Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Պռոշյան փողոցում 3 տղամարդ համարյա փոր փորի տված զրուցում էին՝ դիմակներն իջեցրած»

Հունիս 12,2020 14:47

«Վերակենդանացման բաժանմունքներում ընտանեկան մթնոլորտ է: Բոլորն ասում են միայն շնորհակալական խոսքեր: Խնդիրն առողջապահական համակարգում չէ, այլ մեր տներում, թաղերում, «բեսեդկաներում», այգիներում,-ԱԺ հատուկ նիստում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա պատմեց. «Այսօր առավոտ աշխատանքի գնալիս մեքենայի պատուհանից տեսա, որ Պռոշյան փողոցի վրա 40-50 տարեկան 3 տղամարդ համարյա փոր փորի տված զրուցում էին՝ դիմակներն իջեցրած վիճակում: Այսինքն, դիմակը ոչ թե նրա համար է, որ կորոնավիրուսից պաշտպանվեն, այլ նրա համար, որ ոստիկանին տեսնելուն պես բարձրացնեն քթի՞ն»:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ կառավարության որոշմամբ արտակարգ դրության ժամկետն այսօր երկարեցվեց մինչեւ հուլիսի 13-ը, եւ օրենքի ուժով գումարվում է ԱԺ հատուկ նիստ:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը նկատեց՝ իրենք դեռ երեք ամիս առաջ էին առաջարկել, որ, օրինակ, սուպերմարկետներ առանց ձեռնոցի եւ դիմակի մուտքն արգելվի, մինչդեռ դա միայն հիմա է կիրառվում: Փաշինյանն էլ պատասխանեց, որ դիմակի դեֆիցիտի պայմաններում դա արդարացի որոշում չէր լինի պարետատան կողմից. «Ինձ մի դեպք են պատմել ու վստահեցրել, որ իրական է: Բանկերից մեկի մոտ մի քաղաքացու ասում են, որ առանց դիմակի չի կարող մտնել: Նա էլ մեկ ուրիշի դիմակն է վերցնում, որ մտնի: Հիմա դիմակի տեղական արտադրանք ունենք: Ի դեպ, լուրեր են պտտվում, թե կառավարության անդամները կան այդ գործում, բայց այդպես չէ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930