Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ դրության ընթացքում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը և անցկացումը ՀՀ ողջ տարածքում, իսկ պարետն այս արգելքից կարող է բացառություններ նախատեսել

Հունիս 12,2020 14:43

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգում ներառված հարցի քննարկումը՝ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները: «Իրականացվել է ընդհանուր առմամբ 2297 հետազոտություն, որի արդյունքում հաստատվել է 628 նոր դեպք: Ունենք, բարեբախտաբար, 173 առողջացած և, ցավոք սրտի, գրանցվել է 13 մահ: Պացիենտների առողջական վիճակի հետ կապված՝ ունենք մոտ 7000 պացիենտ, ովքեր գտնվում են տնային հսկողության տակ և մնացած 1800-ը գտնվում է հիվանդանոցային հսկողության տակ, որոնցից 425 ծանր դեպք ունենք, 100-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 23-ը միացված է արհեստական շնչառական ապարատին»,- նշել է փոխնախարարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս թվերն ընդամենը արտահայտությունն են այն բանի, թե Հայաստանի Հանրապետությունում վերջին 7-14 օրվա ընթացքում ինչպես են պահվել հակահամաճարակային կանոնները, մասնավորապես՝ դիմակ կրելու, սոցիալական հեռավորությունը պահպանելու, ձեռքերն ախտահանելու վերաբերյալ: «Իհարկե, այս կանոններն ունեն որոշակի տեղայնացման նրբություններ: Եվ, 1-2 օր կամ մի քանի օր պոզիտիվ ազդակներից հետո մենք նկատում ենք, երբ թվերի որոշակի նվազում է տեղի ունենում,  հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակի կտրուկ իջեցում ենք արձանագրում: Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն է: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հստակ պետք է արձանագրեն, որ նոր դեպքերի վերաբերյալ թվերն արտահայտում են, թե մենք բոլորս ինչպես ենք պահպանել դիմակ կրելու, սոցիալական հեռավորությունը պահպանելու, ձեռքերը ախտահանելու և հակահամաճարակային կանոնները:

Եվ ես կրկին ուզում եմ արձանագրել, որ այս իրավիճակն ուղիղ կապ ունի մեր հանրային համընդհանուր վարքագծի հետ: Իհարկե, պետք է արձանագրենք, որ վարչական լծակներ ունեցող մարմինները պետք է գործադրեն վարչական լծակները՝ կանոնների պահպանման մակարդակը և որակը բարձրացնելու ուղղությամբ, բայց այստեղ մեր հիմնական անելիքը մեզնից յուրաքանչյուրի, յուրաքանչյուր քաղաքացու անելիքի մեջ է պարփակվում: Ընդ որում, ուզում եմ արձանագրել, որ մահվան թվերը, ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի թվերն էլ ուղիղ կապի մեջ են ընդհանուր թվի հետ, որովհետև ինչքան մեծ է վարակվածների թիվը, այնքան մեծ է ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը և հետևաբար՝ մեծ են նաև մահվան դեպքերը: Այսինքն, մեր դեպքերի 75 և ավելի տոկոսն անցնում է առանց ախտանշանի, առանց որևէ բարդության, բայց մենք մեր դեպքերով, մեր վիճակագրությամբ անուղղակիորեն մեծացնում ենք ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի և մահերի թիվը: Սա կարևոր արձանագրում է:

Եվ մենք բոլորս բոլոր հնարավոր առիթներով և միջոցներով պետք է այս ուղերձը մեր քաղաքացիներին տեղ հասցնենք՝ առանց հոգնելու, անընդհատ, չմտածելով, թե մի անգամ ասել ենք, երկու անգամ ասել ենք, հարյուր անգամ ասել ենք: Եթե թվերն անկում չեն ապրում, ուրեմն պետք է ասենք հազար անգամ, տասը հազար անգամ և այդպես շարունակ, մինչև կարողանանք այս ուղերձը հասցնել յուրաքանչյուր քաղաքացու:

Կարծում եմ՝ առանձնահատուկ կարևորություն է ստանում նաև արձանագրելը և տեղորոշելն այն դեպքերը, այն շրջանակներին, որոնք մարդկանց շրջանում տարածում են, թե հիվանդություն չկա, սա սուտ է, գոյություն չունի այդպիսի բան: Եվ, կարծում եմ, որ մենք սրանով պետք է լուրջ զբաղվելու մեխանիզմներ գտնենք և կարողանանք նաև տեղորոշել այդ մարդկանց, հասկանանք նրանց նպատակը, գործունեության շարժառիթները և կապերը: Եվ սա նույնպես կարող է մեզ որոշակի հետևություններ անելու տեղ թողնել: Ես կարծում եմ, որ սրանով պետք է զբաղվեն նաև օպերատիվ հնարավորություն ունեցող մեր մարմինները, որպեսզի մենք կարողանանք այստեղ նույնպես եզրակացությունների գալ»,- նշել է վարչապետը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում  մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել  30 օրով` մինչև հուլիսի 13-ը ժամը 17:00-ն, ներառյալ` ժամկետով:

Որոշումն ընդունվել է, մասնավորապես, հիմք ընդունելով այն, որ  մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում հունիսի 11-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 14669 դեպքերը, որոնցից 5466-ը` առողջացած, 245-ը` մահվան ելքով, ինչպես նաև այն, որ hանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը  ներկայացրել է արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ որոշման փոփոխությունները: «Նախ առաջարկվում է արտակարգ դրության ընթացքում սահմանափակել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորությունները, որ վերջինս հնարավորություն ունենա արգելանք չդնել կամ բռնագանձում չտարածել այն դրամական միջոցների վրա, որոնք տրամադրվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու կամ կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար»,-նշել է նախարարը:

Հանվել է նաև համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկ սահմանելու իմպերատիվ պահանջը՝ դա թողնելով ըստ իրավիճակի առողջապահության նախարարի կողմից սահմանելուն: Ի տարբերություն առկա կարգավորման, երբ պարետի որոշմամբ պետք է սահմանվեն այն տարածքները, որտեղ արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը և անցկացումը և դրանց մասնակցությունը, որոշմամբ առաջարկվում է արգելքը տարածել ՀՀ ողջ տարածքում, իսկ պարետն այս արգելքից կարող է բացառություններ նախատեսել: Հստակեցվել է նաև տնտեսական գործունեություն իրականացնող առանձին սուբյեկտների գործունեության սահմանափակման հնարավորությունը նաև նրանց աշխատակիցների մոտ վարակի առկայության հայտնաբերման կամ դրա կասկածի դեպքում:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930