Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Խոսքը 10 մահճակալի մասին է, մրջյունը փիղ է դարձել». Արսեն Թորոսյանի արձագանքը՝ իր անձնական ամբիցիաների մասին քննադատություններին

Հունիս 12,2020 12:38

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ վաղ է խոսել կորոնավիրուսի անկման մասին. «Այսօր 612 նոր դեպք ունենք, ինչը ցածր թիվ չէ մեր նման երկրի համար: Մեր գործողությունները պետք է միգուցե է՛լ ավելի ինտենսիվորեն շարունակվեն հենց թվերի զսպման ուղղությամբ: Շատ են խոսում նոր մահճակալների մասին, վերակենդանացման մահճակալների, բժիշկների, թթվածնի մասին: Հարցը չի լուծելու: Հարցը լուծելու է միայն թվերի զսպումը՝ մեր բոլորի հավաքական վարքագծով, կոնկրետ թիրախային ուղղությամբ աշխատանքով: Դա կլինի նոր կանոններ տնտեսվարողների համար՝ ավելի պրակտիկ ու թարմացված, միգուցե սահմանափակումներ»:

Նախարարն ասաց, որ կանոնները կարեւոր են, բայց կարգապահությունն ու դրանց պահպանումը առավել կարեւոր է՝ սկսած դիմակ դնելու ձեւից, վերջացրած մյուս վարքագծային կանոններով՝ միմյանցից հեռու կանգնելը, պատուհան բացելը եւ այլն, ինչը բերելու է զսպման:

Արսեն Թորոսյանն ասաց, որ եթե վերջին օրերի դիմակային զսպումները չլինեին, դժվար է գնահատել՝ մենք այսօր 600 նոր վարակակիր կունենայի՞նք, թե՞ 800. «Օրինակ, 15 հազար դեպքի մենք պետք է հասած լինեինք ամսի 9-ին, բայց ենք հասել ենք ամսի 12-ին: Ինչը շատ լավ է, բայց էլի մեծ թիվ է»:

Հարցին՝ ի՞նչ է լինելու այն հիվանդների վիճակը, ովքեր երկկողմանի թոքաբորբով դուրս են գրվում հիվանդանոցներից՝ առանց թեստավորման՝ Արսեն Թորոսյանը խոսելով հիվանդների սորտավորման մասին՝ պատասխանեց. «Աշխարհում այդպես է, իրենք պետք է մնան կա՛մ տեղամասային բժշկի, թերապեւտի հսկողության տակ, կա՛մ եթե շատ թեթեւ են, իրականում ոչ մի հսկողության կարիք էլ չեն ունենալու: Պոլիկլինիկան եղել է տարիներ ի վեր թերուշադրության կենտրոնում, նրանց համար էլ հեշտ չի միանգամից շատ կարեւոր ֆունկցիա վերցնել, ժամանակ է պետք: Իհարկե, ինդիվիդուալ արձագանքման գործողություն է լինում, ինդիվիդուալ լուծումներ են տրվում»:

Լրագրողները փոխանցեցին քննադատություններն իր հասցեին՝ ասում են, որ դուք ձեր ամբիցիաների պատճառով չեք ուզել այս ամիսներին օգտագործել այն ռեսուրսը, որը տրամադրում է թիվ 1 համալսարանական կլինիկան, «Նաիրի» ԲԿ-ն՝ Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Եթե դուք խոսում եք 10 մահճակալի մասին 2200 մահճակալից, պատասխանն ակնհայտ է, ոչ մի անձնական ամբիցիա չկա եւ չի կարող լինել: Ամբողջ առողջապահական համակարգը ի սկզբանե ներգրավված է եղել՝ հատուկ սկզբունքների համապատասխան: Այո, պետք է լինեն բժշկական կենտրոններ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից՝ կենտրոնական որոշումների շնորհիվ: Սկզբունքն է այդպիսին՝ հակահամաճարակային եւ բուժական, առողջապահությունը միայն կորոնավիրուսով չէ, որ զբաղվում է: Խոսքը 10 մահճակալի մասին է, մրջյունը փիղ է դարձել: Խոսքը թիվ 1 հիվանդանոցի մասին է: Իսկ «Նաիրիին» ընդհանրապես որոշում է կայացվել, որ ինքը չի մասնակցելու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը եւ դա ճիշտ որոշում է եղել ու այդ որոշումը ուժի մեջ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել