ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ԱԺ-ում ներկայացնում է 2019-ի բյուջեի կատարման հաշվետվությունը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Մանե Թանդիլյանը հարցրեց dasaran.am-ի ճակատագրից. «Իմ տպավորությամբ, ես ինքս օգտվել եմ, բավական լավ տեղեկատվություն կա, բայց ես գիտեմ, որ ձեր հայտարարությունից հետո, երբ ասել եք, որ պարտադիր չի ծրագրից օգտվելը եւ էլեկտրոնային մատյանի վարումը, ուսուցիչները դադարել են դրանից օգտվել: Նախկինում լավ կիրարկում ուներ»:
Նախարարը պատասխանեց. «Dasaran.am-ի հարցը եկեք մեկընդմիշտ ես փակեմ, որովհետեւ տարբեր մանիպուլյացիաներ են արվում՝ դրա հետ կապված: Dasaran.am-ը երբեք չի եղել պետական նախագիծ, դա բիզնես պրոյեկտ է: Dasaran.am-ը երբեք չի եղել պարտադիր դպրոցների համար, դա միֆ է եւ խաբկանք, տարածվող մոլորություն, որը պարտադրվում է հանրությանը: Ես ձեզ կուղարկեմ ԿԳ-ի եւ հետո ԿԳՄՍՆ-ի շրջաբերականները դպրոցների, որ գնացել են մշտական, որտեղ սեւը սպիտակի վրա գրված է, որ այդ գործընթացը լրացումների պարտադիր չէ, պարզապես Կարեն Կարապետյանը, երբ որ այն ժամանակ, չգիտեմ ինչ սկզբունքներով ու ինչ չափանիշներով ֆինանսավորում է իրականացրել այս ծրագրի համար, այն ժամանակ այդպես իներցիայով, նաեւ երեւի տարբեր պարտադրանքների միջոցով դա դարձել է պարտադիր: Հիմա մենք դպրոցներին ասում ենք՝ ի սեր Աստծո, օգտվեք Dasaran.am-ից որքան ուզում եք՝ դասարաններով կլինի, դպրոցներով կլինի, որեւէ մեկը չի արգելում ձեզ դա անել, բայց ես պարտավոր եմ ասել, որ դա պարտադիր չէ: Որոշ ուսուցիչներ կան, զարմանում են, երբ ասում ենք, որ դա պարտադիր չէ: Երկրորդը՝ սա էլ պետք է իմանաք՝ կա հարուցված քրեական գործ հատկացված միջոցների ծախսման հետ կապված, այն գտնվում է դատախազությունում ու ճակատագիրը կվճռվի այնտեղ, ու մենք կհասկանանք, թե ինչպես ենք շարունակելու»:
Մխիթար Հայրապետյանը ճշտեց՝ այսինքն, dasaran.am-ը բիզնես պրոյե՞կտ է եղել, փաստորեն պետությունը գումար է վճարել, ու որեւէ իրավունք չունի՞ այսինքն, փող է տրվել բիզնեսի՞ն պետությունից: Նախարարը հաստատեց. «Այո, փող է տրվել, բավականին մեծ գումար: Այնտեղ որոշակի իրավունքներ կան, բայց դա կարեւոր չէ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ