Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան նաև վիրտուոզ կատարողներ». Խաչատրյանի անվան մրցույթի մասնակիցների կատարողական մակարդակը բավականին բարձր է

Հունիս 12,2020 18:42

Այսօր մեկնարկել է Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլը։ Մրցույթի ժյուրիի նախագահ‚ ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը‚ խոսելով մասնակիցների կատարողական վարպետության մասին‚ նշում է‚ որ ընդհանուր մակարդակը բավականին բարձր է։ «Նրանց թվում կան նաև վիրտուոզ կատարողներ‚ շատ չեն‚ բայց կան‚- ասում է պարոն Թադևոսյանն ու նկատում‚ որ առցանց մրցույթը նորություն է մրցույթների պատմության մեջ։- Իրական ու առցանց հարթակներում մասնակիցների հետ շփումների տարբերություն կա. մի բան է‚ երբ քո առջև ելույթ է ունենում երաժիշտը‚ տեսնում ես նրա կենդանի աչքերը‚ մեկ այլ բան է‚ երբ տեսնում ես միայնակ կանգնած‚ սենյակում առանձնացած երաժշտի»։

Խաչատրյանական մրցույթը կայանում է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված սահմանափակումների պայմաններում‚ և տեխնոլոգիաներն օգնեցին‚ որպեսզի‚ չնայած ստեղծված իրավիճակին‚ ամենամյա երաժշտական այս ստուգատեսը կայանա։ Պարոն Թադևոսյանն ընդգծում է‚ որ շատ մեծ աշխատանք է կատարվել կազմակերպիչների կողմից. «Ես երբեք չէի պատկերացնի‚ որ դա կարող է հնարավոր լինել»։

Էդուարդ Թադևոսյանը նկատում է‚ որ ժյուրիի անդամների գնահատականները հիմնականում համընկնում են‚ մասնավորապես‚ առաջին փուլում 90 տոկոսով ժյուրիի անդամների կարծիքները նույնն էին։

Պարոն Թադևոսյանը հաջողություն է մաղթում մրցելույթները շարունակող մասնակիցներին. «Ցանկանում եմ‚ որպեսզի չհիասթափվեն ու չվհատվեն նրանք‚ որոնք չհաղթահարեցին առաջին փուլը կամ գուցե հետագայում դուրս կմնան պայքարից։ Մրցույթը լավ բան է. բացահայտում է տաղանդավոր երաժիշտներին‚ սակայն կյանքը հաճախ ցույց է տալիս‚ որ նրանք‚ որոնք չեն կարողանում մրցույթի շրջանակներում հաջողության հասնել‚ իրենց նվագով‚ արվեստի նկատմամբ ինքնատիպ վերաբերմունքով հետագայում կարողանում են շահել ժողովրդի համակրանքը։ Լինում դեպքեր‚ երբ հրաշալի երաժիշտը չի կարողանում հավաքվել և լավագույնս ներկայանալ»։

Մասնակիցների ելույթներին կարելի է հետևել առցանց:

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ‚ ինչպես նաև մրցույթի միջոցով է՜լ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930