Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան ուզում է «քաղաքավարի» ձևով վերցնել կենսալաբորատորիաներն իր ենթակայության տակ. «Ժամանակ»

Հունիս 12,2020 11:01

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 11-ին ունեցած ասուլիսի ընթացքում անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ օժանդակությամբ ստեղծված կենսալաբորատորիաների շուրջ հայ-ռուսական համաձայնագրին՝ հույս հայտնելով, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ: Նա նշել է, որ գործընթացը դանդաղել է կորոնավիրուսի պատճառով: Իրականում, սակայն, գործընթացի ձգձգման պատճառն այն է, որ կողմերը չեն գալիս բովանդակության շուրջ համաձայնության, ինչը, թերևս, նշանակում է, որ Ռուսաստանը դնում է Հայաստանի համար անընդունելի պայմաններ: Խոսքն ինչպես հայտնի է՝ ԱՄՆ օգնությամբ կառուցված լաբորատորիաների մասին է, որպիսիք կան հետխորհրդային մի քանի երկրներում: Բայց Ռուսաստանը բավականին սևեռված է Հայաստանի հարցում, կասկածներ հայտնելով պարբերաբար, որ այնտեղ կատարվում են իր համար վտանգավոր մշակումներ: Երևանը պարբերաբար հերքում է դրանք և հայտնում պատրաստակամություն թույլ տալ ռուսաստանցի մասնագետների մուտքը լաբորատորիաներ՝ համոզվելու, մոնիթորինգի համար, որ չկա որևէ սպառնալից բան ՌԴ համար: Երևանը շեշտում է, որ դրանք կառուցվել են ամերիկյան օգնությամբ, բայց Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:

Ռուսաստանը, սակայն, պարբերաբար պնդում է կասկածները, ինչը կասկածի կամ եզրակացության տեղիք է տալիս մեր հերթին, այն իմաստով, որ Մոսկվան պարզապես ուզում է «քաղաքավարի» ձևով վերցնել այդ լաբորատորիաները իր ենթակայության տակ: Դեսպան Կոպիրկինն ինչ-որ իմաստով մատնել է դա՝ նշելով, թե համաձայնագրի հարցի լուծումը բարերար կազդի Հայաստանի, Ռուսաստանի և ամբողջ հետխորհրդային տարածքի սանիտարական, համաճարակային վիճակի վրա: Ի՞նչ կապ ունի այստեղ ամբողջ հետխորհրդային տարածքի սանիտարական վիճակը, կամ ՌԴ սանիտարական վիճակը, եթե խոսքը Հայաստանի լաբորատորիաների մասին է: Դա ուղիղ վկայում է, որ Մոսկվան դնում է ոչ միայն ստուգելու, մոնիթորինգի, այլ ուղղակի դե ֆակտո տնօրինելու խնդիր: Այլ կերպ ասած՝ խնդիրը Հայաստանի ինքնիշխանությունն է, ինչպես միշտ:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930