Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս օրերին քաղաքական ուժերի վարկանիշի մասին մտածելու ժամանակը չէ, ուժերը մոլբիլիզացնելու եւ կենտրոնացնելու ժամանակն է». Լիլիթ Մակունց

Հունիս 12,2020 17:54

Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով ԲՀԿ առաջնորդի՝ կառավարության կազմը 100 տոկոսով փոխելու հայտարարության մասին՝ ասաց, որ համավարակի այս պայմաններում չի կարելի նման հայտարարություններ անել. «Սահմանադրության 115 հոդվածի 4-րդ կետով ասվում է, որ նույնիսկ քննարկումն այդ առումով ընդունելի չէ, հետեւաբար, կապ չունի, մենք քաղաքական տարբեր օրակարգեր կարող ենք ունենալ, նման իրավիճակում նման բան անգամ թույլ չի տալիս ՀՀ սահմանադրությունը ու այդ որակումները նաեւ այդ համատեքստում պետք է նայել»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի առաջարկություններին, որոնք մերժվել են՝ Մակունցն ասաց, որ դրանք ուղղվում են պարետատանը. «Թե որ հատվածն է ընդունվում, որ հատվածն է մերժվում ու ինչ պատճառով, հարցը պետք է ուղղեք պարետատանը, բայց իմ ունեցած տեղեկություններով, այդ առաջարկությունների մի մասը տեղ է գտնում լուծումներում»:

Խոսելով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գնահատականի մասին, թե այս օրերին իշխանության վարկանիշն ընկել է, Մակունցն ասաց. «Այս օրերին քաղաքական ուժերի վարկանիշի մասին մտածելու ժամանակը չէ, ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր: Այս պահին ուժերը մոբիլիզացնելու եւ կենտրոնացնելու ժամանակն է»:

Թե ինչու էին Ծառուկյանի հետ կապված 41 տարվա քրգործերը հիշում այն ժամանակ, երբ իրենց քննադատում են՝ Մակունցը պատասխանեց. «Բնական է, որ ԱԺ պատգամավորները տեղյակ են քրեական գործերից եւ այդպես պետք է լինի ժողովրդավարական հանրապետությունում: ԱԺ-ն իրավապահ մարմիններում քրեական գործերի մանրամասներից եւ ընթացքից չի կարող տեղյակ լինել, եթե դրա համար հատուկ միջոցառում չի ձեռնարկել, չի հրավիրել պատկան մարմիններին: ԱԺ պատգամավորները գնահատականներ հնչեցնում են ոչ թե իրավական ոլորտում, այլ՝ քաղաքական տիրույթում»:

Հարցին՝ դա քաղաքական տիրույթում շանտա՞ժ է, որովհետեւ այդպես են դիտարկում ընդդիմադիրները՝ Մակունցը պատասխանեց. «ԱԺ պատգամավորները իրավապահ դաշտից ու իրավական տիրույթից չեն կարող խոսել, քանի որ ԱԺ պատգամավորները իրավական մարմինների գործողություներին տեղյակ չեն կարող լինել, եթե հատուկ ընթացակարգով ԱԺ պատգամավորի լիազորությունների շրջանակում չեն արել հարցում ու չեն տեղեկացել այդ մասին: Բնական է, որ ԱԺ պատգամավորները չանեն իրավական գործընթացներին խանգարող կամ դրան ներազդող հայտարարություններ: Մեր հայտարարությունները բացառապես քաղաքական են:

Aravot.am-ը հարցրեց՝ այսօր վարչապետի դիմաց նստած՝ պատգամավորները խախտում էին դիմակ դնելու կանոնները, այդ վարքագիծն ինչո՞վ եք բացատրում՝ Մակունցը պատասխանեց. «Ես ինքս չեմ տեսել, բայց դրա հետ կապված, կարծում եմ, աշխատակազմը, նիստի ընթացակարգին հետեւող մարմինը պետք է հետեւի»: Հարցրինք՝ տուգանելո՞ւ են այդ պատգամավորներին, որոնք քիթը բաց էին փակ տարածությունում՝ Մակունցը պատասխանեց, որ դա իր տիրույթում չէ. «Ես առաջին հերթին հոգ եմ տանում, որ ես ճիշտ դնեմ դիմակը եւ իմ գործընկերներին առաջարկում եմ դա անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930