Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն վարչապետ, դուք շատ եք խաղում մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիության հետ». Անի Սամսոնյան

Հունիս 12,2020 18:50

«Պարոն վարչապետ, նման կերպ խոսելով՝ դուք խրախուսում եք ոստիկանության նախկին մեթոդները, որոնք նրանք շարունակում են կիրառել այսօր: Այսպես տպավորություն է ստեղծվում, որ ձեր՝ «ասֆալտին փռելու» այլաբանական հայտարարությունները դառնում են իրականություն»,-ԱԺ հատում նիստում այսօր դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը՝ նկատի ունենալով Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, որ օրինախախտների հանդեպ ոստիկանությունը պետք է կոշտ եւ դուխով գործի:

Մեկնաբանելով այն փաստը, որ վարչապետն իր էջում պարբերաբար հրապարակել է առողջապահական կանոնները խախտող քաղաքացիների լուսանկարները, պատգամավորը շեշտեց. «Պարոն վարչապետ, դուք շատ եք խաղում մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիության հետ, եւ դա չի համապատասխանում ձեր հայտարարած՝ երջանիկ քաղաքացու կոնցեպտին: Խնդրում եմ հարգել մարդու մասնավոր, ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը` լինի դա համավարակի իրավիճակում, թե ոչ»:

Ապա` Անի Սամսոնյանը համավարակի հետ կապված վարչապետի՝ ապատեղեկատվության մասին այսօրվա հայտարարությունը նկատի ունենալով նշեց, որ առաջինն իշխանությունն է ապատեղեկատվություն տարածել՝ սկզբում ասելով, որ դիմակ պետք չէ կրել, հետո պնդելով հակառակը:

Պատգամավորը նաեւ համոզմունք հայտնեց, որ բջջային հեռախոսի միջոցով քաղաքացիների տեղորոշման համակարգում մարդկանց անձնական տվյալները պաշտպանված չեն:

Հակադարձեց «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ նկատելով, որ մարդկությանն անհայտ վիրուսի պարագայում «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը» սկզբում տվել է մի ցուցում, հետո՝ մեկ այլ, մասնավորապես՝ դիմակ կրելու, որովհետեւ ընթացիկ ուսումնասիրությունները ցույց են տվել՝ այն պաշտպանում է վարակը տարածելուց:

Ինչ վերաբերում է տեղորոշման համակարգին, Վարդանյանը վստահեցրեց, որ այն խորհրդարանական վերահսկողություն ներքո է, հավաքագրում է նվազագույն տվյալներ եւ կիրառվում շատ երկրներում՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ կառավարության որոշմամբ արտակարգ դրության ժամկետն այսօր երկարեցվեց մինչեւ հուլիսի 13-ը, եւ օրենքի ուժով գումարվում է ԱԺ հատուկ նիստ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930