Լրահոս
Օրվա լրահոսը

«Չմոռանանք, որ մեր դիմաց կանգնած են մեր քույրերն ու եղբայրները». Յուրի Խաչատուրովը Օնիկ Գասպարյանին է փոխանցել վարչապետի խոսքերը

Հունիս 12,2020 21:01

Հունիսի 9-ին Օնիկ Գասպարյանը նշանակվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: Նա ՀՀ զինված ուժերում ծառայում է 1993 թվականից: 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ Օնիկ Գասպարյանը զբաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը: Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր 2017 թվականից: Օնիկ  Գասպարյանը «Մարտի 1»-ի գործով և դրանից անջատված ու այժմ դատարանում քննվող Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ցուցմունք տված անձանցից մեկն է: ArmLur.am կայքը հրապարակել է Օնիկ Գասպարյանի ցուցմունքը, որում բավական ուշագրավ դրվագներ կան:

Իր ցուցմունքում Օնիկ Գասպարյանը պնդել է, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերն իր ղեկավարած զորքը զենք չի կիրառել: Օնիկ Գասպարյանը զենքի կիրառում չի տեսել նաեւ ոստիկանության զորքերի կողմից: Նաեւ ժողովրդի մոտ զենք, պայթուցիկ նյութեր եւ համանման առարկաներ չի նկատել, ոչ էլ կիրառման ականատես է եղել:

Հստակեցնող հարցի` բանակային կորպուսի հրամանատարներ`Հայկազ Բաղմանյան եւ այլք, եղե՞լ են Յուրի Խաչատուրովի մոտ անցկացված խորհրդակցություններին եւ զենքի կիրառման թույլտվության կամ այլ գործողություններ իրականացնելու հարցեր քննարկվե՞լ են խորհրդակցությունների ժամանակ, նա պատասխանում է`չի հիշում, թե ովքե՞ր են եղել խորհրդակցություններին, բայց իր մասնակցությամբ խորհրդակցությունների ժամանակ զենքի կիրառման կամ այլ գործողություններ իրականացնելու հարցեր չեն քննարկվել:

Սկսենք սկզբից.

Օնիկ Գասպարյանը հարցաքննվել է իբրեւ վկա, փաստաբանից հրաժարվել է, թարգմանչի կարիք է ունեցել: Ասել է, որ այժմ գործով անցնող, այն ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի եւ Յուրի Խաչատուրովի հետ ունեցել է ծառայողական հարաբերություններ, նրանց հետ գտնվել է զուտ կանոնադրային փոխհարաբերությունների մեջ, վերջիններիս հետ ծառայողական հարթությունից դուրս շփումներ չի ունեցել: Գործով մեղադրյալ, այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ`ոչ մի հարաբերություն չի ունեցել:

4-րդ բանակային զորամիավորման շտաբի ներքո գործել է Արարատի 58831 զորամասը`հրամանատար Գրիշա Խաչատուրով, Վեդու 76852 զորամասը, հրամանատարին չի հիշում, Վայքի գունդը`60913`հրամանատար Տիգրան Փարվանյան, Սիսիանի գունդը`70179`հրամանատար Անդրանիկ Փիլոյան եւ Մեղրու զորամասը, հրամանատարին չի հիշում: 2008-ի փետրվարի 22-ին Օնիկ Գասպարյանը գտնվել է Երեւանում, հանգստի մեջ: Փետրվարի 23-ին, բանակային զորամիավորման օպերատիվ հերթապահից «հավաք» ազդանշան է ստացել եւ ըստ կանոնադրության`արդեն երկու ժամից, ներկայացել մշտական տեղակայման վայր`Եղեգնաձոր: Կորպուսի հրամանատար Վալերի Գրիգորյանն է իրեն կանչել եւ հայտնել, որ պաշտպանության նախարարի համանով զորքը բերվել է զորանոցային վիճակի, անհրաժեշտ է 100 հոգանոց համահավաք ստորաբաժանում կազմել եւ մեկնել Երեւան`տեղակայվելով 5-րդ ԲԿ-ի մշտական տեղակայման վայր: Խորհրդակցության արդյունքում ստորաբաժանումը ձեւավորվում է Արարատի, Վեդու եւ Վայքի գնդերի անձնակազմից`ամեն զորամասից, կամավորության սկզբունքով ներառելով մոտ 30-ական պայմանագրային զինծառայող եւ մոտ տասը հոգի բանակային զորամիավորումից: Ամսի 24-ին մեկնում են Երեւան, որտեղ իրենց սպասում էին Արարատի զորամիավորման անդամները:

«Երբ ձախ թեքվեցինք, նկատեցինք, որ մի փոքր առաջ`ձկան խանութի խաչմերուկ չմտած, մոտ ութ տողանով կանգնած են ոստիկանություն զորքերի անձնակազմը, որի անդամների ձեռքին զենքեր չեմ նկատել, միայն նկատեցի, որ նրանք վահաններով էին, սաղավարտներով եւ մահակներով: Նրանց դիմաց առկա էր փշալարե ցանկապատ: Նրանց աջակողմյան մասում կայանված էին թվով երկու ջրցան մեքենաներ, որոնք ջուր էին ցողում`դեմ-դիմաց մոտ 50 մետր հեռավորության վրա, խաչմերուկի մուտքի հակառակ կողմում կրկին փշալարե պատնեշի հետնամասում կանգնած  ժողովրդի հոծ բազմության վրա: Ինչու եմ հիշում, որ ցողում էին, քանի որ ավտոմեքենաների արձակած ջրի շիթը ուղղվածություն չուներ, այն ցողելու նման էր արվում: Այդ ժամանակ երբ հասանք այդտեղ եւ այդ տեսարանին ականատես եղա, որեւէ կրակոց չեմ նկատել եւ այդ ժամանակ հասկացա, որ հրապարակից իմ տեսած կրակոցները, միգուցե այդտեղից չեն արձակվել:

Սակայն երկնքում տեսնում էի լուսածրող փամփուշտների հետագիծը, բացի այդ լսվում էին պայթյունների ձայներ, սակայն դա նման չէր մարտական նռնակի կամ այլ պայթուցիկ սարքերի պայթյունի ձայների, ավելի շուտ դա նամն էր ուղղակի ձայնային ինչ-որ պայթյունի: Այդ ժամանակ չէի կարողանում տարբերակել, թե որ ուղղությունից էի լսում ձայները, սակայն որ ոստիկանների կողմից կրակոցներ այդ ժամանակ չեմ տեսել դա հաստատապես հիշում եմ: Մի քանի րոպե անց, երբ ջրցան մեքենաները նահանջեցին, ամբոխը մի ակնթարթում անցավ փշալարե արգելապատնեշը եւ աղաղակներով հարձակվեց ոստիկանության հիշյալ զորքի վրա: Սկսվեց բախում ոստիկաններ եւ ժողովրդի միջեւ, սակայն ժողովրդի կողմից ոստիկանների ուղղությամբ եւ հակառակ ուղղությամբ կրակոցներ չկային, ուղղակի բախում էր: Ոստիկանության զորքերը չկարողացան պահել արգելապատնեշը եւ նահանջեցին:

Իմ զորքը այդտեղ որեւէ բանի չի խառնվել: Նրանց նահանջելու արդյունքում ակամայից մենք եւս նահանջեցինք եւ հասնելով Լեո փողոցի հետ հատման խաչմերուկ, նույն մարտակարգով հետընթաց մտանք Լեո փողոց եւ ոստիկանության զորքերը կրկին պատնեշ կազմեցին Լեո-Պռոշյան փողոցների հատման խաչմերուկում`Լեո փողոցի վերջնամասում: Ինձ համար անակնկալ կերպով ժողովուրդն էլ կանգնեց ձկան խանութի խաչմերուկից դեպի մեր գտնված խաչմերուկը հասնելով`հենց խաչմերուկի մոտ, այնպես որ իմ կանգնած հատվածից, որը բուն խաչմերուկից մոտ 30 մետր դեպի ներս էր, ժողովուրդը տեսանելի չէր: Միայն տեսնում էի, որ մեր դեմ-դիմաց խաչմերուկի հակառակ կողմում`շենքի տակ, կանգնած էին մի խումբ քաղաքացիներ, որոնք իմ տպավորությամբ ամբոխի գործողությունների հետ կապ չունեին, միայն կանգնած նայում էին: Այդ պահին ինձ հետեւից ասեցին, որ մեր ավտոմեքենաներն են այրվում: Ես հետ պտտվեցի ու տեսա, որ մեր ավտոմեքենաներից 2 կամ 3 ավտոմեքենայի բրեզենտե ծածկերը այրվում են: Հացրեցի, թե ով է դա արել եւ չեմ հիշում թե ով էր, պատասխանեց որ պատուհաններից այրվող շշեր են նետել»:

Այնուհետեւ տպագրական բացթողման արդյունքում հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ հանձնարարական է տալիս Օնիկ Գրիգորյանը, սակայն, ցուցմունքին ծանոթանալով պարզ է դառնում, որ անձնակազմը նախանշված վայր տեղափոխելու մասին է: Հետագա ցուցմունքում արդեն նշվում է, որ անձնակազմն ամբողջությամբ եղել է համազգեստի մարտական համալրվածությամբ եւ բոլորի մոտ եղել են իրենց ամրակցված ինքնաձիգերը եւ մարտական փամփուշտները. «Տեղափոխումն իրականացվել է զորամասերի «Զիլ 131» զինվորական բեռնատարներով: Այժմ չեմ հիշում, թե ամեն զորամասի անձնակազմը որ սպաներն էին ղեկավարում, սակայն հիմնական ղեկավարումն իրականացնում էի անձամբ: Ինձ հետ բանակային զորամիավորման հրամանատարային կազմից որեւէ մեկը չի եղել, ներառյալ բանակային զորամիավորման հրամանատարը: Անձնակազմը տեղափոխելով Երեւան եւ տեղակայելով նախանշված վայրում սպասեցինք հետագա կարգադրություններին:

2008 թվականի մարտի 1-ին, կոնկրետ ժամը չեմ հիշում, սակայն հիշում եմ, որ դա ցերեկային ժամ էր, 5-րդ բանակային կորպուսի օպերատիվ հերթապահը ինձ իրազեկեց, որ անձնակազմի հետ միասին պետք է ներկայանամ կայազորի պետին ՀՀ կառավարության շենքում, ով այդ ժամանակ Յու. Խաչատուրովն էր, քանի որ դա նախարարի հրամանով մինչ հիշյալ դեպքերը արդեն կարգավորված էր եւ Երեւանի կայազորի պետ նշանակված էր հենց Յու. Խաչատուրովը: Ես անձնակազմին կարգադրեցի նստել ավտոմեքենաների մեջ եւ շարժվեցինք Հանրապետության հրապարակ»:

Թե ինչ երթուղով են գնացել հրապարակ, նա չի հիշում, սակայն հիշում է, որ հանձնարարել է ավտոմեքենաները հետնամասով`դեպի Պատմության թանգարանը կայանել`իրար կողքի: Անձնակազմը մնացել է մեքենաներում, իսկ ինքը գնացել է դեպի կառավարության շենքի մոտ, որտեղ տեսել է քաղաքացիական հագուստով անձանց եւ իրեն թվացել է որ կառավարության անվտանգությունից են: Մի պահ անգամ իրեն թույլ չեն տվել մուտք գործել կառավարության շենք, սակայն երբ տեղեկացրել է, որ իրեն կայազորի պետն է սպասում`թույլ են տվել մտնել շենք: Նա տեղեկացնում է, որ երկրորդ հարկում, օվալաձեւ սպասասրահ կար, որի ձախ կողմում Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակն էր, աջ կողմի աշխատասենյակն էլ Յուրի Խաչատուրովն էր զբաղեցնում: Սենյակ մտնելիս ուշադիր չի եղել դռան վրա փակցված անվանական տարբերանշանին, սակայն սենյակում շատ զինվորականների է տեսել:

Հիշում է, որ բանակի ղեկավարությունն էր, սակայն թե հատկապես ովքեր էին, հիշողության մեջ չի տպավորվել: Խաչատուրովը հետաքրքրվել է, թե որտեղ է անձնակազմը տեղակայված, ապա հրահանգել`մնալ տեղում, մինչեւ հետագա հրամանները: Ապա դուրս է եկել շենքից եւ գնացել իր անձնակազմի մոտ: Իսկ արդեն երեկոյան կողմ դեպի քաղաքապետարանի եւ աջ ընկած հատվածում, հեռավորության վրա, թե կոնկրետ որտեղից չի կարող ասել, Օնիկ Գասպարյանը օդում նկատում է լուսածրող փամփուշտների կրակոցներ. «Այդ հատվածից բազում կրակոցներ էին հնչում եւ հաշվի առնելով իմ մարտական ծառայական փորձը կարող եմ ասել, որ այդ կրակոցի ձայները նման էին ԱԿ տեսակի ինքնաձիգի ձայներին: Նշեմ, որ այդ կրակոցները սկսեցին երեկոյան, քանի որ, երբ մենք եկանք Հանրապետության հրապարակ, այդ ժամանակ ամեն բան հանգիստ էր եւ այցելելուն պես նկատեցի, որ Հանրապետության հրապարակում`Վ. Սարգսյան եւ զուգահեռ փողոցի հատման հատվածում տեղակայված էին ոստիկաններ, որոնց համազգեստները չեմ հիշում եւ չեմ հիշում անգամ նրանք զինված էին, թե ոչ»:

Ապա պատմում է, որ երեկոյան, հստակ ժամը չի հիշում, Երեւանի քաղաքապետարանի կողմից`երկու փողոցներով, ցուցարարները աղաղակելով դեպի հրապարակ են գալիս, սակայն, հրապարակ չեն մտնում, ոչ էլ բախում է լինում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Մոտ 30 րոպեի չափ հրապարակի մատույցներում կանգնելուց հետո ցուցարարները հեռանում են: Նաեւ նշում է, որ վերեւում իր կողմից նշված կրակոցները սկսվել են ցուցարարների ամբոխի հեռանալուց որոշ ժամանակ անց, իսկ կրակոցներին զուգահեռ բղավոցների ձայներ չի լսել:

Այնուհետ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, իրեն ինչ-որ մեկը`թե կոնկրետ ով`չի հիշում, մոտեցել եւ հայտնել է, որ գեներալ Խաչատուրովն իրեն է սպասում: Գնացել է Խաչատուրովի աշխատասենյակ, որտեղ կրկին բազմաթիվ զինվորականներ են եղել, թե ովքեր`կոնկրետ չի հիշում: Խաչատուրովն իրեն ներկայացրել է մի փոխգնդապետ կամ գնդապետ ճանապարհային ոստիկանի, որի անունն անգամ չի հիշում եւ ասել`գնալ նրա հետեւից եւ կանգնել ներքին զորքերի հետեւում: Այլ հրահանգ իրեն չի տրվել, միայն, երբ ցանկացել է հեռանալ Յուրի Խաչատուրովն իրեն փոխանցել է վարչապետի խոսքը այն մասին, որ «չմոռանանք, որ մեր դիմաց կանգնած են մեր քույրերն ու եղբայրները»:

Ապա, Ամիրյան փողոցով այդ ավտոտեսուչի հետ տեղափոխվել են Մաշտոցի պողոտայի հետ հատման խաչմերուկը, ապա մի փոքր գնալուց եւ դեպի ձախ`Լեոյի փողոց թեքվելուց հետո նա նկատել է, որ բազում ավտոմեքենաներ կան կայանված, խցանման նման, սակայն մարդիկ չեն եղել: Ավտոմեքենաները կայանել են, իրենց ուղեկցող ոստիկանն ասել է, որ այլեւս ճանապարհ չկա, մնացած հատվածը պետք է ոտքով անցնեն: Ոտքով շարունակել են ճանապարհը դեպի Պռոշյան փողոցի հատման խաչմերուկ: Ապա, տպագրական բացթողման պատճառով հասկանալի չէ, թե ինչ է տեղի ունեցել:

Իսկ հետագա զարգացումների մասն Օնիկ Գասպարյանը պատմում է, որ Պռոշյան-Լեո փողոցների խաչմերուկում կրակ է եղել, որը, հավանաբար, հանգցնելու հրաման է տվել եւ խաչմերուկի գրեթե կենտրոնում, որտեղ ոչ ոստիկաններ ե եղել, ոչ ցուցարարներ, մոտ 40 մետր հեռավորության վրա նկատել է կիսածնկած մի տղամարդու`սեւ համազգեստով եւ գլխարկով. «Նրա ձեռքին առկա էր ինչ-որ կարճ հրազեն, սակայն հրազենի վրա օպտիկական նշանոց չնկատեցի»: Օնիկ Գասպարյանը տեսել է, թե ինչպես է վերջինս 2-3 կրակոց արձակում ոստիկանության զորքի ուղղությամբ, ինչից հետո արագ կանգնում է եւ վազում դեպի ձախ`տեսադաշտից անհետանալով: Ապա, ոստիկանական զորքից դուրս են բերել մի զինվորի, որը պարանոցի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել: Զինվորին տեղափոխում են թիկունք: Մոտ մեկ ժամ ոչինչ տեղի չի ունենում, ապա, Լեո-Պռոշյան փողոցների հատման խաչմերուկի աջակողմյան անկյունում:

Օնիկ Գասպարյանը նկատում է ամբողջությամբ սեւ համազգեստով եւ միայն աչքերի հատվածը բաց դիմակով մի մարդու, ում ձեռքին եղել է կարճ չափի հրազեն օպտիկական նշանոց: Քիչ անց նա քայլել է Պռոշյան-Բաղրամյան հատման խաչմերուկի ուղղությամբ: Վերջինիս կրակելուց, Օնիկ Գասպարյանը չի տեսել: Դրանից հետո ժողովուրդը հետ է գնացել դեպի ձկան խանութի խաչմերուկ: Ապա, մի որոշ ժամանակ, անց ձկան խանութի կողմից մի «Սեդան» ավտոմեքենա, որի համարները չի հիշում, տանիքին մի դիակ դրած, իսկ սրահի մարդիկ պատուհաններից դուրս եկած`դիակը տարել են դեպի Բաղրամյան փողոցի ուղղությամբ`Պռոշյան փողոցով դեպի վեր:

Ապա, որոշ ժամանակ անց, Պռոշյանի վերին հատվածով, Բաղրամյանի կողմից, հիշյալ խաչմերուկին են մոտենում երկու հատ հենակետի մարտական մեքենա, որոնց թվային տարբերանշանները Օնիկ Գասպարյանը չի հիշում: Նշված մեքենաների գալուց հետո ժողովուրդը սկսում է հեռանալ այդ հատվածից: Արդեն առավոտյան, այդ հատվածում ժողովուրդ գրեթե չի լինում: Ժողովրդի հեռանալուց հետո, իր ղեկավարած զորամիավորումը շարժվում է դեպի ձկան խանութի խաչմերուկ, որտեղ Պռոշյան փողոցի աջակողմյան մասում տեսնում են այրվող սպիտակ գույնի «Տոյոտա Պրադո» մեքենա: Տեսնում են նաեւ խանութների կոտրված պատուհաններ, կոտրելու դեպքերը անձամբ Օնիկ Գասպարյանն ասում է`չի տեսել:

Ապա պատմում է, որ այդ ժամանակ ձկան խանութի խաչմերուկ է գալիս նաեւ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, որը ՌՈ աշխատակիցների հետ ուսումնասիրում էր պատճառված վնասներին: Վլադիմիր Գասպարյանի հետ այդ ժամանակ չի զրուցել: Իր անձնակազմի հետ վերադարձել է կառավարության շենքի մոտ եւ գտնվել են իրենց տեղակայման վայրում: Սպասելու ընթացքում ՊՆ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի չի տեսել, բայց որոշ ժամանակ անց, չի հիշում թե ով`իրենց տեղեկացրել է որ պետք է գնան կրկեսի մոտ գտնվող ԴՈՍԱՖ-ի շենքի  երկրորդ հարկում տեղակայեն, ինչը եւ անում են:

Նույն օրը, ժամը չի հիշում, Յուրի Խաչատուրովի մոտ կրկին խորհրդակցություն է տեղի ունենում, որին մասնակցում են ՊՆ բարձրաստիճան ղեկավարներ, դարձյալ չի հիշում, թե կոնկրետ ովքեր, որի ժամանակ քննարկվում է, թե որ ստորաբաժանումը որտեղ պետք է գտնվի, ինչ պարեկություն պետք է իրականացնի: Այս մասով մանրամասներ չի հիշում: Բայց հիշում է, որ Վլադիմիր Գասպարյանն այդ խորհրդակցությանը չի մասնակցել: Դրանից հետո, կոնկրետ օրերը չի հիշում, բայց մի քանի խորհրդակցություններ են եղել նաեւ Բաբայան փողոցի վրա տեղակայված նախկին ԳՇ շենքում, որոնց ժամանակ կրկին կազմակերպչական հարցեր են քննարկվել, ինք էլ մանրամասներն արդեն չի հիշում: Միայն փաստում է, որ խորհրդակցությունների ժամանակ զենքի կիրառման կամ հետագայում հնարավոր ցույցերի ժամանակ զենքի կիրառման, ժողովրդին դիմակայելու հարցեր չեն քննարկվել: Իր ղեկավարած ստորաբաժանումը եւս մի քանի օր մնացել է Երեւանում`ԴՈՍԱՖ-ի շենքում, ապա Նուբարաշեն տանող ճանապարհին`հատուկ նշանակության գնդի տարածքում, ապա գնացել են մշտական տեղակայման վայր: Երեւանում գտնվելու ընթացքում տեղակայման վայրերից որեւէ գործողության չեն մեկնել, այդ օրերին նաեւ բախումներ չեն եղել:

Պատրաստեց` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930