Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մարդիկ ուղերձները չեն ընկալում, դրանց չեն արձագանքում եւ չեն փոխում իրենց վարքագիծը, համաճարակի հաղթահարման մասին խոսք լինել չի կարող

Հունիս 12,2020 19:22

Մեդիա կենտրոնի կազմակերպած «Փչացած հեռախոսի էֆեկտ. կառավարություն- քաղաքացիներ հաղորդակցման խնդիրներ» թեմայով առցանց քննարկման ընթացքում Մխիթար Սեբաստացու անվան ՊԲՀ հանրային առողջության եւ առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը խոսելով, թե կորոնավիրուսի տարածման նվազեցնելու հարցում անհաջողությունը որքանով էր ոչ այնքան գրագետ, ոչ այնքան համակարգված հաղորդակցության հետեւանք, ասաց. «Եթե վերցնենք հանրային առողջության տեսանկյունից արտակարգ իրավիճակի արձագանքման ցանկացած միջազգային ուղեցույց, կտեսնենք, որ ամենակարեւոր եւ անկյունաքարային միջոցառումներից մեկը բնակչության հետ հաղորդակցումն է: Որովհետեւ, որպեսզի տվյալ պարագայում համավարակի պատճառով առաջացած արտակարգ իրավիճակը հաղթահարենք, մենք շատ հաճախ պետք է փոխենք մեր վարքագիծը՝ այն, ինչի մասին մեր հարգարժան վարչապետը պարբերաբար ասում է, որ մարդիկ այստեղ ունեն շատ կարեւոր դեր: Բայց այստեղ շատ կարեւոր է հասկանալ, որ մարդիկ իրենք իրենցով վարքագիծ չեն փոխի: Եվ առհասարակ, մարդու վարքագծային փոփոխությունը ամենադժվար հասանելի փոփոխությունն է: Այստեղ հաղորդակցումը գալիս է առաջին պլան:

Եթե մարդիկ այն առաջին ուղերձները, որ ստանում են, չեն ընկալում, այդ ուղերձներին չեն արձագանքում եւ չեն փոխում իրենց վարքագիծը, ապա որեւէ համաճարակի հաղթահարման մասին խոսք լինել չի կարող: Դրա համար առաջարկվում է օգտագործել բոլոր տարիքային, սոցիալական, մասնագիտական՝ մարդկանց տարբեր խմբերի համար հասանելի ուղերձները՝ իրենց համար ավելի հասանելի եւ վստահելի հաղորդակցման միջոցներով: Մեկի համար դա կարող է լինել իրենց գյուղի ամբուլատորիայի իրենց ընտանեկան բժիշկը, մեկ ուրիշ համար՝ միջազգային որեւէ ամսագրում դրված մի գովազդը եւ այլն: Այսինքն, այդ տարբեր ուղիներով հասցնել ինֆորմացիան: Եվ ամենակարեւորը՝ չափել:

ԱՀԿ-ն ունի հատուկ նախատեսված մեթոդաբանություն՝ մարդկանց արձագանքը չափելու համար, որպեսզի հասկանա, թե որ խումբը ինչպես է արձագանքում պարետատան կամ այլ պետական մարմինների ուղերձներին, ինչպես է փոխում իր վարքագիծը, իսկ եթե չի փոխում, ապա ինչու եւ ըստ դրա որոշակի մոդիֆիկացիա անել:

Այստեղ շատ մեծ դեր ունեն ԶԼՄ-ները: Մենք դեռ մարտի սկզբին համապատասխան կառույցներին մեծ փաթեթ ուղարկեցինք, որտեղ առաջիններից մեկը առաջարկել էինք, որ հավաքեն ԶԼՄ-ներին եւ դրանց շրջանում անցկացնեին սեմինար, թե ինչպես պետք է լուսաբանել, որոնք են ճիշտ եւ կեղծ ուղերձները, որն է ապատեղեկատվությունը եւ այլն:

Հասկանալի է, որ համավարակը, հավանաբար, շարունակվելու է երկար եւ բացառված չէ, որ լինի երկրորդ, երրորդ ալիք մինչեւ չգտնվի համավարակի կառավարման բժշկական ներգործության մեթոդը: Հիմա էլ կարելի է հավաքել ԶԼՄ-ներին, բլոգերներին, այն մարդկանց, որոնք լսարան ունեն: Նրանց շրջանում անցկացնել վերապատրաստում, կրթել, բոլորի համար պատրաստել հասանելի ուղերձներ եւ տալ:

Շատ կարեւոր է նաեւ պրակտիկ ուղերձը: Տեսեք, այսօր լսում ենք, որ կորոնավիրուսով հազարավոր մարդիկ վարվում են տանը: Շատ կարեւոր է, որ այդ մարդիկ ստանան գործնական, կիրառելի տեղեկատվություն, որպեսզի հասկանան, նախ ինչպես խնամեն իրենց հարազատներին, ապա նաեւ՝ ինչ անեն իրենք վարակվելուց պաշտպանվելու համար եւ եթե վարակվել են, ինչ անեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930