«Հունիսի 1-ի դրությամբ մեր ստացած բողոքների թիվը՝ հանած օրենսդրական փորձաքննությունները, ավելի շատ է, քան անցյալ տարի ողջ տարվա ընթացքում»,-«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացված «Համավարակը՝ իրավունքի խախտման խոշորացույց» թեմայով առցանց հեռուստաբանավեճին հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Ըստ մարդու իրավունքների պաշտպանի՝ այս սահմանափակումները բնույթով նախադեպը չունեին, և կանխատեսվում էր, որ կարող էին դժգոհությունների հանգեցնել: Նա հայտնեց, որ աշխատում են 24-ժամյա ռեժիմով՝ շաբաթը յոթ օր:
Արման Թաթոյանը նշեց, որ իրականացնում են հանրության իրազեկում և գործադիր մարմինների նկատմամբ վերահսկողություն:
Խոսելով, թե հիմնականում ինչ ոլորտների հետ կապված բողոքներ են ստացել՝ Արման Թաթոյանն առանձնացրեց աշխատանքային իրավունքների, կարանտինային վայրերի, կրթության իրավունքի՝ մասնավորապես հաշմանդամություն ունեցող երեխաների հետ կապված բավարար հնարավորություններ չունեցող ընտանիքների հետ կապված, գործարարության, ծառայությունների, փակ հաստատություններում խնդիրներ և այլ ոլորտներ:
Կարդացեք նաև
Խոսելով կարանտինային վայրերի հետ կապված սահմանափակումների մասին՝ նա ասաց. «Նախկինում շատ ավելի շատ էր գործադրվում այդ մեխանիզմը: Այնտեղ գտնվող անձանց իրավունքների ապահովման հետ կապված ի սկզբանե իմ դիրքորոշումն էր այն, որ այդ վայրերում գտնվող անձինք փաստացի զրկված են ազատությունից, և գործ ունենք նրանց ազատության իրավունքի սահմանափակման հետ»:
Արման Թաթոյանն ասաց, որ մեծ թվով բողոքներ են ստացել միջպետական սահմանը հատելու հարցերով՝ մասնավորապես ընտանիքի վերամիավորման հիմքով և այդ հարցում համագործակցել են ԱԳՆ-ի, դեսպանատների և պարետատան հետ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ