ՀՖԿՍՊԻ արտաքին կապերի եւ ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց բուհում ներդրվող հեռավար ուսուցման կազմակերպման նոր ծրագրի մասին:
«Գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ իրավիճակով պայմանավորված՝ մենք անցանք հեռավար կրթության: Անկեղծ ասած, մեր բուհը դրան այնքան էլ պատրաստ չէր, որովհետեւ, երբ խոսվում էր հեռավար կրթության մասին, ասվում էր, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում՝ որպես նեղ մասնագիտական բուհ, որտեղ գործնական դասաժամերն ավելի շատ են, հեռավար կրթությունը բարդություններ կառաջացնի: Մեր բուհը, կոնսերվատորիան, գեղարվեստի ակադեմիան, որպես նեղ մասնագիտական կրթական հաստատություններ, ինչ-որ չափով դուրս են մնացել ակադեմիական կրթության հեռավար կազմակերպման գործընթացից: Այդ ժամանակ գաղափար առաջացավ՝ կազմել ծրագիր եւ այն սկզբնական շրջանում՝ որպես պիլոտային, փորձարկել ֆուտբոլ մարզաձևի համար, որովհետեւ մեզ մոտ ուսանողների ամենամեծ քանակը հենց ֆուտբոլում է: Բակալավրիատում՝ 1-ից 4-րդ կուրսերում սովորում է մոտ 300 հոգի: Այդ ուսանողները հիմնականում տարբեր ֆուտբոլային ակումբների մարզիկներ են, եւ իրենք դասերին մասնակցելու առումով որոշակի դժվարություններ են ունենում, որովհետեւ ակումբներում մարզումների ժամերը հաճախ համընկնում են մեր դասաժամերի հետ: Քանի որ կրթության մասին օրենքի նոր նախագծում կետ կա, որ բուհը պարտավոր է իր ուսանողներին առաջարկել այլընտրանքային ուսուցման տարբերակներ, որոշեցինք ֆուտբոլի օրինակով փորձել հեռավար կրթությունը կազմակերպել կոնկրետ ակումբներում մարզվող մեր ուսանողների համար:
Ուսումնասիրել ենք տարբեր երկրներում 2003 թվականից հեռավար ուսուցում անցկացնող սպորտային թոփ-բուհերի հաջողված փորձը: Մասնավորապես, ուսումնասիրել ենք Անգլիայի չորս բուհերի փորձը, որտեղ ակումբներում ընդգրկված ուսանողների համար անհամեմատ խորացված տեսական պարապմունքներ են անցկացվում, քան մեզ մոտ: Սա ավելի լավ մասնագետներ պատրաստելու լավագույն միջոցներից է: Ծրագիրն արժանացավ մեր ղեկավարության հավանությանը: Ստեղծեցինք աշխատանքային խումբ, որը, համադրելով իրենց եւ մեր ծրագրերը, ֆուտբոլի օրինակով ստեղծելու է մեզ հարմարեցված ուսումնական ծրագիր: Նոր ուսումնական տարում դա ֆուտբոլ մարզաձեւի համար լինելու է պիլոտային ծրագիր: Եվ եթե հաջողություն արձանագրեցինք, ուսանողները ներգրավվեցին եւ վերջնարդյունքների մասով խնդիրներ չունեցանք, այսինքն՝ հեռավար և առկա դասընթացների արդյունքում ձեռք բերված գիտելիքների, կարողություննների և հմտությունների մակարդակը միմյանցից չտարբերվեց, ապա հաջորդ ուսումնական տարվանից ծրագիրը նույն ձեւաչափով կկիրառենք նաեւ մյուս մարզաձեւերում»,-ասաց Անժելա Նուշիկյանը:
Հարցին, թե հատկապես ազգային հավաքականներում ընդգրկված պրոֆեսիոնալ մարզիկների համար ազատ գրաֆիկ կոչեցյալն այլեւս չի՞ գործում, պրոռեկտորը պատասխանեց. «Այժմ չի գործում և մեր բարձրակարգ մարզիկները իրենց թիմերի եւ հավաքականների հավաքների համար ֆեդերացիաներից տեղեկանք են բերում, եւ նրանց բացակայությունը համարվում է հարգելի: Այստեղ տուժում են նրանց գիտելիքները: Եվ մենք ուզում ենք, որպեսզի մեր ուսանողները, որոնք պրոֆեսիոնալ մարզիկներ են, անկախ իրենց գտնվելու վայրից, կարողանան իրենց հարմար ժամին մասնակցեն օրվա դասախոսությանը՝ տեսադասերի եւ իրենց համար ստեղծված այլ ձեւաչափերով անցկացվող դասաժամերին»:
Կարդացեք նաև
Անժելա Նուշիկյանը նաեւ տեղեկացրեց, որ նույն կերպ դասախոսները հնարավորություն են ստանալու ստուգել ուսանողների գիտելիքները, քննություն ընդունել եւ գնահատել նրանց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ