Լրահոս
Օրվա լրահոսը

«Վկաներից մի քանիսը գտնում են, որ դեպքի վայր շտապօգնությունն ավելի շուտ է հասել, քան հրշեջները». նոր մանրամասներ՝ «Զոդի» կամրջի գործով

Հունիս 12,2020 19:01

Արարատի մարզի «Զոդի» կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով հունիսի 12-ին Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Հարություն Պետրոսյան) ընթացող հերթական դատական նիստում տեղի ունեցավ վկաների հարցաքննություն:

Դատարանի դահլիճում հարցաքննվեցին երեք վկաներ՝ երկու պատահական անցորդներ և «Գազել» ավտոմեքենայի հրդեհից փրկված ուղևորներից մեկը:

Հիշեցնենք՝ 2019 թվականի հուլիսի 6-ին Արարատ քաղաքի «Զոդի» կամրջի վրա բախվել էին ուղեւորատար «Գազել»-ը, «Տոյոտա Հիլուքս»-ն ու «Վազ 21063» մակնիշի ավտոմեքենան: «Գազել»-ը հրդեհվել էր, մահացել էր 7 մարդ, 4 ուղեւոր էլ՝ ստացել մարմնական վնասվածքներ: «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը մեղադրվում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար:

«Տոյոտա Հիլուքս»-ի վարորդ, ամբաստանյալ Սողոմոն Հակոբյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը Aravot.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց դատական նիստից. «Վկաներից մի քանիսը գտնում են, որ դեպքի վայր շտապօգնությունն ավելի շուտ է հասել, քան հրշեջները, թեպետ դա նոր հանգամանք չէ. նախաքննությունում էլ են այդ ցուցմունքները տվել»:

Նշենք, որ Սողոմոն Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Դատարանի դահլիճում հայտարարել է, որ հրշեջներն են մեղավոր: Այս առիթով Մոնիկա Մարգարյանն ասաց. «Գիտեք՝ մենք հույս ունենք, որ գործի քննությունն օբյեկտիվ կընթանա, և կպարզվեն հանգամանքները, թե ինչով է պայմանավորված եղել հրդեհի բռնկումը ոչ միայն հրշեջների գործողությունների առումով, այլ ընդհանրապես հրդեհը բռնկվելու և այդքան շուտ տարածվելու առումով: Չէ՞ որ ՀՀ-ում բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունենում, գրեթե բոլոր ավտոմեքենաների մեջ էլ գազաբալոնային համակարգ է տեղադրված, բայց հրդեհներ չեն  բռնկվում»:

Պաշտպանը հարցնում է՝արդյոք գազաբալոնային համակարգը պատշաճ տեղադրվա՞ծ է եղել: Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ «Գազել»-ում բացակայել են կրակմարիչները ու շարունակեց. «Շատ հարցեր կան, որոնք քննությունով պիտի պարզվեն: Իմ պաշտպանյալն ընդունել է միայն այն փաստը, որ ինքը հարվածել է «Գազել» ավտոմեքենային, իսկ թե ինչ հանգամանքներում է բռնկվել հրդեհը և այդքան արագ տարածվել և այո, հրշեջների՝ ժամանակին հասնելու, իրենց գործողությունների իրավաչափության հարցն էլ պիտի քննության առարկա դառնա: Մենք այդ մասով  նախաքննական մարմնի քննությունը պատշաճ չենք համարում»:

Հիշեցրինք, որ տուժողների հարազատներն իրենց վիրավորված են զգում,  հայտարարում են, թե վիրավորված են ամբաստանյալի պաշտպանների հայտարարություններից: Այս առիթով մեր զրուցակիցն ասաց. «Չգիտեմ՝ ինչ հայտարարություն է եղել, որ իրենց վրդովեցրել է: Եթե մենք հայտարարում ենք հրշեջների գործողությունների իրավաչափության վերաբերյալ մեր դիրքորոշումը կամ հրդեհի բռնկվելու հետ կախված որոշ հանգամանքներ կան, որոնք բարձրացնում ենք, չէ՞ որ նաև իրենց շահերից է բխում, որպեսզի գործի լրիվ քննություն իրականացվի և բացահայտվի տեղի ունեցածն ամբողջությամբ, և որևէ մեկը մեղադրյալների շրջանակից դուրս չմնա:

Կլինեն դրանք հրշեջները, թե այլ անձինք, որոնք պատասխանատու կլինեն հրդեհի բռնկման տարածման, գազաբալոնային համակարգի հետ կապված, դա նաև իրենց շահերից է բխում: Ինձ մի փոքր զարմացնում է այդ կապակցությամբ իրենց վրդովմունքը: Շատ ցավում եմ պատահածի համար և ըմբռնումով  մոտենում, բայց կարծում եմ, որ կոնկրետ ես երբևիցե այնպիսի հայտարարություն չեմ արել, որը կարող էր իրենց վիրավորել, ոչ էլ իմ պաշտպանյալը: Ավելին, երբ իմ պաշտպանյալը հնարավորություն է ունեցել իրենց տեսնել դատարանի դահլիճում, իր ցավակցություններն է հայտնել»:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 12:30-ին: Կշարունակվի վկաների հարցաքննությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930