ են ստեղծվում մշակույթի գործեր, որ մեր երկրում էլ են գրող ու նկարիչ ու երաժիշտ ապրում, ահա´ նրանք, տե´ս, լսի´ր, ճանաչի´ր նրանց, սովորիր նրանցից, որ վաղը վեր կենաս գաս ու նրանց փոխարինես, – ոչ ոք ճանճ չի դառնում ու կպնում պատին, – իրենք գնացող են, մնացողը դուք եք, ուզում ենք, որ դուք ուժեղ, խելացի, մտածո´ղ լինեք, որ երկիրը լինի ու լինի նախ և առաջ՝ կրթությամբ ու մշակույթով»։

Քանի որ դուք էլ պարապ չեք, կարճ ասեմ․ ինձ դիմողը հայտս ոգևորությամբ ընդունեց, ու ես, իմ սովորույթի համաձայն, քնով անցա, ոչ զանգեցի, ոչ հետաքրքրվեցի, թե բա՝ ե՞րբ գամ իմ եղն ու բրինձը տանեմ, համ  էլ դրսի աշխարհի հետ խոնարհ շփումներս ինձ սովորեցրել էին, որ  քաղաքակիրթ երկրներում էլեկտրոնային փոստը մարդու հետ շփվելու արագ և արդյունավետ եղանակ է, թե մի բան լինի, նամակ կստանաս, էլի,  բայց չէ, մեր քաղաքավարության նորմերը նամշած, բերնեբերան անցնող խաբարն է, ու ահա´,  մի չարաբաստիկ օր մի ամբոխաշատ վայրում ընկերներիցս մեկն ինձ շնորհավորում է, թե բա․ «Միլիոնը դրել եք գրպաններդ ու բադիկ-բադիկ ման եք գալիս, էլի»։ Երբ զարմանքից հոնքերս թռան ճակատիս, ամեն  մեկն իր արշինն առած՝ մեյդան ընկավ, թե բա՝ ինքը տեղյակ չի, քանի որ սկզբից չի մասնակցել մրցույթին, արժանավորը իրենք էին, իրենք ամեն բանից տեղյակ են, որտեղ փող կա, իրենք հոտի վրա գնում՝ գտնում են․ հետո էլ թե՝ Մշնախի կայքում հաղթողների ցանկում անունդ կա, գնա տես ու համոզվիր։ Ծիծաղեցի, ինքս ինձ ծաղրեցի՝ միլիոնատե՜ր, անցավ գնաց, բայց բանից պարզվեց, հեչ էլ ծիծաղելի չի էս ամենը, այլ մի բոլ ու հիստերիկ լացելու է։ Երբ դպրոցները բաժանվել էին, բոլոր հաղթողներին նամակով ծանուցել էին, ո՜վ քեզ զարմանք, իսկ ահա ես դարձյալ՝ մնամ նամակիդ սպասող։

Մի մութ ջրապտույտի մեջ հայտնվեցի, հետո չար լեզուներն ասացին՝ մի հայտատու, ում հայտը մերժվել էր, սպառնացել էր աղմուկ բարձրացնել,  եթե ես մասնակցեի ծրագրին, – բախտավոր գլխիս, որ ես էլ   կարգազանց եղա, դուք էլ իմ գլխին՝ դատավոր, – հետո էդ ընթացքում Մշնախը «սահուն քայլերով անմոռաց» մտնում էր Կրթության և գիտության նախարարության հովանու տակ, հետո երկար-բարակ  ներողություններ եղան, վեճ ու կռիվ, նյարդերս պրկվեցին, հետո իմ  հայտով նոր «փաթեթ» ստեղծվեց ու դրվեց նոր, ընդլայնված նախարարության նախարարի սեղանին, հետո մի օր նախարարության իրավաբանը զանգեց, թե․ «Ձեր հայտի դեմ ոչինչ չունենք, – վա՜յ, ապրեք, որ  մարդատեղ եք դրել, գոհ ու շնորհակալ եմ, – բայց քանի որ ուշացումով է մեզ հասել, կարող են ուրիշ կերպ մեկնաբանել, կարող են  կոռուպցիոն ռիսկ տեսնել էստեղ, Նախարարը խնդրեց փոխանցել իր պատրաստակամությունը հաջորդ տարի այս հայտը առաջինն ընդունելու՝ առանց հավելյալ քննարկման», իսկ ես երկրորդեցի․ «Այո, կա այդ կոռուպցիոն ռիսկը, ավելի ճիշտ՝ սա հենց կոռուպցիա է, երբ Վարչապետի հայտարարած 50 միլիոն դրամից 47 միլիոնն է հասել շահառուներին, ես մյուս երկուսին չեմ ճանաչում, բայց ինձ հասանելիք մեկ միլիոն դրամը անհասկանալի, մութ, խուճուճ, մանիպուլյատիվ ճանապարհով գրպանվել է»։

Հեռախոսի մյուս ծայրում ինձ արդեն լսող չկար։ Հազիվ արցունքներս զսպելով, անարդարությունից ճնշված, անելանելիությունից հուսահատ՝ գրեցի մոտավորապես վերևում հնչեցրածս խոսքը և մեսինջերով ուղարկեցի Վարչապետին ու Նախարարին, տեսա, որ նամակները տեղ հասան, բայց դրան հետևեց քար լռություն, որոշեցի ես էլ լռել, սպասել ու տեսնել, թե ուր է հասնելու այս նոր գնացքը։ 2019-ին այս ծրագիրը փակվեց, բայց ես սիրով շարունակում եմ դպրոցներին գիրք նվիրել, աշակերտներին պատմել մեր հայրենիքի մասին, որտեղ իրենք ապրելու են ազատ, արդար, երջանիկ ու սիրով լի կյանքով։

Մինչ այս ամբողջ մղձավանջային իրարանցման մեջ հայտնվելը՝ գրող ընկերներիցս մեկն ինձ ասել էր «Ստեղծագործողներին և հետազոտողներին տրվող աջակցության»  ծրագրի մասին, որին հավուր  պատշաճի դիմել էի ու էլի մոռացել, էլի  ոչ մի նամակ չէի ստացել, ու երբ  կաշվիս վրա զգացի նորահայտ «մանիպուլյանտների» սթափեցնող  հարվածը,  մտքումս ինձ հայհոյեցի, որ հիմարաբար վստահել ու ներքաշվել եմ մի «գործարքի» մեջ, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում։

«Ֆանթըսի»  ժանրում  ուժերս փորձելու հայտ էի ներկայացրել․ մոտ 10-15 էջ էսքիզ էի ուղարկել, առաջարկվող մեկ միլիոն դրամաշնորհից 800,000 դրամ էի ակնկալել։ Ի  զարմանս ինձ, մի զրույցում դարձյալ պատահաբար իմացա, որ հայտս հավանության է արժանացել, բայց քանի որ հիասթափության դառը փորձ ունեի, չհավատացի, մինչև որ երեք անգամ հրավիրեցին նույն պայմանագիրը ստորագրելու, հետո պարզվեց՝ սխալ հաշվարկների պատճառով ոչ թե նշածս գումարը լիարժեքորեն պիտի  ստանամ, այլ 8000 դրամ պակաս, բայց դե, քարը գլուխը, լիքը  ֆինանսական խնդիրներ ունեմ, նստեցի ու ահագին հետազոտություն կատարեցի, որ էս ժանրում մի նոր բան անեմ, գրեթե ութ ամսում ավարտեցի  250 էջ տարողությամբ վեպս, շնորհակալ եմ, որ այս անգամ հուսախաբ չեղա, ճիշտ է, ստացածիս կեսից ավելին ծախսվեց գրքի անթերի  հրատարակության և պոլիգրաֆիական բարձր որակով 200 օրինակի տպագրության վրա, բայց ես շատ ու շատ երջանիկ եմ այս  ծրագրի գոյության համար․ կթողնե՞ն երջանկությունդ երկար տևի, լսել եմ՝ վերջերս մութ-մութ ամպեր են կուտակվել նաև ա´յս ծրագրի գլխին, և շշուկներ կան, որ ծրագիրը շուտով կփակվի։ Հա, դե, ո՞վ է տեսել՝ գրողին  փող տան, ասեն՝ գնա մի տարի նստի ու գիրք գրի, էդ փողով տպի, իսկ մնացածով էլ մի տարի ցամաք հաց կառնես, մեկ-մեկ էլ՝ կանաչ սոխ ու կանաչի։ Բայց դե, չեղածից լավ է, չես ընկնում սրա-նրա ոտքը,  խնդրում, մեկին շառով-զոռով բարերար կարգում, կամ էլ էնպես տպում, որ ոչ գրքիդ երեսը տեսնես, ոչ էլ տարիներ ի վեր դրա վաճառքից խաբար լինես, հա, դե, չի ծախվում, հազիվհազ տարվա վերջում 5-10 հազար դրամ հոնորար  ստանաս, որն էլ քեզ վերին արտի ցորենի զգացողություն կպարգևի։ Չէ, շատ չերազես, էս էլ կփակեն, դռները կզմռսեն ու անվերադարձ կփակեն, բա գրողը  ո՞ւմ շունն է, որ մարդավայել ապրի, գրողը պիտի մուրացկան լինի, աղքատության մեջ մեռնի, որ գրքերը վերատպեն, ծննդյան ու մահվան օրերը դառնան դափ ու ծնծղա նվագելու առիթ, որ հետմահու  գովեն,  ախ ու վախ անեն, կամ էլ՝ ոնց ողջության օրոք են լռեցրել, էդպիսի  մի խոսուն լռություն էլ մահվանից հետո իջնի տողիդ, ու ճիշտ տեղդ ցույց տան, որ իմանաս, թե ինչ է նշանակում քիթդ ցից ման գալ, չմտնել-չելնել, մենակ լինել ու մնալ, դիմանալ․ սև դիմանալ կբերեն գլխիդ։

Ես ոչ միայն խելոք չեմ, այլև իմաստուն չեմ, քանի որ ոչ իմ, ոչ էլ այլոց սխալներից դասեր չեմ քաղում․ ես այսքանից հետո հավատում էի, որ դեռ  ամեն բան վերջնականապես չի խաթարվել, դեռ կարելի է գրել ու ապրել,  ու որտեղից որտեղ սկսեցի փորփրել, տեսնեմ՝ էն մի ծրագրի մասին էին  խոսում, է, կարծեմ կոչվում էր «Հայ դասական և ժամանակակից գրողները թարգմանություններում», ասի տեսնեմ՝ ոնց դիմեմ, գուցե բախտս բերի՝ «Փեակներս», որի մի քանի գլուխը վրացերեն ու ռուսերեն է թարգմանվել,  տպագրվել Վրաստանում ու Մոսկվայում, մի քանի գլուխն էլ անգլերեն է թարգմանվել, գուցե հրատարակիչ լինի, որ կուզի տպել դրսում, թարգմանիչն էլ կվարձատրվի, ես էլ գոհ ու  շնորհակալ հայրենի կառավարության հոգածությունից, – հա, դե, մենք Շվեդիայի հետ ոնց ոտք  երկարենք, – կասեմ, կպոռամ․ «Ասում եք՝ բան չի փոխվել, տեսեք՝ ինչքա՜ն բան է փոխվել․ միայն կույրը չի տեսնի էս զիլ փոփոխությունները»։ Մեկ էլ՝ հո՜պ, առուն չթռած՝ հոպ մի ասա։

Որպես իմ սերնդի մի քանի հայտնի արձակագիրներից մեկը, որի  պատմվածքները՝ իր չսիրած, խստորեն քննադատած նախկին իշխանությունների օրոք, – ճիշտ է, եթե ձեռքներին ճար լիներ, կխանգարեին, ինչպես որ տարբեր առիթներով արել են, բայց արդեն գիտեք,  ես պոզեր ունեմ, համառելով քանդել եմ պատերը, ու հիմա էլ դեռ  էդ նույն գործին եմ, – 13 լեզվով թարգմանվել են, տպվել աշխարհի տարբեր գրական անթոլոգիաներում ու ամսագրերում, որի գրքերից մեկը երեք լեզվով թարգմանվել ու տպվել է Հայաստանում, Գերմանիայում ու Ռուսաստանում, որպես անկոտրում և անուղղելի լավատես, ասի տեսնեմ՝ հիմա ինչ սիրուն, մշակութանպաստ գործեր է անում նախարարությունս, ու ա՜յ քեզ   անհավատալի հեքիաթ․ ահա´ ԿԳՄՍ-ի նախարարության կայքում կարդում եմ հայտնի թարգմանական ծրագրով 2020-ին տպագրվելիք գրքերի ցանկը, և սիրտս  ուրախությունից թպրտում է, ուռա՜, ես սխալվել   եմ, ամեն բան իր հունով գնում է, մի տե´ս, թե քանի-քանի՜ գիրք է տպվելու,  ուրեմն, հաջորդ տարվա համար էլ դո´ւ կարող ես դիմել, ամեն բան դեռ առջևում է, մեկ էլ ցանկը նայելիս տեսնեմ՝ երկու անթոլոգիա, մեկը հունարեն, մեկը շվեդերեն թարգմանված հայ գրողների պատմվածքներ, ու հիմա անհամեստորեն մտածում եմ՝ բա ինձ ինչո՞ւ չեն տեղեկացրել, բա ես էլ կարծես իմ երկրի, գոնե իմ սերնդի մի քանի արձակագիրներից մեկն եմ, է, ախր, մենք շատ չենք, որ էն երկրաշարժի, պատերազմի տարիներին   սկսեցինք գրել, հազիվհազ մեզ տեսան, հազիվհազ կարդացին, հետո վազքով եկավ «Անկախության սերունդը», մե´նք, որ կուչ էինք եկել ավագների ու ջահելների արանքում, ախր, մենք «մեր գրականությունը  դժվար ստեղծեցինք, բայց ստեղծեցինք», ու գոնե իմ արշինով չափած՝  արժեքավոր գրականագիտական խոսք ունեցող մեկի ասելով՝ «դուք՝ ձեր  սերունդը, ավելի լավ է գրում, քան ձեզնից հետո եկածները», լսեցի,  ականջներիս չհավատացի, բայց իր ասածին հավատացի, դե, իրենք ջահել են, դեռ կզուլալվեն, կգրեն, կարժևորվեն, բա ե՞րբ է գալու մե´ր ժամանակը,  ի´մ ժամանակը ե՞րբ է գալու։

Հետո այս ծրագրին  մոտ կանգնած աղբյուրներն ինձ ասացին, որ  պղտոր, շա՜տ պղտոր ջրեր են հոսել նաև շվեդերեն անթոլոգիան կազմելիս,   և զարմանալի չէ, որ ես, չէ´, իմ պատմվածքը «որոշողների, ընտրողների, կազմողների ու կնքողների» թեթև ձեռքով դուրս է մնացել իմ ժամանակը ներկայացնող անթոլոգիայից։ Դե, ինձնից ի՞նչ շարք կանգնող, ու ինչպես իմ սիրելի  գրչընկերներից մեկն է ասում․ «Ախր, քո ինչի՞ն է պետք էդ եղբայրական գերեզմանոցում հայտնվելը», բայց ճիշտն ասած՝ գոհությամբ իմացա, որ էս անգամ  ինքն էլ է տրվել գայթակղությանը, իսկ ես անկեղծորեն կուզեի  իր պատմվածքի ու մի քանի ուրիշների պատմվածքների կողքին իմ պատմվածքն էլ շվեդերեն կարդային իմ շվեդ գրչընկերները, ում հետ բախտ եմ ունեցել Վիսբի քաղաքում 2016-ին մեկ ամիս մասնակցել գրողական մի շքեղ հավաքի, որը միջազգային ճանաչում ունի որպես «Գրող-բնակիչ» ծրագիր։

Հիմա ես ի՞նչ անեմ, ի՞նչ կարող եմ անել, իմ ձեռքին ի՞նչ կա, որ ինչ անեմ․ ոչի´նչ։ Կարողացածս այս դառը, ինձ հյուծող ու սպանող խոսքը գրելն է, որը երկու տարի առաջ պիտի գրեի, բայց համբերությանս բաժակը միայն հիմա լցվեց։ Հուսով եմ՝ սա սթափության կոչ կլինի հեղափոխության մարտիկներին, քանի որ չար լեզուներն ասում են՝ գրքերի թարգմանության ծրագիրը նույնպես վտանգված է, և այս անգամ ո´չ միայն «թայֆաբազությամբ ծածկադափուկ անելով» անթոլոգիաների գոյացումը՝ առանց հայտարարություն տարածելու, առանց ներգրավված գրողներին տեղեկացնելու, առանց օրինական պայմանագրեր կնքելու գրողների հետ, իրենց «բստրած» ցուցակը կարել, կցմցել, ուղարկելով՝ փողի հոտից ուշակորույս սփրթնած, այլև ծրագիրը ամբողջովին վերացնելու, փակելու, ոչնչացնելու խրոխտ ու նպատակասլաց գործելակերպով։ Հա´, էս էլ է մեզ շատ։ Քայլե´ք, նոր քայլ արեք, տեսնեմ մինչև ուր եք հասնելու․ կամ սարը շուռ կգա Մուհամեդի գլխին, կամ Մուհամեդը կհասնի սարի գլուխ։

Հ․Գ․ Ներողություն եմ խնդրում իմ բոլոր գրող ընկերներից, որոնք իրենց տեսան խոսքիս մեջ․ ես անանուն գրեցի՝ խնայելով մեզ, բայց մեր երկիրը մի բուռ է, բոլորս իրար ճանաչում ենք, գիտենք, թե ով ինչ և ինչպես է շնչում։ Ես ձեզնից մեկն եմ, եթե անգամ մի քանիսին դա բոլորովին դուր չի գալիս, եթե անգամ ինձ սպիտակ ագռավի տեղ եք դրել։

ԴԻԱՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ         

Լուսանկարում՝ գրող, թարգմանիչ Դիանա Համբարձումյանը՝ Կուրտ Վոնեգուտի թանգարանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սուսաննա says:

    Դիանա ջան, հիմա ո՞ր ասպարեզն է կատարյալ, որ նստել բողոքում ես: Ձեզնից բարձր և հետո եկող սերունդներն էլ են լավ գրում, երբեմն՝ ավելի լավ, կարիք չկա ցեխ շպրտել նրանց վրա ակնարկով: Ուրիշներն ավելի վատթար վիճակում են, բայց ոչինչ չեն ասում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930