Լրահոս
Օրվա լրահոսը

Անախտանիշ եւ ախտանիշներով վարակակիրների միջեւ տարբերությունները երբեմն անտեսանելիության աստիճան փոքր են. «Հայկական ժամանակ»

Հունիս 12,2020 12:51

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փորձ է արել պարզաբանել իր դիրքորոշումը անախտանիշ մարդկանց վարակի տարածման հավանական ծավալների մասին՝ ընդգծելով, որ շատ բան այս առումով մնում է անհայտ. հաղորդում է  The Washington post պարբերականը:

Երկուշաբթի ԱՀԿ-ի Նոր հիվանդությունների եւ կենդանիների հետ կապի բաժանմունքի վարիչ Մարիա վան Կերխովեն նշել էր, որ կորոնավիրուսի անախտանիշ վարակակիրների վարակի փոխանցումը «շատ հազվադեպ» է, իսկ այս հայտարարության տարընկալումները անվանել էր «սխալմունք»: Կերխովեի հայտարարության շուրջ երկու օր է՝ բուռն գիտական բանավեճեր են ընթանում՝ ընդգրկելով բժշկագետների ու հետազոտողների նոր խմբեր եւ մնալով հանրության ուշադրության կենտրոնում:

ԱՀԿ-ն դեռ որեւէ որոշակի պատասխան չի տվել այս հարցերին՝ կրկնելով, որ վարակի մասին շատ բան դեռ չգիտենք: Իր հաղորդագրության մեջ կազմակերպությունը նշում է՝ որքան հեշտ է քաղաքականացնել ամիսների պայքարը համավարակի դեմ:

Այս հակասական ընկալումներն անվանելով «թյուրիմացություն»՝ Մարիա վան Կերկովեն երեկ բացատրել է, որ երկուշաբթի օրվա ասուլիսում ինքը փորձել է պատասխանել լրագրողի հարցին՝ նշելով, որ «անախտանիշ վարակակիրների վարակի փոխանցումը շատ հազվադեպ է»:

«Ես չեմ խոսել ԱՀԿ-ի քաղաքականության մասին կամ որեւէ նման բան,- ասել է նա:- Մենք գիտենք, որ վարակն առանց ախտանիշների կրող որոշ մարդիկ կարող են փոխանցել վիրուսը»:

«Անախտանիշ փոխանցում» տեղի է ունենում, սակայն ոչ ոք հաստատ չգիտի, թե որքան հաճախ, քանի որ վարակվածներից շատերն էլ ախտանիշ չեն ունենում, եւ բաց է մնում այս՝ փոխանցման ծավալի մասին հարցը:

Որոշ երկրներ, որ օգտագործում են կոնտակտավորների հետագիծը՝ վարակի փոխանցման հետ հետադարձ աշխատանք կատարելու համար, ինչպես նշել են ԱՀԿ պաշտոնյաները, անախտանիշ շատ վարակակիր չեն գտնում: Միեւնույն ժամանակ, երեկ նրանք խոստովանել են, որ որոշ մոդելներով ուսումնասիրելիս կարելի է եզրահանգել, որ վարակի փոխանցման 41 տոկոսը կարող է պայմանավորված լինել անախտանիշ մարդկանցով:

Անախտանիշների վարակի փոխանցման «շատ հազվադեպ» լինելու հայտարարությունը քննադատել են մի խումբ գիտնականներ՝ նշելով, որ ԱՀԿ-ին պետք է պատասխանատվության ենթարկել՝ նման բանի մասին «այդքան հստակ խոսելու» համար, քանի որ այն կարող է ոչնչացնել նախազգուշական միջոցներ ձեռնարկելու եւ դրանց հետեւելու հանրության պատրաստակամությունը:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի՝ CDC-ի խոսնակ Սքոթ Պաուլին երեկ կրկնել է դիմակներ կրելու անհրաժեշտության մասին դիրքորոշումը: «Մենք գիտենք, որ առանց ախտանիշների որոշ մարդիկ կարող են տարածել վարակը: Այդ իսկ պատճառով այնպիսի միջոցառումներ, ինչպիսին հասարակության մեջ դեմքը մի կտոր կտորով ծածկելն է, բավական կարեւոր են»:

Ամփոփենք. բազմաթիվ քննադատությունների ու քննարկումների առիթ դարձած հարցի պատասխանում չի ասվել, որ անախտանիշ վարակակիրները փոխանցող չեն. Վան Կերկովեն ասել է, որ որոշ երկրներում շփման հետագծի նախնական չհրապարակված տվյալները ենթադրում են, որ դա ավելի հազվադեպ է, քան կարծում էին: Նա հղում է կատարել մի փաստաթղթի, որ 100 մարդու նմուշի հետազոտության արդյունք է. անկասկած, հետազոտության նման ծավալը համաշխարհային վարակի դեմ պայքարի ռազմավարության փոփոխության հիմքում դրվել չի կարող: Անշրջանցելի խնդիր է նաեւ այն, որ անախտանիշ եւ ախտանիշներով վարակակիրների միջեւ տարբերությունները երբեմն անտեսանելիության աստիճան փոքր են, ըստ այդմ՝ դժվար է հստակ անցկացնել վտանգավորության եզրագիծը:

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930