Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում հարցին, թե մեկուսացած անձանց ի՞նչ աջակցություն է տրամադրվում՝ պատասխանեց. «Խոսքը անաշխատունակության նպաստի մասին է: Այս իմաստով մենք քաղաքականության հետ կապված որեւէ խնդիր չունենք: Քննարկել ենք ու համաձայն ենք մոտեցման հետ: Որոշակի հաշվարկներ իրականացրել ենք ու դա շրջանառել ենք նաեւ շահագրգիռների շրջանում, որպեսզի վերջնական կարծիք ձեւավորվի»:
Հարցին՝ տնտեսվարողներ կան, որոնք կրկին պարապուրդի են մատնվել: Մասնավորապես, խոսքը Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մասին է, որը 2000-ից ավելի աշխատակից ունի, նրանք աջակցության ծրագրից օգտվել են, բայց հնարավո՞ր է, որ պետությունը անաշխատանք մնացած մարդկանց կրկին աջակցի՝ Զարուհի Բաթոյանը պատասխանեց. «Մեր քննարկումները շարունակվում են՝ սոցիալ-տնտեսական ծրագրերին ուղղված: Ելնելով իրավիճակից՝ այդ հնարավորությունները կքննարկվեն: Ավելացել է շահառուների քանակը, որոնք կարող են օգտվել աջակցությունից: Ծրագրերը տարբեր են, իրենց մասով հավանաբար ավելի շատ կարող են օգտվել տնտեսական ծրագրերից՝ գործատուի միջոցով»:
Հարցին՝ շատ են տեղեկությունները եւ մամուլում էլ շրջանառվում է այն մասին, որ ձեր աշխատակիցները նախարարությունում աշխատանքի են տեղավորվում, վերջերս գրվեց, որ ձեր տատիկի քրոջ թոռն է աշխատանքի տեղավորվել, տեղեկություն ունենք, որ ձեր քրոջ ամուսինը աշխատակազմի ղեկավարն է, ինչո՞ւ է այդպես ստացվում՝ Զարուհի Բաթոյանը պատասխանեց. «Իմ ազգականներից որեւիցե մեկը չի աշխատում նախարարությունում: Այն տեղեկությունները, որ իմ տատիկի քրոջ թոռն աշխատում է, այդ տեղեկությունը հերքվել է, սուտ է: Այդ բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է նրան, որ մեր աշխատակազմի քարտուղարի պարտականությունները կատարողը իմ քրոջ տեգրն է, այդ մասին դեռեւս մեկ տարի առաջ նաեւ քաղծառայողի գրասենյակը հրապարակում է իրականացրել: Համապատասխանում է ֆինանսական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի համար բոլոր պայմաններին: Դրա մասին տեղեկություններ եղել են եւ ինքը իմ ազգականը չի: Մնացած առումով բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»: Նախարարը հավելեց, որ շուտով այդ պաշտոնի թափուր հաստիքը համալրելու համար մրցույթ են հայտարարելու:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ