Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան համայնքին պատճառվել է 64մլն. դրամի վնաս

Հունիս 12,2020 22:15

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Բաղրամյան համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Բաղրամյան համայնքի ղեկավարը, 2016թ. աշնանից զբաղեցնելով նշված պաշտոնը, իր պաշտոնավարման ընթացքում առերևույթ թույլ է տվել չարաշահումներ. իր քրոջ ամուսնու` Մյասնիկյան համայնքի նախկին ղեկավարի օժանդակությամբ, շահադիտական և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, էական վնաս է պատճառել Բաղրամյան համայնքի, Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ իրականացնող ՍՊ ընկերության իրավունքներին և օրինական շահերին: Արդյունքում՝ օտարերկրյա ներդրումների համար Հայաստանի Հանրապետությունում ստեղծված բարենպաստ միջավայրի վրա բացասական ազդեցություն թողնելով՝ էական վնաս է պատճառել նաև պետության օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Քննության տվյալներով՝ համայնքի ղեկավարը, ի պաշտոնե հստակ տեղեկացված լինելով, որ նշված ՍՊ ընկերությունը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը Բաղրամյան և հարակից համայնքներում և ձեռք բերել հողատարածքներ, ընկերության տնօրենին և ներկայացուցիչներին տրամադրել է խեղաթյուրված տեղեկատվություն՝ համայնքում գտնվող հողատարածքների նկատմամբ գրանցված իրավունքի տեսակի, պատկանելության վերաբերյալ՝ նպատակ ունենալով համայնքի հաշվեկշռում գտնվող հողատարածքները միջնորդավորված եղանակով, հետևաբար նաև՝ ավելի բարձր արժեքով վերավաճառել ընկերությանը։

Մասնավորապես` 2018 թվականի օգոստոսի վերջին, համայնքի ղեկավարը, քաջատեղյակ լինելով որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ՍՊ ընկերության փոխտնօրենին հայտնել է, որ համայնքի սեփականություն հանդիսացող, վաճառքի ենթակա հողատարածք առկա չէ՝ նպատակ ունենալով թույլ չտալ, որպեսզի հիշյալ ընկերությունը մասնակցի համայնքին պատկանող հողերի աճուրդով վաճառքի գործընթացին։

Օրեր անց, սակայն, համայնքի ղեկավարը հիշյալ ՍՊ ընկերության փոխտնօրենին տեղեկացրել է, թե, իբրև, սեփականատերերից մեկը վաճառում է իրեն պատկանող հողը՝ նրան ուղղորդելով կապ հաստատել գնման առարկա հանդիսացող հողատարածքի հետ փաստական և իրավական որևէ առնչություն չունեցող իր քրոջ ամուսնու հետ, որը ներկայացել է իբրև նշված հողատարածքի սեփականատիրոջ կողմից լիազորված անձ: Վերջինս հողատարածքի ձեռքբերման հարցով պայմանավորվել է ընկերության փոխտնօրենի հետ, բանավոր պայմանավորվածություն ձեռք բերել՝ 1 հեկտարը 1.100 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ, որպես կանխավճար պահանջել և բանկային փոխանցման եղանակով ՍՊ ընկերության կողմից ստացել 4.845.000 ՀՀ դրամ գումար՝ վստահ լինելով, որ հողատարածքի աճուրդը լինելու է ձևական և հաղթող է ճանաչվելու ինքը: 2018թ. Նոյեմբերին ՍՊ ընկերության և լիազորված անձ ներկայացած՝ համայնքի ղեկավարի քրոջ ամուսնու միջև կնքվել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքի՝ 71.489.000 ՀՀ դրամով առուվաճառքի նախնական պայմանագիր, որից հետո բանկային փոխանցման եղանակով վերջինս ստացել է պայմանավորված գումարի մի մասը՝ 20.000.000 ՀՀ դրամը:

Համայնքի ղեկավարը, միջնորդավորված եղանակով հողատարածքները վաճառելու իր մտադրությունն ի կատար ածելու նպատակով, իր իրավասության սահմաններում, 2018թ սեպտեմբերին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու նիստի ընթացքում առաջարկել և ստացել է համայնքի ավագանու համաձայնությունը` համայնքի սեփականություն հանդիսացող վերոհիշյալ 132հա հողն աճուրդով օտարելու վերաբերյալ և նույն օրը, համայնքի ղեկավարի որոշմամբ, նշված հողատարածքների վերաբերյալ հայտարարվել է աճուրդ-վաճառք` մեկ հեկտարի մեկնարկային վաճառքի գին սահմանելով 67.500 ՀՀ դրամ:

2018թ. նոյեմբերի 16-ին կազմակերպված ձևական աճուրդում վաճառքի հաղթող է ճանաչվել համայնքի ղեկավարի քրոջ ամուսինը, որից օրեր անց նշված հողատարածքը 9.360.352 ՀՀ դրամով վաճառվել է վերջինիս, որը աճուրդով գնված հիշյալ հողատարածքը առքուվաճառքի պայմանագրով, նոտարական վավերացմամբ, վերավաճառել է հիշյալ ՍՊ ընկերությանը` նույն օրը ստանալով նաև վաճառքի մնացած 39.508.940 ՀՀ դրամ գումարը՝ այդկերպ համայնքին պատճառելով ընդհանուր 64.353.940 ՀՀ դրամի նյութական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Բաղրամյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը դատարանի կողմից մերժվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930