Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանն արդեն Արցախի կարգավիճակը որոշե՞լ է

Հունիս 12,2020 15:00

Աննախադեպ հակահայկական հայտարարություն՝ կոշտ ու ադրբեջանանպաստ արձանագրումներով

Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով Եվրախորհրդարանի համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն, Ժելենա Զավկոն, ինչպես նաեւ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարիա Կալյուրանդը համատեղ հայտարարությամբ են ընդունել՝ «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ նոր մայրուղու կառուցման» վերաբերյալ:

«Երրորդ մայրուղու շինարարությունը, որը կապելու է Հայաստանը եւ Արցախը, եւ որի մասին հայտարարվել էր նախորդ տարի, շուտով մեկնարկելու է: Ճանապարհային այս նոր ենթակառուցվածքը կապելու է Կապանը (Հայաստան) Հադրութի հետ (Լեռնային Ղարաբաղ)՝ անցնելով Կուբաթլիով եւ Ջաբրայիլով, որոնք օկուպացված են:

Սկզբունքորեն մենք աջակցում ենք այն ծրագրերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, կապին, մարդկանց շփումներին Արեւելյան հարեւանության տարածքում: Միեւնույն ժամանակ, մայրուղի կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության, ինչը միջազգային իրավունքի խախտում է:

Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրապնդել Լեռնային Ղարաբաղի եւ հարակից շրջանների անօրինական օկուպացիան: Հետեւաբար, մենք շատ ենք ափսոսում այս նախաձեռնության համար, այն բարենպաստ պայմաններ չի ստեղծում վստահության, խաղաղության եւ հաշտեցման համար»:

Այնուհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով Եվրախորհրդարանի համազեկուցողներն ու Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահը հավելում են. «Մենք եւս մեկ անգամ հաստատում ենք մեր անկոտրում աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ նրանց 2009թ.-ի հիմնական սկզբունքներին: Որպեսզի նրանց միջնորդությունը հաջողության հնարավորություն ունենա, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում հավատարիմ մնալ բանակցային գործընթացին՝ Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»:

Նախ, ինքնին փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով Եվրախորհրդարանի համազեկուցողների եւ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահի համար առիթ է հանդիսացել նման որակումներով հայտարարության ընդունմանն՝ արդեն իսկ արտառոց է: Այս հայտարարությունում Հայաստան-Արցախ նոր մայրուղու կառուցումը ուղղակիորեն ներկայացվել է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը հակասող մի նախաձեռնություն:

Ավելին՝ եվրախորհրդարանականները հարկ են համարել նույնիսկ շեշտել, որ մայրուղի կառուցելու որոշման համար հայկական կողմը Ադրբեջանի իրավասու մարմիններից համաձայնություն էլ պետք է ստանար, ուստի նրանք համարում են, որ դա միջազգային իրավունքի խախտում է:

Հետաքրքիր է, թե հայկական արտաքին գերատեսչությունը առհասարակ տեղյա՞կ էր նման հակահայկական ու միակողմանի գնահատականներով հայտարարության նախապատրաստության մասին: Եթե տեղյակ չէին՝ ինչո՞ւ: Եթե տեղյակ էին՝ ինչո՞ւ է նման ադրբեջանանպաստ տեքստ ընդունվել:

Այդ ո՞ր օրվանից է Եվրախորհրդարանը մի կողմից արձանագրում, որ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու 2009թ.-ի հիմնական սկզբունքներին, բայց Հայաստանի իշխանություններին կոչ անում հարգել Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը: Այսինքն՝ Եվրախորհրդարանն արդեն Արցախի կարգավիճակը որոշե՞լ է…

Ինչո՞ւ են հայկական կողմի «երեսին» նման տոնով ու բովանդակությամբ հայտարարություն խփում:

Կասկած չկա, որ նշյալ աննախադեպ հակահայկական հայտարարությունն իր կոշտ ու ադրբեջանանպաստ արձանագրումներով իրական վտանգ է եւ հետագայում պարարտ հող է նախապատրաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդունվելիք այլ փաստաթղթերի համար: Հայաստան-Արցախ նոր մայրուղու կառուցման վերաբերյալ հայտարարությունը, կարծես, առավելապես առիթ է Եվրախորհրդարանի համար ցույց տալու համար իր միանշանակ վերաբերմունքն ու դիրքորոշումը Արցախի հարցում, այն է՝ անվերապահ աջակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 12.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930