Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով․ Իշխանությունն արտակարգ դրությունը երկարաձգում է իր մոտալուտ վախճանը երկարաձգելու համար

Հունիս 12,2020 17:38

«Ինձ ստիպել են այստեղ գալ իշխանությունների հակապետական և անօրինական գործողությունները, այսպես կոչված, արտակարգ դրության երկարացումը և մտահոգ քաղաքացիների բողոքի ցույցի ժամանակ բերման ենթարկելու՝ իշխանությունների մտադրությունը»,- ոստիկանության Արաբկիրի բաժնի մոտ լրագրողներին ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, որ բերման են ենթարկվել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարը և երկու այլ անդամներ․ «Իշխանությունը, այսպես կոչված, արտակարգ դրությունը երկարաձգում է իր մոտալուտ վախճանը երկարաձգելու համար։ Որովհետև այն արտակարգ դրությունը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարությունն անում է, արտակարգ դրություն չէ։ Մենք տեսնում ենք, որ բոլոր սահմանափակումները արդեն գրեթե մեկ ամիս է՝ հանված են, մանկապարտեզներն աշխատում են, տրանսպորտը աշխատում է, ռեստորաններն աշխատում են։ Նրանք որևէ բան չեն արել առողջապահական կոլափսը չեղարկելու համար, բայց արտակարգ դրությունը նրանք երկարաձգում են մի պարզ պատճառով, որ մարդկանց ազատ խոսքի իրավունքը սահմանափակեն, հանրահավաքները, միտինգները սահմանափակեն։ Սա բռնատիրական ռեժիմին հատուկ գործելաոճ է։ Եվ ես այստեղ եկել եմ աջակցելու և՛ իմ կուսակցության երիտասարդներին, և՛ նաև, այն մտահոգ քաղաքացիներին, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում այս ապիկար իշխանությունների քաղաքական բռնությունների դեմ»։

Էդուարդ Շարմազանովը հավելեց․ «Իշխանությունը մսխել է ժողովրդի վստահությունը, իշխանությունը կապիտուլյացիայի է ենթարկվել կորոնավիրուսի դեմ պատերազմում, իշխանությունը միայնակ է թողել հայ ժողովրդին այս աղետի դեմ հանդիման։ Հիմա նրան մնացել է ճնշել ազատ խոսքը, և այսպես՝ ոստիկաններին և ուժային կառույցներին փորձում է դարձնել իր համար վահան։ Սակայն, համոզված եմ, որ թե՛ ոստիկանությունը, թե՛ ուժային կառույցները և թե՛ մեր քաղաքացիները հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումը կլինի փրկություն մեր պետական կառավարման համար»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930