Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը՝ աշխարհում. ԱՄՆ-ում դեղամիջոց են փորձարկում, Եգիպտոսը պատրաստվում է հուլիսից զբոսաշրջիկներ ընդունել

Հունիս 12,2020 14:16

ԱՄՆ-ում փորձարկում են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը, Եգիպտոսը պատրաստվում է բացել զբոսաշրջային որոշ ուղղություններ, իսկ Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է կես միլիոնը:

Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է երկու միլիոնը, Բրազիլիայում՝ 805 հազարը, իսկ Ռուսաստանում հաստատված դեպքերի թիվը ավելի քան 511 հազար է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Ռուսաստանում համավարակի հետևանքով մահացության ցածր ցուցանիշը (6715 մարդ) դժվար է բացատրել: Իսկ Մոսկվայում վստահեցնում են՝ կորոնավիրուսի հետևանքով մահերի վերաբերյալ տվյալները հստակ են: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ մահացության ցածր մակարդակը մեկ բացատրություն ունի, այն է՝ առողջապահական համակարգի արդյունավետությունը, այլ ոչ թե վիճակագրական մանևրումները, ինչպես ենթադրում են որոշ ռուս և արտասահմանցի փորձագետներ:

ԱՄՆ-ում Regeneron Pharmaceuticals ընկերությունը սկսել է մարդկանց վրա փորձարկել հակամարմինների «կոկտեյլ»՝ Covid-19-ի բուժման համար: «Եթե ամեն ինչ լավ անցնի, երկու-երեք շաբաթից կանցնենք երկրորդ փուլին: Մոտ մեկ ամսվա ընթացքում հստակ կիմանանք՝ արդյոք նոր դեղամիջոցն աշխատում է, թե ոչ: Մինչև ամառվա վերջ կարող ենք ունենալ բավարար տվյալներ՝ դեղամիջոցը օգտագործելու համար»,-հայտնել է ընկերության աշխատակիցներից մեկը:

Գիտնականները REGN-COV2 հակամարմինների արդյունքները համեմատում են կորոնավիրուսով հոսպիտալացված, ինչպես նաև թույլ արտահայտված ախտանիշներ ունեցող պացիենտների պլացեբո թերապիայի հետ:

Եգիպտոսում էլ հայտարարել են, որ հուլիսի 1-ից թույլատրվում է կորոնավիրուսից առավել քիչ տուժած երկրների քաղաքացիների մուտքը երկիր: Բացվելու են Շարմ էլ Շեյխ, Դահաբ, Հուրգադա և մի քանի այլ հանգստավայրեր:

Միևնույն ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ Աֆրիկայում համավարակի տարածումը, որը մինչ այս պահը կորոնավիրուսից ամենաքիչ տուժած աշխարհամասն էր, նոր թափ է հավաքում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930