«Թեստավորվել էի մայիսի 31-ին, եւ թեստավորումը ոչ թե ախտանշաններով էր պայմանավորված, այլ պատրաստվում էի աշխատանքային այց ունենայի: Զորամաս պետք է մտնեի, դրա համար թեստավորվեցի, եւ պարզվեց, որ դրական է»,-ԱԺ հատուկ նիստում այսօր պատասխանելով անկուսակցական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե մոտավոր որքան է տեւել վարակված լինելու գաղտնի շրջանը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց. «Երկրորդ թեստը եղավ լույս մեկի գիշերը, եւ հունիսի մեկին հայտարարեցի, որ ինձ մոտ հաստատվել է կորոնավիրուսը: Լույս մեկի գիշերն արդեն գիտեինք, որ բոլորս վարակված ենք: Հաջորդ կիրակի պատասխանը բացասական եղավ: Սա նշանակում է, որ ես դրանից եւս մեկ շաբաթ առաջ եղել եմ կորոնավիրուսով վարակված»:
Վարչապետի խոսքով. «Սա լավ բան չէ, որովհետեւ առանց ախտանշանների դեպքերը 14 օր անց բուժվում են: Եթե այս հաշվարկին հավատանք` ամսի 23-ից ես որեւէ վայրում առանց դիմակի չեմ եղել: Ում հետ շփվել եմ, նրանք չէին վարակվել, ինչն ապացուցում է, որ դիմակը եւ տարածություն պահելը որոշակի երաշխիք են, որ վարակը չփոխանցվի: Ենթադրաբար, բացի իմ ընտանիքի անդամներից, որեւէ մեկին չեմ վարակել, թեեւ շատ անհանգիստ էի նրանց համար, ում հետ այդ ընթացքում շփվել էի»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Շուշիում Արցախի նախագահի երդմնակալությանը հետեւած բացօթյա միջոցառմանը, որից մի աղմկոտ լուսանկար բավականին շատ քննարկվեց, Փաշինյանը շեշտեց՝ ինքը եղել է դիմակով, եւ հավաքը եղել է Արցախում գործող իրավական նորմերին համապատասխան. «Իմ կողքին եղել են աշխատակազմի ղեկավարն ու ԱԺ նախագահը, որոնք չեն վարակվել, պահպանվել է հեռավորություն»:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ կառավարության որոշմամբ արտակարգ դրության ժամկետն այսօր երկարեցվեց մինչեւ հուլիսի 13-ը, եւ օրենքի ուժով գումարվում է ԱԺ հատուկ նիստ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ