«Ուշադրություն: Խոսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակ է: Բոլորիդ կոչ եմ անում՝ կրեք դիմակ եւ այն հանեք միայն սնվելիս: Պետք է կրել այնպես, որ այն փակի քիթը եւ բերանը, պարբերաբար ախտահանեք ձեռքերը, չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին, բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ, պահպանեք սոցիալական հեռավորություն»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա շարունակեց. «Կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր: Դրանք անհրաժեշտ է փոխել երեք-չորս ժամը մեկ: Կարող եք կրել ոչ միայն գործարանային արդարության դիմակներ, որոնց համար պետք է ամեն օր վճարեք, այլեւ տանը պատրաստված դիմակներ»:
Փաշինյանն ԱԺ ամբիոնից սա կրկնեց 6 անգամ` եզրափակիչ ելույթի 10 րոպեն օգտագործելով այդ նպատակով: Վարչապետը մինչեւ կոչը սկսելը նշեց, որ նիստի ժամանակ ընդդիմադիր գործընկերների՝ իրեն ուղղված հարցադրումներին այլ առիթներով կպատասխանի:
Ի դեպ, նշյալ բովանդակության կոչը քաղաքացիներին լսելի է ոստիկանության եւ ԱԻՆ ավտոմեքենաներից, որոնք օրվա ընթացքում տարբեր ժամերի շրջում են քաղաքում: Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր պահպանում են կամ կոչին անսալով՝ կսկսեն պահպանել հակահամաճարակային կանոնները՝ տուրք չտալով ապատեղեկատվությանը, ստահոդ լուրերին: «Ելքը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես»,-եզրափակեց վարչապետը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ կառավարության որոշմամբ արտակարգ դրության ժամկետն այսօր երկարեցվեց մինչեւ հուլիսի 13-ը, եւ օրենքի ուժով գումարվեց ԱԺ հատուկ նիստ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ