Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Շագոյան. «Պետք էր ստեղծել փորձագետների հարթակ, այլ ոչ թե վարչապետը դառնար վիրուսոլոգ»

Հունիս 12,2020 17:00

Մեդիա կենտրոնի կազմակերպած «Փչացած հեռախոսի էֆեկտ. կառավարություն- քաղաքացիներ հաղորդակցման խնդիրներ» թեմայով առցանց քննարկման ընթացքում շեշտվեց, որ արտակարգ դրության իրավիճակներում հատկապես կառավարության ուղերձները քաղաքացիներին պետք է լինեն չափազանց հասկանալի, այնքան հասկանալի, որ դրանք մեկնաբանելու, պարզաբանելու անհրաժեշտություն քաղաքացիները չունենան, քանի որ արտակարգ իրավիճակում կառավարությունից եկած ուղերձը, կոչը, հրահանգը ենթակա է անհապաղ կատարման: Կորոնավիրուսի տարածման արագությունը կառավարության ուղերձների հանդեպ քաղաքացիների արձագանքը վկայում է, որ այդ ուղերձներն արդյունավետ չեն աշխատել, որ կառավարություն-քաղաքացի հաղորդակցությունը խնդիր ունի:

Այս հարցադրման առիթով, մշակութային մարդաբան Գայանե Շագոյանն ասաց. «Այս պահին դեղամիջոցներ տալը շատ բարդ է, որովհետեւ այս խնդրի առջեւ կանգնած է ողջ աշխարհը եւ այնպես էլ չի, որ կան կանխելու շատ պարզ եւ հասկանալի միջոցներ: Բայց քիչ թե շատ հաջողված ինչ-որ փորձեր արդեն արվել են եւ մյուս երկրների փորձը ցույց է տալիս, որ կարելի էր առնվազն մտածել եւ որոշակի քաղաքականություն մշակել:

Նախ պետք է պարզենք, թե ինչ չի կարելի անել: Այն, ինչ առաջին հայացքից մարդու մտքին գալիս է, դա ինչ-որ բաներ արգելել փորձելն է: Կանխելու, արգելելու ցանկացած փորձ միշտ ստեղծելու է այլընտրանքային տարբերակներ՝ կեղծ կամ չճշտված լուրեր տարածելու: Սրա դեմն առնելու ոչ շատ արդյունավետ, բայց առայժմ գոնե ամենավստահելի միջոցն այն է, որ կառավարությունը նախ եւ առաջ պիտի ստեղծեր հարթակ, որտեղ մարդիկ կգրեին իրենց հարցերը: Եվ համապատասխան ոլորտի փորձագետների խումբը ամեն օր համբերատար ստիպված էր լինելու դրանք բացատրել եւ ինչ-որ ձեւով հիմնավորել կամ փարատել այն կասկածները եւ կեղծ տվյալները, որ շրջանառվում են: Այսպիսի հարթակներ աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, ստեղծել են:

Երկրորդ. պետք էր ստեղծել այնպիսի հարթակ եւ լավ կլիներ՝ լրատվամիջոցների օգնությամբ, ներգրավել գիտական, փորձագիտական համայնքը, այլ ոչ թե իրենք մեկնաբանեին՝ իշխանության ներկայացուցիչները, քաղաքական գործիչները, վարչապետը դառնար վիրուսոլոգ:

Եվ երրորդը, ծրագրավորողների եւ սոցիալական հումանիտար ոլորտի մասնագետների հետ կառավարության նախաձեռնությամբ համագործակցության բացակայությունն է, որ, օրինակ, ֆիլտրվեին միջազգային, հիմնականում, անգլիալեզու հարթակներում առողջությանը վնասող եւ դավադրապաշտական ուսուցում տարածող հոսքերը ուղղակի ֆիլտրում էին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930