Լրահոս
Օրվա լրահոսը

Վազրիկ Պետրոսյան. «Այդ ծանր ու ծանրաբեռնված պայմաններում բժիշկները կորոնավիրուսով հիվանդների հետ նույնիսկ կատակ էին անում, դուխ տալիս»

Հունիս 12,2020 21:15

73-ամյա Վազրիկ Պետրոսյանն արդեն երկու շաբաթ է՝ դուրս է գրվել հիվանդանոցից, նա եւ նրա կինը՝ Ռուբինա Ղազարյանցը վարակվել էին կորոնավիրուսով: Ցավոք, կինը, ինչպես պարոն Պետրոսյանն է ասում, չկարողացավ դիմադրել եւ հաղթահարել հիվանդությունը: Վազրիկ Պետրոսյանն էլ դեռ չոր հազ ունի, մեզ հետ զրույցում անընդհատ հազում էր, ասում է՝ ջերմություն չունի, բայց դեռ որոշ ժամանակ տանը պետք է դեղորայքներ ընդունի:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Պետրոսյանը պատմում է, թե ինչպես են վարակվել. «Մայիսի 16-ին կինս ջերմություն ունեցավ, անմիջապես կապվեցինք պոլիկլինիկա, որովհետեւ ինքը սինուսների խոռոչների խրոնիկ բորբոքում ուներ, երեք անգամ էլ վիրահատել ենք: Մենք ջերմությունը վերագրեցինք այդ բորբոքմանն ու համապատասխան հակաբիոտիկներ ընդունեցինք: Բայց 3-4 օր հետո նկատեցինք, որ ես էլ եմ ջերմում, սկսեցինք ավելի լուրջ մտածել: Դիմեցինք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, թեստ հանձնեցինք, երկու օրից պետք է պատասխան ստանայինք: Ես չհամբերեցի, գնացինք «Աստղիկ» ԲԿ՝ թոքերի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա անելու(ԿՏ), դա ավելի հստակ ախտորոշում է տալիս: Ինձ բժիշկները մի կողմ քաշեցին ու ասացին՝ կնոջդ վիճակը շատ վատ է, երկու թոքերում տարածված է, մոտ 90%-ը ախտահարված է, որքան հնարավոր է՝ շուտ տարեք հիվանդանոց»:

Ապա` տուն վերադառնալուն պես պարոն Պետրոսյանը փորձել է շտապ օգնություն զանգել, կապնվել է, բայց շտապ օգնությունն էլ այնքան ծանրաբեռնված է եղել, որ այդ պահին ազատ մեքենա չի եղել: Պետրոսյանն ասում է՝ արդեն ուշ երեկոյան շտապ օգնության մեքենայով գնացել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, այդ օրն էլ հոսպիտալացվել է. «Երկու օրից «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց տեղափոխեցին, հետո՝ «Էրեբունի» ԲԿ: Ես, կնոջս պառկելուց երկու օր հետո, Օրթոպեդիկ հիվանդանոցում պառկեցի, ու հետո համընկավ, միասին տեղափոխվեցինք Էրեբունի բուժկենտրոն: Այստեղ չհանդիպեցինք իրար, ինքը վերակենդանացման բաժանմունքում էր, ես՝ հիվանդասենյակում: Կինս երկու գիշեր մնաց, չկարողացավ դիմադրել»:

Վազրիկ Պետրոսյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Պետրոսյանն ասում է՝ ջերմելու առաջին իսկ օրից գրառումներ է կատարել, օրը վեց անգամ ջերմաչափվում էին, ասում է՝ այդ հինգ օրում ունեցել են 37 աստիճան ջերմություն, կինը մեկ անգամ 37.8 աստիճան: Ու երկուսն էլ ունեցել են այն ախտանիշերը, որոնք բնորոշ են այս վարակին, բայց ամենացայտունը, ինչպես Պետրոսյանն է ասում՝ չոր հազ՝ առանց խորխի, շատ չոր, չորս օրից չոր հազը փոխվել է, թացացել, անընդհատ թուլություն, ուժեղ գլխացավեր, բայց օրինակ կինը գլխացավ չի ունեցել: Ախտանիշներից մեկն էլ աղիների աշխատանքի խանգարումն է՝ լուծը. «Չեմ կարող ասել, թե որքան արագ է զարգանում այս հիվանդությունը, բայց առավոտյան, երբ Ռուբինան ջերմություն ունեցավ, ընտանեկան բժշկի հետ կապնվեցինք, դեղ նշանակեց: Չորս օրից հետո ես էլ վարակվեցի, շատ արագ տարածվեց: Դա շատ անհատական է, ամենքի մոտ իր ուրույն ձեւով է զարգանում: Ուղղակի մարդիկ պետք է զգույշ լինեն, որեւէ ախտանիշ ի հայտ գալուց հետո անմիջապես դիմեն բժշկի»:

Վազրիկ Պետրոսյանն ասում է՝ եթե կինը թոքերի խոցելիություն չունենար, մեծ է հավանականությունը, որ կհաղթահարեր հիվանդությունը. «Տարիներ առաջ կնոջս երեք անգամ վիրահատել են, խոցելի էր կորոնավիրուսի դեմ: Ցավոք, կորոնավիրուսը մեր տանն էլ բույն դրեց»:

Պետրոսյանն ասում է՝ վարակվելուց խուսափելու համար փորձել են պաշտպանվել, բայց չի հաջողվել խուսափել, ենթադրում են, թե ումից կարող էին վարակվել. «Մեր փողոցում մի կին կար, հաց էր վերավաճառում, ես իրենից հաց էի գնում, բնականաբար, հեռավորությունը պահում էի, ձեռքս մեկնում էի գումարը տալու ու հացը վերցնելու, ինքն էլ էր ձեռքը երկարացնում՝ հացը տալիս: Հետո իմացանք, որ ինքն էլ է հիվանդացել, թթվածնի հագեցվածությունն իջել էր: Ուրախ եմ, բուժվել է: Այդ նույն փողոցում մի երիտասարդ ընտանիք էլ է վարակվել, ու բարեբախտաբար, բուժվել»:

Օրթոպեդիկ եւ«Էրեբունի» բուժկենտրոններում, ինչպես ասում է Պետրոսյանը, բուժանձնակազմը բարձր պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերել, ասում է՝ չեմ չափազանցնում, բուժանձնակազմը վերին աստիճանի անկեղծ ու նվիրված աշխատում են. «Հիվանդների այս հոսքում, այդ ծանր ու ծանրաբեռնված պայմաններում նույնիսկ կատակ էին անում հիվանդների հետ, դուխ տալիս, տրամադրությունը բարձրացնում, ոգեւորում էին: Ես աշխատել եմ Իրանի եւ Ֆրանսիայի հիվանդանոցներում, այսպիսի ջանադրություն հիվանդի նկատմամբ, այսպիսի բծախնդիր մոտեցում չեմ տեսել»:

Այն հայտարարությունները, թե կորոնավիրուս չկա, կեղծ է եւ այլն, վարակի պատճառած տառապանքներով անցած Վազրիկ Պետրոսյանը հակադարձում է. «Ես ամաչում եմ, որ այս դարում նման հարց է բարձրանում Հայաստանում: Իսկապես զարմանալի է, աբսուրդ է նման մոտեցումը: Չգիտեմ էլ ինչ ասել, ամբողջ աշխարհը խոսում է այս կործանիչ վարակի մասին, հնարավոր չէ այս դարում գաղտնի մի բան պահել: Նրանք, ովքեր նման բաներ են տարածում, հիմարություն են անում, կամ էլ հետադեմ են կամ՝ քաղաքական շահերից ելնելով են շարժվում՝ որքան վիճակը վատ, այնքան՝ ավելի լավ , փորձում են մթնոլորտ ստեղծել, որ հանրությունը իշխանության հանդեպ բացասական տրամադրվի»:

Առողջապահական համակարգն արդյոք համավարակին համարժեք է աշխատում, ինչպես կգնահատի նախարար Արսեն Թորոսյանի՝ համավարակի դեմ պայքարի աշխատանքը, մեր այս հարցին, մասնագիտությամբ բժիշկ Վազրիկ Պետրոսյանը պատասխանում է. «Իմ կարծիքով՝ չի կարող պատահել, որ Թորոսյանը թերացած չլինի: Թերացել է, այսօր էլ է թերանում, բայց այն իրավիճակը համավարակի այս պայմաններում, Հայաստանի սահմանափակ հնարավորությունները, հատկապես սարքավորումների հագեցվածության, այդ անակնկալ վիճակը, նա լավ ձեւով հաղթահարել է: Սխալներ արել է, բայց ոչ շատ էական: Նա առաջին նախարարներից է, որ ներողություն է խնդրել թերանալու համար, դա մեզ բոլորիս պատիվ է բերում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Վազրիկ ջան, որ ազնիվ, արդարամիտ ու բարին կամեցող անձնավորություն ես, գիտեի, բայց որ ծանր կորստից հետո կարողանում ես նաև անաչառ ու շատ օգտակար գնահատականներ հնչեցնել․․․
    Հպարտ եմ, որ ծանոթ եմ քեզ հետ, օրինակելի մարդ․․․

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930