Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու սրճարաններից մեկում բարձր ջերմություն ունեցող հաճախորդների էին գրանցել․ սննդի ո՞ր օբյեկտները կփակվեն

Հունիս 12,2020 16:54

Սննդի անվտանգության պետական տեսչության անձնակազմն այսօր՝ ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ, ստուգայց կատարեց Գյումրու սննդի օբյեկտներում, սրճարաններում, վաճառասրահներում, սուպերմարկետներում։

Նրանց մշտադիտարկումը սկսվեց քաղաքի կենտրոնում գտնվող Ռիժկովի ճեմափողոցի խանութներից ու սրճարաններից։ Տարբեր խախտումներ հայտնաբերվեցին՝ ախտահանող նյութերի անվանումը չնշելուց մինչև սրճարաններում սեղանների միջև սոցիալական հեռավորություն չպահպանելը, աշխատողների ջերմաչափման մասին տեղեկություններ չհրապարակելը։

Գյումրու «Տրեցո» սրճարանն ամենայն հավանականությամբ կփակվի երկրորդ անգամ․ Գեորգի Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այստեղ չեն գրանցել՝ ինչ նյութով են ախտահանում իրականացնում, գրանցել են հաճախորդների, որոնք բարձր ջերմություն են ունեցել և նաև տեսանելի վայրում աղբաման չունեն։

«Արդեն կասկածելի է՝ ինչի՞ համար են գրանցել բարձր ջերմություն ունեցող անձանց»,- ասաց Գեորգի Ավետիսյանը՝ նշելով, որ պարտադիր չէ գրանցել հաճախորդներին, պարտադիր է աշխատակիցների ջերմաչափման գրանցումը։ Նա չբացառեց, որ այս սրճարանը կփակվի երկրորդ անգամ, դա կախված է պարետի որոշումից։

Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչ Նաիրա Մարտիրոսյանն էլ ասաց, որ այս սրճարանի մենեջերը իրենց պարզաբանել է, թե գրանցել, բայց ներս չեն թողել ջերմություն ունեցող հաճախորդներին։ Թեև, ըստ մեր զրուցակցի, սա ապացուցելի չէ։ Մենեջերը նաև պարզաբանել է, որ բարձր ջերմություն ունեցող հաճախորդները նույն ընտանիքի անդամներ են եղել՝ 3-4 հոգի։

Լրագրողների հետ զրույցում սննդի անվտանգության պետական տեսչության ղեկավարն ասաց, որ 700-ից ավելի խախտումներ են արձանագրել հանրապետության տարածքում, դրանցից մոտ 600-ն արդեն փակվել են կամ փակվել-բացվել են։

«Միտումը բավականին լավն է, մեկ-երկու անգամ տնտեսվարողի մոտ գնալուց տեսնում ենք, որ փոփոխություններ կան հիմնականում։ Չես կարող ասել՝ բոլորն են նույն ձևի մտածում, կան տնտեսվարողներ, որոնք չեն հասկանում ու ստիպված ենք լինում երկրորդ անգամ պատժել նույն խախտումների համար»,- ասաց Գեորգի Ավետիսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ մեկ տասնյակ սննդի օբյեկտներ փակվել են 72 ժամով։

Թե ինչ խախտումներ են հիմնականում թույլ տալիս՝ պաշտոնյան ասաց․ «Հիմնականում սոցիալական հեռավորության բացակայությունն է, սեղանների շուրջ հերթեր, որոնք առաջանում են խանութներում, դիմակի ոչ պատշաճ կրելը և մատյանների ոչ պատշաճ լրացնելը»։

Մենք հետաքրքրվեցինք ընդհատակյա հարսանիքներով։ Սննդի անվտանգության պետական տեսչության ղեկավարն ասաց, որ ինչքան էլ ընդհատակյա հարսանիք ու խնջույքներ անեն, այդ տեղեկությունները իրենց հասնում են։ Իրենք էլ գնում ու արձանագրություն են կազմում, ու նման ռեստորանները միանգամից փակվում են 72 ժամով։ Նա ասաց, որ ինքն անձամբ առաջարկել է ֆինանսական տույժեր կիրառել, տեսնեն ինչ կորոշի պարետատունը։

«Այն ռեստորանները, որոնք նախատեսված են միայն հարսանիքների համար, դրանք փակելով՝ խնդիր չենք կարողանա լուծել, որովհետև այսօր հարսանիք կանեն, երեք օր չեն անի, չորրորդ օրն արդեն նորից կանեն, կամ չի բացառվում, որ այդ 72 ժամ փակելու ընթացքում նախատեսված որևէ միջոցառում չունենան»,- ասաց Գեորգի Ավետիսյանը:

Նա ասաց, որ բացօթյա շուկաներում ևս ստուգայցեր են իրականացնում և փորձում են ընթացք տալ խախտումներին։

Շիրակի մարզում արձանագրված խախտումների վերաբերյալ պաշտոնյան վիճակագրություն չներկայացրեց՝ ասելով, որ որևէ մարզ չի առանձնացնի։

Ըստ նրա, սննդի արտադրամասերում կանոնները հիմնականում պահպանվում են, այս պահին կասեցումներ են արել փոքր արտադրամասերում՝ հացի փուռերում կամ թխվածքների արտադրամասերում, իսկ մեծ կազմակերպությունները հիմնականում պահպանում են։

Նրա տեղեկացմամբ, օրական մինչև 100 օբյեկտի կասեցում են իրականացնում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930