Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում ներկայացրեց 2019-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը: Նա ասաց, որ հուլիս-օգոստոս ամիսներին ուսուցիչների են պատրաստելու՝ հեռավար ուսուցման համար, բայց թյուրըմբռնում հանկարծ չառաջանա. «Դա չի նշանակում, որ սեպտեմբերից հեռավարի որոշում ունենք: Կտեսնենք՝ վարակը չկա, կվերաբացենք: Հետեւենք կանոններին, որպեսզի դպրոցները բացվեն: Բայց մենք իրականացնելու ենք հուլիս-օգոստոս ամիսներին վերապատրաստում»:
Հարություն Բաբայանը հարցրեց՝ ատեստավորման նոր համակարգի ներդրման ու ուսուցիչների վերապատրաստման կատարողականը ինչու է զրո: Նախարարը պատասխանեց. «Վերակազմավորում է տեղի ունեցել: Բոլոր գործառույթները վերապատրաստումների կազմակերպման եւ ուսուցիչների ատեստավորման, չափորոշիչների ներդրման ապահովման դրվել են հիմնադրամի վրա: Նախորդ տարի մենք այդ ծրագիրը չենք իրականացրել, որովհետեւ քանի դեռ վերապատրաստման ծրագրերը մշակված չէին, մենք չէինք պատրաստվում այդ գումարները վատնել: Դա վատնում կլիներ, որովհետեւ կոնկրետ ծրագրերի տակ պետք է դա լինեին: Ինչ վերաբերում է ատեստավորման նոր համակարգի, արդեն այս տարվա սեպտեմբերից կամավոր ատեստավորումը կսկսենք իրականացնել, բյուջեում ունենք ներդրված գումար, որի արդյունքում ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը 30 տոկոսով ավելանալու է: Նրանք կստանան 30-50 տոկոս ավելի բարձր աշխատավարձ»: Նախարարը զգուշացրեց՝ դա հեշտ ատեստավորում չի լինելու, բավականին բարդացված համակարգ է:
Արայիկ Հարությունյանն ասաց. «Այն ուսուցիչները, որոնք իրենց վրա աշխատում են, վերապատրաստվում են, կարողություններն ավելացնում են, համապատասխանաբար ավելի մեծ աշխատավարձ կստանան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ