Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ջավադյան. Մենք շատ ավելի լավ պատրաստվեցինք այս ճգնաժամին, քան պատրաստ էինք նախկինում. «Հայկական ժամանակ»

Հունիս 12,2020 11:12

Վաղվանից Մարտին Գալստյանը կստանձնի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը՝ փոխարինելով այն շուրջ 12 տարի ղեկավարող Արթուր Ջավադյանին։ Նա երեկ վերջին անգամ էր այդ կարգավիճակում մասնակցում ՀՀ Կառավարության նիստին: Ջավադյանը պաշտոնը լքեց Կառավարության անդամների ծափերի ներքո: ՀՀ վարչապետը նրա ղեկավարման տարիները անվանեց բուռն՝ նկատելով, թե Կենտրոնական բանկն իրեն դրսեւորել է որպես գործունակ կառույց՝ ապահովելով ֆինանսական համակարգի եւ գների կայունությունը Հայաստանի Հանրապետությունում: Վարչապետը նշեց, որ Ջավադյանը կշարունակի ներգրավված մնալ ընդհանուր գործերում, եւ առաջիկայում այդ մասին որոշումներ կկայացվեն։

«Հայկական ժամանակ»-ին տված բացառիկ հարցազրույցում Արթուր Ջավադյանը խոսել է կորոնավիրուսի, Կենտրոնական բանկի աշխատանքի եւ հետագա պլանների մասին։

Պարո՛ն Ջավադյան, Ձեր պաշտոնավարման տարիներին Հայաստանում եւ աշխարհում, ըստ էության, 2 ճգնաժամային իրավիճակ է արձանագրվել՝ 2008-ին եւ հիմա։ Եթե համեմատականներ տանենք դրանց միջեւ, ապա ո՞րն էր, ըստ Ձեզ, ավելի մեծ ճգնաժամ ֆինանսական առումով, եւ որի՞ ժամանակ ենք գոնե այս պահին ունեցած հաշվարկներով ավելի մեծ կորուստներ ունեցել։

– Կորոնավիրուսով պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամը կարծում եմ՝ շատ ավելի ծանր հետեւանքներ կունենա համաշխարհային տնտեսության համար, քան եղել է նույնիսկ 2008-ին։ Մենք, իհարկե, մի ճգնաժամային իրավիճակ էլ ունեինք 2014-15 թվականներին, բայց դա ավելի ռեգիոնալ ճգնաժամ էր եւ համաշխարհային տնտեսությանն այդքան չէր վերաբերում, ինչքան ԱՊՀ երկրներին։ Այս ճգնաժամի առանձնահատկությունն այն է, որ մենք արդեն սովորել էինք այն դասերը, թե ինչ պետք է անել ճգնաժամային իրավիճակում, մենք ունեինք արդեն կայացած հակաճգնաժամային մենեջերներ, որոշումների կայացման բիզնես պրոցեսներ ու նաեւ փորձ։ Այդ ամեն ինչից ելնելով՝ մենք շատ ավելի լավ պատրաստվեցինք այս ճգնաժամին, քան պատրաստ էինք նախկինում։ Հատկապես առաջին ճգնաժամի ժամանակ մեզ թվում էր, թե ամեն ինչ Հայաստանի կողքով է անցնելու, բայց հետո խոր տնտեսական անկում ունեցանք, ավանդների արտահոսք, ոչ այդքան բարվոք վիճակ վարկային համակարգում:

Այս անգամ շատ ավելի հանգիստ էինք, քանի որ կար մի առանձնահատկություն. դա անորոշությունն է։ Այդ անորոշությունը մինչեւ հիմա էլ կա, եւ ոչ ոք չգիտի, երբ է ավարտվելու, ինչ հետեւանքներ է ունենալու, եւ ինչպես պետք է դուրս գանք սրանից։ Այս ճգնաժամն ինքն իրենով շատ ավելի վտանգավոր է, բայց մենք շատ ավելի պատրաստ ենք այն հաղթահարելու, ավելին՝ ոչ միայն մենք, այլեւ շուկայի մասնակիցները՝ բանկերը։ Բանկերն ունեն բուֆերներ, լավ կապիտալիզացված են, վիճակները լավ է, եւ այս առումով կարծում եմ, որ մեր խնդիրները շատ ավելի քիչ են։ Բայց այս ամենը կախված է մի քանի գործոնից, ամենակարեւորը, թե ինչքան դեռ կտեւեն կորոնավիրուսի ստեղծած վայրիվերումները։ Որովհետեւ բոլորի մոտ զգացողություն կա, որ սա շուտ չի ավարտվի։ Անշնորհակալ գործ կլինի, որ ինչ-որ մեկը կանխատեսի, թե, օրինակ, նոյեմբերին է լինելու երկրորդ ալիք կամ հակառակը։

Այն ինչ մեր երկրում է կատարվում, այդ սցենարն արդեն մի քանի երկրում կա։ Հիմա մեզ նոր լուրեր են հասնում, որ մեր հարեւան երկրում՝ Իրանում, իրավիճակը լավ չէ։ Ասիական երկրներում՝ Հնդկաստանում է սանիտարական նորմերի պահպանումը բարդ։ Դեռ հարց է, թե առողջապահական առումով վիրուսի դեմն առած երկրների հաջորդ քայլն ինչ է լինելու, քանի որ այդ երկրները բացել են իրենց սահմանները։ Ես չեմ կարծում, որ մենք մեծ սխալներ ենք արել։ Իրավիճակն այսօր վերահսկելի է ֆինանսական ոլորտում եւ մեր տնտեսությունում, բայց, իհարկե, ամեն ինչ կախված է սրա տեւողությունից։

Ըստ Ձեզ՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների միջոցառումների իրականացման շրջանակներում ԿԲ-ն օգտագործե՞լ է իր ունեցած ամբողջ պոտենցիալը, թե՞ դեռ կլինեն աջակցության նոր միջոցառումներ։

– Կենտրոնական բանկի պոտենցիալը բավականին մեծ է, ու ամբողջն օգտագործելու կարիք չկա։ Մենք օգտագործել ենք առաջին հերթին պրուդենցիալ գործիքներ, որ թույլ չտանք ապագայում ինչ-որ խնդիրներ լինեն բանկային համակարգում։ Երկրորդը՝ մենք սկսել ենք պատրաստվել այս ճգնաժամին ոչ թե կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո, այլ շատ ավելի շուտ, քանի որ նոր բուֆերներ, նոր գործիքներ ենք մտցրել, մեր բանկային համակարգն էլ բավականին բարվոք վիճակում է գտնվում։ Կարելի է ասել, որ մենք ունենք 17 առողջ, նորմալ առեւտրային բանկ։ Հետաքրքիր բան ասեմ՝ ներդրողների կողմից նույնիսկ այս պայմաններում հետաքրքրություն կար մեր բանկային համակարգի նկատմամբ։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930