Ազգային ժողովի պատգամավորներ Լենա Նազարյանի, Վաղարշակ Հակոբյանի և Արուսյակ Ջուլհակյանի օրենսդրական նախաձեռնությամբ շրջանառության է դրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումների նախագիծ:
Նախագծին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ կետ 90: Ի դեպ, նախագծի փաթեթում, երևի տեխնիկական պատճառով, հիմնավորման մեջ ներառված ակնկալվող արդյունքներ բաժինը ամբողջական չէ: Հնարավոր չէր այդ մասին լիարժեք կարծիք կազմել:
Միանգամից ասեմ՝ լրացումների համար փաթեթավորված նպատակը դրական է և սպասված: Ընդհանուր առմամբ, դրված նպատակը վերաբերում է նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային և ծնողական պարտականությունները զուգահեռ իրականացնելու հնարավորությունների ապահովմանը:
Սակայն նորից նույնն է՝ առաջարկվող նախագծով չի լուծվում նպատակադրված խնդիրը: Ավելին՝ սրանով լրացուցիչ անորոշություններ են ներմուծվում առկա օրենսդրական կարգավորումներում, որոնք իրավակիրառական պրակտիկայում առաջացնելու են իրական նոր հիմքեր՝ աշխատանքային վեճերի համար:
Կարդացեք նաև
Նախագծով մասնավորապես առաջարկվում է.
1.Նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողի պահանջով, որն աշխատում է ոչ պետական հատվածում, գործատուն պարտավոր է նրա օրական աշխատաժամանակը կրճատել: Նախագծի հեղինակներն այսպիսով ենթադրում են, որ այդ աշխատողը կկարողանա ժամը 18.00-ից շուտ ավարտել աշխատանքը և իր երեխային տուն տանել՝ մինչև նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային օրվա ավարտը՝ 17.30-ը:
Նման կարգավորման դեպքում նախ՝ անորոշ է մնում այս հիմքով ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմի անցած աշխատողների վարձատրության հարցը՝ պահպանվելու է՞, թե՞ համամասնորեն կրճատվելու է: Երկու պարագան էլ խնդրահարույց են: Եթե պահպանվելու է, ապա ստացվում է, որ պետական ու համայնքային իշխանությունների սոցիալական պարտավորության և աշխատողի ծնողական պարտավորության կատարման բեռն ամբողջությամբ և անհամաչափ դրվում է գործատուի վրա: Սա աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքների ու պարտավորությունների հավասարակշռման հիմնական սկզբունքի խախտում է՝ իր բոլոր հնարավոր բացասական հետևանքներով: Իսկ եթե այս դեպքում համամասնորեն կրճատվելու է աշխատողի վարձատրությունը, ապա պետք է փաստենք, որ նման հնարավորություն արդեն իսկ առկա է ՀՀ աշխատանքային օրենսգրքով՝ գործատուն և աշխատողը փոխադարձ համաձայնությամբ որոշում են աշխատանքային ռեժիմը և նույն կերպ էլ կարող են ցանկացած պարագայում փոխել այն, ասենք՝ կրճատել: Հետևաբար, նախագծով առաջարկվող լրացումն այս դեպքում դառնում է ոչ թե առկա խնդրի լուծում, այլ տարընկալման և աշխատանքային վեճ ծնող:
2.Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կազմակերպություններում աշխատողների համար, որոնք խնամում են նախադպրոցական տարիքի աշխատողներ, նախագծով առաջարկվում է այլ կարգավորում: Մասնավորապես, նախատեսվում է՝ այս աշխատողների դիմումի և տեղեկանքի հիման վրա նրանց աշխատանքային օրն ավարտվում է 18.00-ից մեկ ժամ շուտ: Այս դեպքում պահպանվում է այդ աշխատողների վարձատրությունը: Այսպիսով, նախագծի հեղինակները ենթադրում են, որ այս աշխատողները ևս կկարողանան իրենց աշխատանքն ավարտել ժամը 18.00-ից մեկ ժամ շուտ և իրենց երեխաներին տուն տանել՝ մինչև նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային օրվա ավարտը: Նաև՝ կպահպանեն իրենց վարձատրությունը:
Առաջարկվող այս կարգավորումը ևս խնդրահարույց է հետևյալ առումներով՝
ա. ձևավորվում է խտրական մոտեցում աշխատանքային հարաբերություններում՝ պետական հատվածի աշխատողները նույն հիմքով անցնում են ոչ լրիվ աշխատաժամանակի և օրենքի պահանջով պահպանվում է նրանց վարձատրությունը, իսկ ոչ պետական հատվածի աշխատողների համար վարձատրությունը կարող է չպահպանվել,
բ. ընդհանուր առմամբ չի լուծվում հիմնական նպատակը՝ միայն աշխատանքային օրը մեկ ժամ շուտ ավարտելու դեպքում, միևնույն է աշխատողը չի կարողանալու պատշաճ կազմակերպել իր երեխայի՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու գործընթացը, որի պատճառն ակնհայտ է՝ իր աշխատանքի և նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքի սկիզբը, որպես կանոն, նույն ժամին է՝ 9.00-ին,
գ. որևէ կերպ չի լուծվում նախադպրոցական տարիքի երեխա խնամող և հերթափոխով աշխատողների խնդիրը, քանի որ նրանց օրական աշխատաժամանակը կարող է ամբողջությամբ չհամընկնել՝ 9.00-18.00 ժամանակահատվածի հետ,
դ. կիրառական տեսանկյունից բավարար չափով որոշակի չի՝ այս իրավունքից օգտվելու համար ի՞նչ տեղեկանք պետք է աշխատողը ներկայացնի գործատուին, որի պահանջը նախատեսված է նախագծով:
3.Նախագիծն ունի խմբագրման կարիք, օրինակ՝ 2-րդ հոդվածով առաջարկվող հղումը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին ճիշտ չի:
Հատկանշական է նաև, որ նախագծով դրված խնդրի լուծումն առաջնային վերաբերում է ոչ թե աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական պարտականությունների լիարժեք կատարմանը: Ըստ որի՝ պետք է այս մարմիններն ապահովեն համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար այնպիսի ճկուն աշխատանքային ռեժիմ, որ դրանք լիարժեք հասանելի լինեն նաև աշխատող ծնողների համար: Ի դեպ, այս և աշխատանքը ծնողական պարտականություններին զուգահեռ կատարելուն վերաբերող այլ լուծումներ տասնամյակներ շարունակ գործադրվում են բազմաթիվ երկրներում և արձանագրել են իրական արդյունքներ:
Ամփոփելով՝ այս նախագծի պարագայում ևս օրակարգային է դառնում «մի՛ վնասիր» հորդորը:
Նորից հիշեցնեմ՝ իշխանափոխությունից հետո, պոպուլիստական շարժառիթներով շրջանառությունից հանվեց ՀՀ աշխատանքային օրենսգրքի մեծածավալ փոփոխությունների նախագիծը, որը մշակվել էր իրավակիրառական պրակտիկայի բազմակողմանի վերլուծության հիման վրա: Այդ նախագիծը նպատակ ուներ լուծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում վեր հանված բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև ապահովելու այս ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային մի շարք պարտավորությունների կատարումը:
Ի դեպ, աշխատանքային օրենսդրության համակարգային բարեփոխումներին նվիրված առաջարկների ամբողջական փաթեթ ևս ներկայացրել ենք հանրային քննարկման՝ դեռևս 2019 թվականի հուլիսին, որն այդպես էլ մնաց անարձագանք պատկան մարմինների կողմից (էլեկտրոնային տարբերակը):
Իսկ այս ընթացքում պարբերաբար բարձրաձայնել ու հետագայում ևս շարունակելու ենք բարձրաձայնել աշխատողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող առարկայական հիմնախնդիրները, որոնք այդպես էլ մնում են չլուծված:
Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող