Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկանությունը ուրբաթ բերման էր ենթարկել տասնյակ քաղաքացիների։ Այս պահին ոստիկանությունից ազատ են արձակվում բերման ենթարկվածները։
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ևս բերման էր ենթարկվել։ Նա լրագրողների հետ զրույցի ընթացքում ներկայացրեց մանրամասները․ «Ես եկել էի այստեղ, որովհետև առավոտյան ապօրինի ձերբակալում էր իրականացվել Ռուբեն Մելիքյանի նկատմամբ։ Եկել էի ճշտելու՝ ի՞նչ է կատարվել, ե՞րբ են բաց թողնելու, և առանձին, ինձ համար կանգնած էի։ Երբ ոստիկանությունը հայտարարեց, որ տրվում է ընդամենը երեք րոպե ժամանակ, որպեսզի հավաքը դադարեցվի, ես մոտեցա ոստիկանության սպային և ներկայացրեցի, որ երեք րոպե ժամկետը ողջամիտ չէ, խնդրում եմ երկարաձգել գոնե մինչև 30 րոպեով, որ մարդիկ հասցնեն և մեկնեն այստեղից։ Դրան հաջորդեց ոստիկանության սպայի հորդորը, որ դադարեցնեմ հավաքը։ Ի դեպ, ես միայնակ կանգնած էի, ես բացատրեցի, որ ես որևէ հավաք չեմ իրականացնում, որ մի հատ էլ դադարեցնեմ։ Ներկայացրեցին, թե Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ինքն այստեղ հավաք է իրականացնում, ես բացատրեցի, որ դա ինձ հետ կապ չունի։ Մի խոսքով՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար իմ նկատմամբ վարչական ձերբակալություն իրականացվեց»։
Արսեն Բաբայանը լրագրողներին հայտնեց, որ արձանագրություն է կազմվել և սպասում է, որ որոշում կայացվի․ «Բնականաբար, ես նշել եմ, որ որևէ խախտում թույլ չեմ տվել, որևէ հավաքի չեմ մասնակցել և դատական կարգով կբողոքարկեմ արձանագրության արդյունքում կայացած որոշումը»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ