2019-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները հանձնաժողովում շարունակվում են: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին «Իմ քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հարցրեց, թե ինչու անվճար դասագրքեր չեն հասնում անապահով երեխաներին, ոչ բոլորն են օգտվում դրանից: Նախարարը պատասխանեց, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ իրականացնելու են գույքագրում ու ուզում են ոչ թե դպրոցին տալ տասը տոկոս քվոտա, այլ սանդղակ սահմանեն. «Գուցե կարող է լինել դպրոց, որտեղ երկու տոկոսը ստանա անվճար գրքերը, իսկ իրական անապահով երեխաներ ունեցող դպրոցները՝ 40 տոկոս»:
«Լուսավոր Հայաստանից» Աննա Կոստանյանը հարցրեց կինեմատոգրաֆիայի ոլորտի ծախսերից. «Տարեկան կինոյի ոլորտին հատկացվում էու 2019-ին էլ հատկացվել է 824 մլն դրամ գումար, որից Հայաստանի ազգային կինոկենտրոնին 694 մլն է հատկացվել: Մենք փաստացի տեսնում ենք, որ 92.89 տոկոս է կազմում այս մասով բյուջեի կատարումը ու խաղարկային լիամետրաժ ֆիլերի արտադրությանն ուղղվել է 163 մլն դրամ՝ գումարի 19, 9 տոկոսն է կազմում»:Պատգամավորը հարցրեց՝ այս հատկացումներն ի՞նչ արդյունք են տվել, Հայաստանը ի՞նչ արդյունք է ունեցել միջազգային փառատոններում, որովհետեւ այս գումարներից ենթադրվում է, որ պիտի ունենայինք հանրությանը ներկայացված ու միջազգային հանրությանը ներկայացված պատրաստի ֆիլմեր»:
Նախարարը պատասխանեց. «Անցած ուրբաթ օրը մի ստատուս եմ գրել՝ «հրաշալի արդյունք եւ լավ լուր»: Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմն ընդգրկվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրի «առաջին լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում: Սա աննախադեպ իրադարձություն է՝ անկախացման շրջանում հայկական կինոարտադրանքի միջազգայնացման եւ ազգային կինեմատոգրաֆի միջազգային դիրքավորման ու վարկանիշի տեսանկյունից: Ֆիլմը օդանավակայանում աուդիտոր Ալենի մասին է, ով ժամանում է Արցախի նորակառույց օդանավակայան, պատկերացրեք, Արցախի մասին ֆիլմ՝ Կաննի կինոփառատոնում ու բացահայտում մի նոր երկիր: Ֆիլմը նպաստել է նաեւ Արցախի միջազգային ճանաչմանը՝ ուղղակի թե անուղղակի»:
Նախարարը եզրափակեց. «Արժեր 500 մլն տարեկան ծախսել, որ մենք ունենայինք այսպիսի արդյունք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ