Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոչ մի տարօրինակ բան, երբ մարդիկ իրենց համար որոշումներ են կայացնում, դրանում չեմ տեսնում». Ջանջուղազյան. «Հրապարակ»

Հունիս 12,2020 11:32

Բոլոր ժամանակների եւ բոլոր կառավարությունների ամենահաստատուն մեծություն՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չի բացառում, որ մի օր ինքն էլ կարող է հրաժարական տալ, ինչպես հրաժարական տվեց ու հեռացավ իր վաղեմի գործընկեր, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ինչպես հեռացավ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, կամ ինչպես իրենց պաշտոններից ազատվեցին ուժայինների ղեկավարները։ Բայց սա՝ զուտ տեսականորեն։ Ջանջուղազյանը դժվարանում է պատասխանել, թե ինչու հեռացան Անանյանն ու մյուսները, կամ ինչու պետք է մի օր էլ հեռանա ինքը։

Չի կարողանում, որովհետեւ տրամաբանություն չկա, հանրությանն այդպես էլ անհայտ են մնում պատճառները, թե ինչու են կառավարության անդամներն անսպասելիորեն ազատման դիմում գրում եւ հեռանում։ Ուստի, նույն «տրամաբանությամբ», մի օր էլ կարող է Ջանջուղազյանը հեռանալ՝ չդիմանալով այս կառավարության «պերճանքին» եւ Նիկոլ Փաշինյանի հակասական գործելաոճին, կամ էլ մի օր հայտնվի Փաշինյանի զայրույթի կիզակետում եւ հեռացվի՝ առանց դիմում գրելու։ Բայց Ջանջուղազյանը հին «կոճղ» է՝ աշխատում է վարչապետին չզայրացնել, մեր հարցերին էլ երեկ շատ հանդարտ ու իրեն բնորոշ «անթաքույց» ժպիտով էր արձագանքում՝ սիլլոգիստական հարցադրումներով համեմված։

– Պարոն Ջանջուղազյան, Ձեզ համար պա՞րզ էր, թե ինչու հեռացավ Դավիթ Անանյանը, որի հրապարակած տեքստում հստակ պատճառաբանություն չկար։

– Կարծում եմ՝ առնվազն տարօրինակ է էդպիսի հարց ուղղելն ընդհանրապես, ենթադրում եմ, որ այդ հարցի ճիշտ հասցեատերն այն մարդն է, որը որոշում է կայացրել։

– Տարօրինակ չէ՞ Ձեզ համար, որ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները հերթով հրաժարական են տալիս ու հեռանում՝ Էրիկ Գրիգորյան, Դավիթ Անանյան, ուժայինների ղեկավարներ, այլ պաշտոնյաներ եւս։

– Ես ոչ մի տարօրինակ բան, երբ մարդիկ իրենց համար որոշումներ են կայացնում, դրա մեջ չեմ տեսնում։

– Հնարավո՞ր է մի օր էլ Դուք հրաժարական տաք։

– Բացարձակ բանի մասի՞ն եք հարցնում, թե՞ ընդհանրապես։

– Այս կառավարության օրոք։

– Ընդհանրապես, ինձ զարմացնում է, որ էդպիսի հարց է Ձեզ մոտ ծագում։ Հնարավո՞ր է, որ Դուք էլ, օրինակ, ինչ-որ բան անեք, ենթադրենք՝ այնտեղ, որտեղ հիմա աշխատում եք, դադարեք աշխատել։ Ես Ձեր փոխարեն կպատասխանեմ՝ իհարկե, հնարավոր է։ Այսինքն՝ Դուք նկատի ունեք ի՞նչ, երբ որ էդ հարցը տալիս եք, ասում եք՝ հնարավո՞ր է։ Իսկ ի՞նչն է անհնար, որ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930