Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել». Փաշինյանը՝ գետնին տապալված քաղաքացու եւ ցուցարարների մասին

Հունիս 12,2020 16:07

«Պարզ է, որ դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել, բայց եթե քաղաքացու հետ հաղորդակցության ժամանակ այլ զարգացումներ են տեղի ունենում, իհարկե, պետք է ուժ կիրառել՝ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով»,-ԱԺ հատուկ նիստում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Էդմոն Մարուքյանի հիշատակած դեպքին, երբ վերջերս ոստիկաններն ուժ կիրառելով բերման էին ենթարկել մի տղամարդու: Փաշինյանը կոչ արեց չմոռանալ, որ ոստիկանությունն ուժային կառույց է:

Մարուքյանն էլ հակադարձեց. «Ուժային կառույցներ չունենք, ունենք իրավապահ մարմիններ: Դրվագ ունենք, որ ոստիկանը ոտքը գնում է այդ մարդու գլխին: Պետք է քննություն իրականացնել ու պարզել՝ դա իրավաչա՞փ է: Եթե մարդը դիմակ չի կրում, պետք է նրան տասը հազար դրամով տուգանել, ոչ թե թեւերը ոլորել եւ գետնին տապալել՝ նսեմացնելով նրա արժանապատվությունը, ինչն արգելված է եվրոպական կոնվենցիայով»:

Մարուքյանը նաեւ առաջարկեց ԱՄՆ-ի օրինակով թույլ տալ խաղաղ հավաքներ իրականացնել, բայց դիմակով եւ սոցիալական հեռավորություն պահպանելով, որովհետեւ մարդիկ կան, որոնք ուզում են բողոքի ցույց անել. «Խորհրդարանի դիմացից էլ այսօր մարդ են բերման ենթարկել»:

Հիշեցնենք, որ այսօր մի խումբ իրավապաշտպաններ էին բողոքի ցույց անում՝ արտակարգ դրության պայմաններում հավաքները թույլատրելու պահանջով:

Վարչապետն արձագանքեց. «Իսկ եթե հեռավորությունը չպահպանի եւ նա բերման ենթարկվի, քննարկում կլինի, որ նրա ազատությունը սահմանափակվում են: Ինչ վերաբերվում է ուժային կառույցներին, ապա ՀՀ կառույցներն օրենքով սահմանված դեպքերով կարող են ուժ կիրառել, այդ թվում՝ հանրային անվտանգությանը վնասող դեպքերում: Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, համաձայն եմ, հետաքննություն պետք է լինի»:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ կառավարության որոշմամբ արտակարգ դրության ժամկետն այսօր երկարեցվեց մինչեւ հուլիսի 13-ը, եւ օրենքի ուժով գումարվում է ԱԺ հատուկ նիստ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930