Այսօր կառավարությունն արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննարկելու արտակարգ դրության երկարաձգման հարցը: Մինչ օրակարգին անցնելը՝ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ նախորդ օրն իրականացվել է 2297 հետազոտություն, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 628 նոր դեպք, 173 մարդ էլ առողջացել է, 13 մարդ՝ մահացել:
Փոխնախարարի խոսքով, ունենք կորոնավիրուսով վարակված մոտ 7 հազար քաղաքացիներ, որոնք մեկուսացված են եւ գտնվում են տնային հսկողության տակ. «Մնացած 1800-ը գտնվում են հիվանդանոցային պայմաններում: Դրանցից 425 ծանր դեպք ունենք, 100 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում եւ 23 հոգու միացված է արհեստական շնչառական ապարատ»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ նշելով, որ այդ թվերը արտացոլում են այն պատկերը, թե 7-ից 14 օրվա ընթացքում ինչպես են պահվել հակահամաճարակային կանոնները. «Մի քանի օր պոզիտիվ ազդակներից հետո, մենք նկատում ենք, որ, երբ թվերի որոշակի նվազում է տեղի ունենում, մենք հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակի կտրուկ իջեցում ենք արձանագրում, սա լուրջ խնդիր է»:
Կարդացեք նաև
Փաշինյանն ասաց, որ պետք է լուրջ մեխանիզմներ գտնեն՝ զբաղվելու այն մարդկանցով, որոնք տարածում են, թե կորոնավիրուսը սուտ է, միֆ է. «Նաեւ պետք է տեղորոշենք այդ մարդկանց, հասկանանք նրանց նպատակը, գործունեության շարժառիթները եւ կապերը եւ սա կարող է մեզ որոշակի հետեւություններ անելու տեղ թողնի: Սրանով պետք է զբաղվեն նաեւ օպերատիվ հնարավորություններ ունեցող մեր մարմինները, որպեսզի մենք կարողանանք այստեղ եւս եզրակացությունների գալ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ